ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում

Սրբազան հայրեր,
Մեծարգո կոնգրեսականներ,
Հարգարժան պարոն դեսպան
Սիրելի հայրենակիցներ
Ինձ համար չափազանց պատվաբեր է այսօր գտնվել այստեղ` Միացյալ Նահանգների Կոնգրեսում եւ այսքան պատվարժան մարդկանց հետ միասին նշանավորել մեր ժողովրդի համար գլխավոր տոներից մեկը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 19 տարեդարձը:

Եվ, ամենից առաջ, կուզենայի ձեզ բոլորիդ փոխանցել մեր ժողովրդի եւ իշխանությունների ամենաջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:

Ուզում եմ նաեւ երախտագիտություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին` Կոնգրեսի հայկական հարցերով խմբին, իհարկե, անհատապես, պարոնայք Ֆրենկ Փալլոունին ու Մարկ Կըրքին,  եւ նրան աջակցած կառույցներին` ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության դիվանագիտական առաքելությանն ու հայ-ամերիկյան բոլոր այն կազմակերպություններին, որոնք մտահղացել ու կազմակերպել են այս ընդունելությունը:

Մեզ համար այսպիսի վերաբերմունքն անակնկալ չէ: Միացյալ Նահանգներն այն երկիրն է, որ դեռեւս խորհրդային տարիներին Ղարաբաղի հարցի լուծումը կապում էր նրա բնակչության կամքի ազատ արտահայտման հիման վրա ընդունելիք որոշումների հետ եւ խորհրդային կառավարությանը հորդորում զերծ մնալ բռնություններից:

Ցավոք, այդ կոչը խորհրդային իշխանությունների կողմից արժանի արձագանք չգտավ: Ավելին, հենց ԽՍՀՄ իշխանությունների թողտվությամբ Ադրբեջանը դիմեց բիրտ ուժի եւ փորձեց իր հայրենի հողից` Լեռնային Ղարաբաղից տեղահանել բացարձակ մեծամասնություն կազմող հայ բնակչությանը:

Պետք է ափսոսալ, որ միջազգային հանրությունը, զբաղված լինելով միջուկային անվտանգության եւ ԽՍՀՄ փլուզման հետեւանքով հետխորհրդային տարածքում տնտեսական կոլապսի հաղթահարման հարցերով, հավուր պատշաճի չգնահատեց Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը:

Այդուհանդերձ, Միացյալ Նահանգներն ընդունեց Ազատության աջակցության ակտի 907 ուղղումը: Դրանով, ըստ էության, Ադրբեջանը ճանաչվեց ազատությունը ճնշող երկիր եւ զրկվեց ԱՄՆ կառավարության ուղղակի ֆինանսական աջակցությունից:

Այդ որոշումը բխում է Միացյալ Նահանգների կառավարության մարդասիրական վերաբերմունքից: Ազատությունը եւ արժանապատվությունը ձեր նախնիների կառուցած եւ ձեր անմիջական ջանքերով հեղինակություն վայելող երկրում բարձրագույն արժեքներ են:

Ես ուրախ եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի ամերիկյան ընկալումը նույնպես խարսխվում է այդ արժեքների գերակայության վրա, ինչի վկայությունն է նաեւ այս միջոցառումը:

Մենք Լեռնային Ղարաբաղում կառուցում ենք ժողովրդավարական պետություն: Դա ազատ քաղաքացիների կամավոր ընտրություն է, ինչն  արտահայտվել է երկու հանրաքվեով:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ստեղծվում էր ՄԱԿ-ը, աշխարհի ինքնիշխան պետությունների թիվը մի քանի տասնյակ էր: Այսօր Միավորված Ազգերի Կազմակերպության անդամների թիվը մոտենում է երկու հարյուրի: Եվ դա տեղի է ունեցել ինքնորոշման իրավունքով, որը միջազգային հարաբերությունների անկյունաքարն է:

