Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Այս անգամ առիթը Բաքվում անցկացվող «Ադրբեջանի II միջազգային ներդրումային ֆորումն» է։
Ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում Ալիևը հայտարարել է, որ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների խաչմերուկում գտնվող Ադրբեջանը վերածվել է Ասիայի և Եվրոպայի միջև կարևոր կապող օղակի ու հանգույցի։
«Միջին միջանցքը Կենտրոնական Ասիան Կասպից ծովի միջոցով կապում է Հարավային Կովկասի, Թուրքիայի և Եվրոպայի հետ։ Ձևավորվող Զանգեզուրի միջանցքը, որը հայտնի է նաև որպես TRIPP կապի երթուղի, կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային կենտրոնի և նոր հնարավորություններ կստեղծի Եվրասիական տարածաշրջանում առևտրի, ներդրումների և արդյունաբերական համագործակցության համար»:
Նա նաև նշել է, որ Հարավային Կովկասում հաստատվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային առևտրի և ներդրումների համար։
«Համաշխարհային տնտեսական հարաբերություններն արագորեն փոխվում են, մատակարարման շղթաները վերակառուցվում են, ձևավորվում են նոր տրանսպորտային, էներգետիկ և տեխնոլոգիական կապեր։ Նման պայմաններում կայունությունը, փոխկապակցվածությունն ու վստահելի գործընկերային հարաբերությունները ներդրումների համար ավելի ու ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում։
Հարավային Կովկասում հաստատվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության, փոխկապակցվածության, առևտրի և ներդրումների համար՝ միաժամանակ նպաստելով ավելի խոր տնտեսական ինտեգրմանն ու դիվերսիֆիկացմանը»,- հայտարարել է Ալիևը։



















