Ալիևն ամենաշատը վախենում է Ալլահից. Ադրբեջանում թափ է առնում իսլամական շարժումը

Ալիևն ամենաշատը վախենում է Ալլահից. Ադրբեջանում թափ է առնում իսլամական շարժումը
Ալիևն ամենաշատը վախենում է Ալլահից. Ադրբեջանում թափ է առնում իսլամական շարժումը

Սեպտեմբերից Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը հավանաբար կլարվի: Սպասվում է, որ ընդդիմությունը կրկին կփորձի բողոքի ակցիաներ կազմակերպել և կպահանջի երկրում ժողովրդավարության հաստատում:
Որոշ փորձագետներ, սակայն, կարծում են, որ Ադրբեջանում իշխանության հետ պայքարելու ամենամեծ հնարավորություններն ունեն երկրի իսլամամետ ուժերը: Եվ եթե խոսենք Ադրբեջանում որևէ հեղափոխության մասին, ապա ամենայն հավանականությամբ դա կլինի` իսլամական:

«Ալիևը իսլամական ուժերից ավելի է վախենում, քան որևէ այլ ուժից այդ երկրում»,- «Մեդիալաբին» ասում է տարածաշրջանային աշխարհաքաղաքանության փորձագետ Անժելա Էլիբեգովան:

Ադրբեջանի անկախության առաջին իսկ օրվանից երկիր սկսեցին ներթափանցել ամենատարբեր իսլամական խմբավորումներ և գաղափարներ`Դաղստանից, Թուրքիայից, Իրանից և անգամ Աֆղանստանից:

Երկար տարիներ, սակայն, Ալիևի կառավարությունը կարողանում էր զսպել և անգամ պետք եղած ժամանակ օգտագործել իսլամամետ ուժերին: Բայց ժամանակի ընթացքում երկրում սոցիալական դժգոհության հետ մեկտեղ տարբեր կրոնական կազմակերպություններ գլուխ բարձրացրեցին:

Ըստ Անժելա Էլիբեգովայի, դրա վառ ապացույցն է, օրինակ` վերջին կես տարվա ընթացքում Ադրբեջանը ցնցած հիջաբների խնդիրը:

Հիշեցնենք, որ երկրի կրթության նախարարության հրամանագրով աղջիկներին արգելվում է դպրոցներում մուսուլմանական գլխաշոր` հիջաբ կրելը: Այս խնդիրը երկիրն ավելի ուժգին ալեկոծեց, քան ասենք նույն ընդդիմության դեմոկրատական պահանջները: Իսկ վերջերս էլ Ադրբեջանում մոտ 124 000 ստորագրություն է հավաքվել՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքը չեղյալ հայտարարելու համար։

Պաշտոնական Բաքուն բողոքի այս ակցիաներին հաճախ շատ կոշտ պատասխան է տալիս, ինչից փորձագետները ենթադրում են, որ Ալիևը չի վերահսկում իրավիճակը:

«Բողոքի ակցիայի մասնակից իսլամիստների ձերբակալությունները ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունները խուճապի մեջ են, քանի որ կորցրել են այս գործնթացների վրա զդելու իրենց միջոցները: Առաջիկայում, սակայն, իսլամիստների այս պայքարը լուրջ արդյունքներ չի բերի, քանի որ չկա համախմբվածություն մեկ հստակ գաղափարի շուրջ»,-«Մեդիալաբին» ասում է Անժելա Էլիբեգովան:

Մինչդեռ Բաքվում մտավախություն կա, որ այդ «հստակ գաղափարը» կարող է երկիր թափանցել Իրանից: Այն է` իսլամական հեղափոխության արժեքները: Ի տարբերություն Ադրբեջանի, Իրանը կրոնական հարցերում հաճախ հստակ դիրքորոշում է արտահայտում: Դրա վառ ապացույցն է հենց նույն այդ հիջաբների խնդիրը:

Մինչ Ադրբեջանում քննարկում էին արգելքի հարցը, Իրանից շատ հստակ հաղորդագրություններ էին հասնում Բաքու:

Այսպես`Իրանի հոգևոր առաջնորդների խորհրդի անդամ Հաշեմ-զադե Հարիզին իր անձնական բլոգում գրել էր. «Հիջաբը իսլամի անբաժան մասն է, և Ադրբեջանի իշխանություններն իրավունք չունեն արգելել դրա կրումը: Ադրբեջանի իշխանությւոնները չպետք է այնպես անեն, որ մահմեդական հոգևոր առաջնորդները հայտարարեն, թե նրան հերետիկոսներ են»:

Նման հայտարարությունները, բնականաբար, ավելի են բարձրացնում Իրանի հոգևոր առաջնորդների վարկանիշը ադրբեջանցի մահմեդականների շարքերում: Այս առումով, կարելի է ասել, որ Բաքվում մտավախություններն անտեղի չեն:

«Իրանն աշխատում է իսլամական գծով: Կարելի է ասել` ձեռքը զարկերակի վրա է պահում` արձագանքելով յուրաքանչյուր հակաիսլամական դրսևորմանը: Հաշվի առնելով այն, թե ինչ հիսթերիա է բարձրացնում Ադրբեջանը, պատասխանելով Իրանի հայտարարություններին, կարելի է ենթադրել, որ Բաքվում վտանգը զգում են»,-«Մեդիալաբին» ասում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի գիտաշխատող Մհեր Բաղդասարյանը:

Փորձագետը չի բացառում, որ վերջերս հաճախ քննարկվող Ադրբեջանում Իսլակաման հեղափոխության հնարավարությունը մի օր կարող է իրականություն դառնալ: Բայց, ըստ նրա, դա չի կարող բացառապես կազմակերպվել Իրանում և տեղի ունենալ Թեհրանի թելադրանքով:

«Իսլամական հեղափոխությունն Ադրբեջանում բացառել չի կարելի: Բայց այն հնարավոր է այն դեպքում, եթե մի քանի գերտերությունների ցանկությունները համընկնեն: Այսինքն, միայն Իրանի ցանկությամբ դա հնարավոր չի կազմակերպել, արևմտյան գերտերությունները թույլ չեն տա»,- «Մեդիալաբին» ասում է Մհեր Բաղդասարյանը:

Անժելա Էլիբեգովան իր հերթին նկատում է, որ անկախ տարբեր երկրների քաղաքական շահերից, մի բան ակնհայտ է` հիջաբների արգելքից հետո Ադրբեջանում բարձրացած աղմուկն ու հազարավոր իսլամիստների բողոքի ակացիներն ապացուցեցին երկրի իշխանություններին, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից:

Փորձագետը կանխատեսում է, որ եթե իսլամիստների կշիռն Ադրբեջանի քաղաքականության մեջ մի օր ավելի ուժեղանա, դա Հայաստանի համար կարող է անգամ վտանգավոր լինել:

«Հայաստանին ու Արցախին մեծ հաշվով ձեռնտու չեն Ադրբեջանում քաղաքական ցնցումները, քանի որ ներկայիս իշխանությունների հետ, չնայած նրանց ռազմատենչությանը, հնարավոր է ընհանուր հայտարարի գալ: Հետագայում նրանց հետ կստացվի արցախյան հարցում մեզ համար ձեռնտու պայմաններով համաձայնություն ձեռք բերել: Սա այն դեպքում, եթե Իլհամ Ալիևը 2013 թվականի ընտրություններից հետո իր դիրքերն ամրապնդի: Իսկ ի՞նչ կարելի է սպասել իսլամիստներից: Հնարավոր չէ կանխատեսել»,- «Մեդիալաբին» ասում է Անժելա Էլիբեգովան:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am