Հակառակ դեպքում չէր փլուզվի գաղութային համակարգը, պատմության թատերաբեմից չէր հեռանա Խորհրդային Միությունը, չէր կազմալուծվի Հարավսլավիայի միութենական հանրապետությունը եւ աշխարհի քարտեզի վրա չէին հայտնվի նորանկախ պետություններ:

Դա պատմական օրինաչափություն է:

Նախկին աշխարհակարգը կառուցված էր ուժի իրավունքի վրա: Եվ պատահական չէր, որ նախագահ Ռեյգանը Խորհրդային Միությունն անվանել էր ՙչարիքի կայսրություն՚:

Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ խորհրդային համակարգի ողջ անկատարությունը, նրա պատմական դատապարտվածությունը երեւակվել է հենց Լեռնային Ղարաբաղում:

Մեզ այլ ճանապարհ չէր մնում, քան ընտրություն կատարել բռնատեղահանման եւ ինքնապաշտպանության միջեւ: Մենք ընտրեցինք երկրորդը եւ ստիպված եղանք ներքաշվել Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմի մեջ:

Այդուհանդերձ, միջնորդների ջանքերով 1994թ. մայիսին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հաստատվել է հրադադար: Շարունակվում են բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: Եվ, օգտվելով առիթից, թույլ տվեք մեր երախտագիտությունը հայտնել Միացյալ Նահանգներին, որը Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի հետ իր վրա է վերցրել ԼՂ հարցի խաղաղ կարգավորման միջնորդությունը:

Զուգահեռաբար Միացյալ Նահանգների կառավարությունը հենց Կոնգրեսի անմիջական ջանքերով ամենամյա ուղղակի տնտեսական աջակցություն է ցուցաբերում իմ ժողովրդին: Մեզ համար դա չափազանց գնահատելի է նախ եւ առաջ որպես վերաբերմունք:

Մենք ունենք լուծման սպասող բազմաթիվ խնդիրներ: Վերջին տարիների տնտեսական նախաձեռնություններում զգալիորեն աճել է  հայկական սփյուռքի, որի մի ստվար հատվածը Միացյալ Նահանգների քաղաքացիներն են, մասնակցությունը: Մենք նաեւ բարձր ենք գնահատում ԱՄՆ-ում գործող հայկական բոլոր կազմակերպությունների համակողմանի ջանքերն Արցախի օգտին:

Այսօր մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման հերթական տարելիցի տպավորությամբ: Ես վստահեցնում եմ, որ ինչպես արդեն հեռավոր դարձող 1991 թվականին, այնպես էլ այսօր իմ ժողովուրդը միայն արժանապատիվ եւ խաղաղ կյանք է ցանկանում իր հայրենիքում` հանուն ներկա եւ ապագա սերունդների բարօրության:

Հենց այդ նպատակադրությունն է մեզ առաջնորդել նախորդ 19 տարիներին, եւ Արցախի հայության համառ ու ստեղծագործ աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է կառուցել իրական ժողովրդավարական երկիր` պետական ինստիտուտների կուռ համակարգով, որը ձգտում է տնտեսական ինքնաբավության: Արցախի Հանրապետությունը,  իշխանությունների ձեւավորման կայացած ընտրական համակարգով, բազմիցս ապացուցել է իր կենսունակությունը:

Եվ այդ ամենը մենք ստիպված ենք եղել իրականացնել հիմնականում սեփական ուժերով, առանց արտաքին ֆինանսական լայնածավալ օժանդակության, իհարկե, ունենալով Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի մեր հայրենակիցների համակրանքն ու համակողմանի աջակցությունը:

Արցախի պետությունը, որ ձգտում է միջազգային ճանաչման, ոչ միայն գիտակցում է իր բաժին պատասխանատվությունը Հարավային Կովկասի անվտանգության եւ կայունության պահպանման գործում, այլեւ ուժերի գերլարումով դիմակայում է տարածաշրջանի փխրուն ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու մեր ընդդիմախոսների ջանքերին:

