«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը
– Ձևավորվող Զանգեզուրի միջանցքը, որը հայտնի է նաև որպես TRIPP կապի երթուղի, կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային կենտրոնի և նոր հնարավորություններ կստեղծի Եվրասիական տարածաշրջանում առևտրի, ներդրումների և արդյունաբերական համագործակցության համար: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահը՝ Բաքվում անցկացվող Ադրբեջանի II միջազգային ներդրումային համաժողովում: Պարո՛ն Ղևոնդյան, ինչո՞ւ է Ալիևը շարունակում կիրառել «Զանգեզուրի միջանցք» տերմինը:
– Վերջին շրջանում Ադրբեջանի խոսույթն ակնհայտորեն կոշտացել է Հայաստանի նկատմամբ, ինչը կարելի է գնահատել տարբեր տրամաբանությունների մեջ, ամենահավանականն այն է, որ Ադրբեջանը փորձում է կառավարելիությունից դուրս չթողնել խաղաղության գործընթացը, այս պահին այն որոշակիորեն արգելակել, հավանաբար գտնում են, որ չափից դուրս արագ է ընթանում այդ գործընթացը: Բացի այս, չի կարելի նկատի չունենալ այն զարգացումները, որոնք տեղի ունեցան, օրինակ՝ Հաջիևի այցն ու դրան հետևած զարգացումները, որոնք տեղի ունեցան Պուտին-Ալիև հեռախոսազրույցից անմիջապես հետո: Շատ հնարավոր է, որ Ադրբեջանը, գործընթացը խաղարկելով, որոշակի դիվիդենտներ է ստանում նույն Ռուսաստանից:
Դիցուք՝ եթե խաղաղության գործընթացում պետք է հասնենք ինչ-որ կետի, այդ կետը մի փոքր ձգձգի, ենթադրենք, սեպտեմբերին չհասնենք այդ կետին, այլ՝ հունվարին, հունվարին Հայաստանի համար ավելի բարդ կլինի, որովհետև Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի բարդ վիճակում կլինեն, գուցե մենք մի փոքր ավելի շատ զիջումների գնանք, միևնույն ժամանակ. գուցե Ռուսաստանից էլ ինչ-որ բան հնարավոր լինի կորզել այդ կետը հետաձգելու դիմաց: Այսինքն՝ սա խաղ է, որտեղ Ադրբեջանն ունի լծակներ ու օգտագործում է: Թե այդ ձգձգումը, բացի Ադրբեջանից, ո՛ւմ է ձեռնտու, իհարկե, այստեղ տարբերակները կարող են շատ լինել, բայց, փաստացի, գործընթացի տրամաբանությունը դա է հուշում:
– Է՞լ որ երկրներին է ձեռնտու գործընթացի ձգձգումը:
– Ասացի արդեն, հայ-ռուսական հարաբերությունները լավ վիճակում չեն, և գիտենք, որ Ռուսաստանը սպառնում է գազի թանկացմամբ, իսկ այդտեղ Հայաստանը կարող է կրկնակի խնդիրների մեջ հայտնվել: Այսօր գործընթացն առաջ չի գնում, Ռուսաստանը շանտաժ է անում, Հայաստանն ավելի բարդ վիճակում կլինի ու կարող է ավելի մեծ զիջումների գնալ: Կարևոր չէ, թե այդ զիջումները ո՛ր ուղղությամբ կլինեն՝ Ռուսաստանի՞, թե՞ Ադրբեջանի, իհարկե Ադրբեջանը հույս ունի, որ այդ զիջումները լինելու են իրենց ուղղությամբ: Այսինք՝ սա խաղ է, որտեղ կարող են Ռուսաստանի ու Ադրբեջանի շահերը համընկնել, նրանք չեն հապաղում օգտվել այդ շահերը համընկնելու հնարավորությունից: Սա չի նշանակում, թե Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, Ադրբեջանն ուզում է խաղաղություն, բայց այդ գործընթացում ուզում է այնպես անել, որ հնարավորինս շատ ստանա:
– Պարո՛ն Ղևոնդյան, փաստորեն համակարծիք չե՞ք այն տեսակետին, որ Ադրբեջանն իրականում Հայաստանի հետ խաղաղություն չի ուզում:
– Իհարկե համակարծիք չեմ, ակնհայտ է, որ Ադրբեջանն ուզում է խաղաղություն, ակնհայտ է, որ Ադրբեջանն դրանից շատ մեծ օգուտներ քաղելու հնարավորություն ունի, բայց Ադրբեջանը խաղաղություն ուզում է մինչև որոշակի կետ, եթե այդ կետն իրենց շահերին դեմ լինի, բնականաբար գործընթացը չեն շարունակելու: Ես չեմ կարծում, թե մենք հասել ենք այդ կետին, կարծում եմ, որ բավական մեծ ճանապարհ կա, մինչև հասնենք այդ կետ, որից հետո Ադրբեջանը խաղաղություն չցանկանա: Բայց գործընթացն ինքնին ունի տրամաբանություն, ու Ադրբեջանը փորձում է այդ գործընթացը ծառայեցնել իր շահերին:
– Նիկոլ Փաշինյանը ելույթը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում, ձեր ասած այդ տրամաբանության մե՞ջ էր, երբ խոսքն ուղղեց Ադրբեջանին:
– Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի ելույթը որոշակիորեն հիմնավորում է իմ կանխավարկածը, որովհետև նա շատ հետաքրքիր սխեմա ներկայացրեց, ու այդ սխեմայի մեջ երեք ուղղություն կար՝ Ադրբեջան, հայ-ռուսական հարաբերություններ և Հայաստանի ներքին գործընթացներ: Եթե այս սխեման ամբողջացնենք, ապա ստանում ենք մեկ ընդհանուր պատկեր, որտեղ երևում է, որ այն, ինչ փորձում է անել Ադրբեջանը, այն, ինչ տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի պայմաններում ու այստեղ, հանկարծ Հայաստանում այն քաղաքական ուժերը, որոնք ներկայացնում են Ռուսաստանի շահերը, մեկ էլ հանկարծ խոսում են նույն խոսույթով, ինչ լսում ենք Բաքվից կամ Մոսկվայից: Ստացվում է, որ սա մի ամբողջ գծված համակարգ է, ու այն աշխատում է մեկ ընդհանուր տրամաբանության մեջ: Հավանաբար սա էր փորձում ներկայացնել Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















