Գյումրիում բացվել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ

Արդարադատության նախարարությունը շարունակում է հանրային ծառայությունների մատուցման ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու ծրագիրը։

Նախարարությունը, ՀայՓոստի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ Գյումրիում հունիսի 23-ին գործարկել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ։ Այն տեղակայված է Գյումրի քաղաքի Կայարանամերձ հրապարակի ՀայՓոստի 3102 փոստային բաժանմունքի տարածքում։ 

Միասնական գրասենյակը Շիրակի մարզի բնակիչներին հնարավորություն կտա մեկ վայրում ստանալ շուրջ 110 ծառայություն, ինչպես  ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, այնպես էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի ոլորտներում: Գրասենյակի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀայՓոստ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն, այլք։

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը շնորհավորել է Շիրակի մարզի բնակիչներին Գրասենյակի բացման կապակցությամբ ու նշել, որ Կառավարությունը դեռևս 2018 թվականից արձանագրել է, որ հանրային կառավարման բարեփոխումները առաջնահերթություն են: «Այդ բարեփոխումները բաղկացած են 4 հենասյուներից, որոնցից մեկը հենց հանրային ծառայությունների մատուցումն է, որովհետև հանրային ծառայությունների մատուցման որակից է նաև կախված պետություն-քաղաքացի փոխհարաբերությունների մակարդակը»,- ասել է փոխվարչապետի պաշտոնակատարը և տեղեկացրել, որ հանրային կառավարման բարեփոխումների ոլորտում հաջորդ քայլն ուղղված է լինելու ծառայությունների մատուցման թվային հարթակների ստեղծմանը, հեռախոսային հավելվածների միջոցով ծառայությունների ստացմանը․ վերջինն ակնկալվում է ունենալ մինչև այս տարեվերջ:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը շնորհավորել է բոլորին ժողովրդավարական ընտրությունների կազմակերպման կապակցությամբ և նշել, որ գործարկվող Միասնական գրասենյակը ժողովրդավարության գործիքներից մեկն է, որն ապահովում է թափանցիկություն, քաղաքացիների համար հասանելիություն և պարզություն։  Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին և ՀայՓոստ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանին փայլուն համագործակցության համար, ինչպես նաև փոխվարչապետի գրասենյակին ու միջազգային գործընկերներին՝ առանց որոնց աջակցության ծրագիրն իրականացնելը հնարավոր չէր լինի։ «Շարունակելու  ենք շատ ավելի  ակտիվ, շատ ավելի սեղմ ժամկետներում նման կենտրոնների ստեղծման աշխատանքներն ու բարեփոխումների իրականացումը»,- նշել է արդարադատության նախարարի պաշտոնակատարը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ընդգծել է, որ Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացումը նաև բարձր տեխնոլոգիական ձեռքբերում է, որովհետև առանց տեխնոլոգիական վերլուծությունների, որոնք ժամանակի ընթացքում իրականացվել են տարբեր գերատեսչություններում, պետական կառավարման համակարգում, հնարավոր չէր լինի այս ծրագիրն իրականություն դարձնել։ «Ըստ էության, սա արդյունք է երկարաժամկետ թվայնացման գործընթացի, որտեղ մեծ մասնակցություն ունեն այդ ոլորտի ընկերություններն ու մասնագետները։ Պետական, հանրային ծառայություններից պետք է օգտվել այնպես, ինչպես օգտվում են ցանկացած այլ ծառայություններից, որոնք ավելի ժամանակակից են և ավելի նորարար։ Սա գործընթաց է, որն իրական արդյունք կարող է ունենալ, երբ այն մասսայականացնենք ամբողջ Հայաստանում։ Օր առաջ պետք է նման Գրասենյակներ ունենանք նախ բոլոր քաղաքներում, հետո արդեն՝ գյուղական բնակավայրերում»,- ասել է Չոբանյանը։

ՀայՓոստ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը ողջունել է բոլորին ՀայՓոստի վերաբրենդավորված, տեխնիկապես հագեցած ու միջազգային ստանդարտներին համապատասխանող նորաբաց բաժանմունքում և ընդգծել, որ  քաղաքացիները մեկ այցով, մեկ վայրում կարող են միաժամանակ ստանալ պետական բազմաթիվ ծառայություններ: «ՀայՓոստ ընկերությունը նպատակ ունի ստանալ պետական ծառայությունների ազգային օպերատորի կարգավիճակ և ստեղծել միասնական հարթակ, որը թույլ կտա ՀայՓոստի 850 բաժանմունքի միջոցով հավաքագրել և ամբողջությամբ մատուցել պետական ծառայություններ՝ իբրև պետական ծառայությունների մատուցման front office»-նշել է  Հայկ Կարապետյանը։ Հիշեցնենք, որ ներկայում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակների թիվը երկուսն է․ Երևանում գործողը տեղակայված է Վազգեն Սարգսյան 3 հասցեում, իսկ Իջևանում գործողը՝ ՀայՓոստի բաժանմունքի Երևանյան-10 հասցեում։