Խաղաղության եւ համագործակցության մեր ձգտումներն անկեղծ են: Մենք պատրասատ ենք անցնել ճանապարհի մեր բաժինը, որքան էլ այն դժվար պատկերվի:

Բայց դեպի խաղաղություն եւ համերաշխություն ճանապարհը չի կարող լինել միակողմանի: Որեւէ հանգրվանի հասնելու համար պետք է լինի նաեւ հանդիպակաց քայլ: Ցավոք, մենք Ադրբեջանի կողմից նման կամք չենք տեսնում:

Դժբախտաբար, մեզ շարունակում են ահաբեկել պատերազմի վերսկսման հեռանկարով: Դա անհանդուրժելի վերաբերմունք է: Ուզում եմ հավատացած լինել, որ տարածաշրջանում փխրուն խաղաղության պահպանման մասին մտահոգություններում միջազգային հանրությունը, ի դեմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահության, կատարելապես անկեղծ է:

Լեռնային Ղարաբաղում մենք գտնում ենք, որ իրավիճակի այլընտրանքը ոչ թե նոր լարվածությունն է, այլ` համբերատար եւ նպատակային երկխոսությունը, որպեսզի հակադիր պատկերացումների միջեւ գգտնվի փոխադարձաբար ընդունելի ընդհանուր հայտարարը:

Դրան հասնելու համար անհրաժեշտ է ապագան կանխածրագրող նախաձեռնություններում առաջնահերթությունը տալ խաղաղության պահպանմանը եւ  համամարդկային արժեքներին:

Այդ դեպքում մենք կկարողանանք հարթել կնճիռները եւ հասնել տարածաշրջանի ոչ միայն տնտեսական ու կոմունիկացիոն, այլեւ սոցիալական ու հումանիտար ինտեգրման:

Հաջորդ տարիների համար անչափ կարեւոր է, որպեսզի բոլոր այն կառույցներն ու կենտրոնները, որոնք գիտակցում են Հարավային Կովկասում   համամարդկային արժեքների հաստատման հրատապությունը` ուշադրության կենտրոնում պահեն հետեւյալ առաջնահերթությունները.

-խաղաղության պահպանումը տարածաշրջանում, ինչը հնարավոր է միայն հակամարտող կողմերի սպառազինությունների աճի  վերահսկմամբ, ինչպես նաեւ վստահության միջոցների հաստատմամբ;

-տնտեսական օգնության շարունակումն Արցախի համար հույժ կարեւոր խնդիրների լուծման նպատակով, հասնելով դրա ընդլայնմանը եւ արդյունավետության բարձրացմանը;

-Արցախի Հանրապետության անկախության ամրապնդման, նրա միջազգային ճանաչման ուղղությամբ գործնական աշխատանքը:

Արցախը հակված է դեպի խաղաղություն, համագործակցություն եւ  հանդուրժողականություն:  Լիահույս եմ, որ այդ ճանապարհին, ընդհանուր արժեքային համակարգի հիմքով, մենք կունենանք Միացյալ Նահանգների ժողովրդի եւ նրա կառավարության ու Կոնգրեսի աջակցությունը:

Խոսքիս ավարտին կրկին իմ, Արցախի իշխանությունների եւ խորհրդարանի անունից երախտագիտություն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոնի առթիվ հրավիրված այս միջոցառման կազմակերպիչներին եւ բոլորիդ, որ պատվեցիք միջոցառումը ձեր ներկայությամբ:

Միացյալ Նահանգների ժողովրդին եւ իշխանություններին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն եւ զորություն` պաշտպանելու ազատության, արդարության եւ հավասարության վեհ գաղափարները:

Եվ թող Աստված պահի ձեր երկիրը եւ Արցախի Հանրապետությունը:

Շնորհակալություն:

28 սեպտեմբերի, 2010թ.