«Թուրքն ու ռուսը իրար հետ այս ամենը մեր գլխին սարքեցին». Պարույր Հայրիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը

– Պարո՛ն Հայրիկյան, ինչպե՞ս եք գնահատում երկրում ստեղծված իրավիճակը: Հայտարարություններ են արվում պաշտոնյաների ԱԱԾ գործակալ լինելու մասին, որքանո՞վ են դրանք արժանահավատ:

– Ինչպես վանաձորցիներն են ասում` այդ բնույթի «զրիցներ» միշտ էլ եղել են, բայց դրանք բարձր պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաների մասին հազվադեպ են լինում: Դրա համար դա հանրության ուշադրությունը գրավեց: Ինձ համար տարօրինակ էր, որ մարդկանց մի զգալի մասը հավասարության նշան է դնում թուրքական գործակալի և ԱԱԾ-ի ծառայողի միջև:

ԱԱԾ-ն մեր պետության պետական կառույցն է, նույնիսկ եթե այն ԿԳԲ-ի ձեռքի տակ է կամ մոսկովյան հետախուզության ենթակայության տակ: Ի վերջո, այն մերն է, և դրանում ինչ-որ պախարակելի բան չկա:

Հետախույզները հենց այդ կառույցից են դուրս գալիս: Ինչ վերաբերում է թուրքականին, ապա ես անկեղծ պետք է ասեմ, որ ես Նիկոլի և իր թիմի հանդեպ դրական տրամադրվածություն չունեմ, բայց համոզիչ չէր Միքայել Մինասյանի ներկայացրածը թուրքականի մասով:

– Այս իրավիճակն ի՞նչ վտանգներով է հղի, որովհետև նախորդ իշխանության ներկայացուցիչները, 17 ուժերն են ակտիվացել և անընդհատ պահանջում են վարչապետի հրաժարականը:

– Ընդհանրապես աշխարհում ընդունված բան է դա, օրինակ՝ ԱՄՆ-ում Թրամփի հրաժարականը պահանջում էին մինչև վերջին օրը: Դուք նշեցիք հրաժարական պահանջողների մի մասին միայն, բայց երևի ձեզ հայտնի է, որ մենք 7-8 կուսակցություններով ևս նմանօրինակ դիրքորոշում ունենք, պարզապես դա կոչում ենք իշխանափոխություն:

Մեր դեպքում հրաժարականի պահանջը կապված է անկարողություն կասենք, թե դավաճանություն, որ տարբերակն ուզում ես վերցրու, փաստ է, որ Հայաստանը միջազգային մակարդակով կատարյալ ձախողում է ապրել: 

Ինչ վերաբերում է հրաժարականի պահանջին, դեկտեմբերի 30-ի մեր հայտարարության մեջ հետևյալ հերթականությունն էինք նշել՝ Սահմանադրության բարեփոխում, հետո՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություն և միանգամից ընտրություններ:

Եթե այդ աշխատանքը կատարելու ընթացքում Նիկոլ Փաշինյանն առողջ բանականություն ձեռք կբերի, կզգա, որ իր կարգավիճակում, իր հոգեբանական վիճակում գտնվող մարդը չպետք է բարձրաստիճան պետական պաշտոնյա լինի, դա ոչինչ չէր փոխում: 

Իսկ երեկ արդեն էսպիսի մի բան ուրվագծվեց. կուսակցությունների մեծ մասն ասում է, որ 2014-ին ԱԻՄ-ի տված Սահմանադրության նախագիծը բացարձակ ժողովրդավարության նախագիծ է, պետք է ուղարկել բոլոր նրանց, ում այն կարող է վերաբերել, և պահանջել շուտափույթ կերպով քննարկում երկու պատճառով:

Նախ՝ շատ ստույգ, շատ բարձր գիտական մակարդակով արված հարցումները ցույց են տալիս, որ այս Սահմանադրությանը քվեարկել է հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 1/3-ից էլ պակասը, և մենք այսօր ապրում ենք ապօրինի Սահմանադրության պայմաններում:

Իսկ Սահմանադրությունը Աստծուն փոխարինողն է երկրի վրա: Այսինքն՝ մենք կեղծ օրենքով ապրելով հաջողության հասնել չենք կարող: Դրա համար իմ ընկերները համաձայնեցին, որ շուտափույթ կերպով դուրս գանք նեղ շրջանակներից, բոլորին դիմենք, նույնիսկ՝ «Իմ քայլին», որ իրենք էլ համաձայնեն, որ 2014-ին մեր ներկայացրած Սահմանադրության տարբերակը բերվի ասպարեզ, հնարավոր են համարում մեկ շաբաթում քննարկել հանձնաժողովում, մեկ ամսվա մեջ խորհրդարանական բոլոր քննարկումներն ավարտել:

Դա էլ է ճանապարհ դառնում, որ սահմանադրական փոփոխությունների անցումային դրույթներում նշանակվում են վարչապետի ուղղակի ընտրություններ, նաև Ազգային ժողովի ընտրություններ: Միանգամից բոլոր հարցերը մեկ փաթեթով լուծվում են: Այնպես որ, հիմա այդ ուղղությամբ ենք աշխատում:

– Եթե լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ավելի հավանական է, որ դուք դաշինքո՞վ կմասնակցեք, թե՞ առանձին:

– ԱԻՄ-ականները, բնականաբար, այս հարցում կարող են ինձ այնքան էլ ճիշտ չհասկանալ, որովհետև եթե դու քաղաքական կառույց ես, ապա պիտի ձգտես քո սկզբունքները մշտապես կիրառելու հնարավորություն ունենալ, բայց ինձ համար այնքան կարևոր է բացարձակ ժողովրդավարության համակարգի ընդունումը, որ ես անձամբ սրան նայում եմ մատների արանքով:

Բայց ընտրություններում, տվյալ դեպքում միանգամից երկու ընտրություններում՝ վարչապետի և խորհրդարանի, բնականաբար, մենք հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություն կունենանք, եթե գաղափարակիցների կամ նպատակակիցների համագործակցություն ստեղծենք, որի ուղղությամբ արդեն աշխատում ենք:

Բայց այդ բոլորից առաջ ինձ համար գերադաս է բացարձակ ժողովրդավարության համակարգի հիման վրա ստեղծված Սահմանադրությունը ժողովրդին նվիրելը: Դա նաև ստրատեգիական խնդիր է, Հայաստանը դառնում է աշխարհի թիվ մեկ բարոյաքաղաքական, մասնավոր իրավունքների տեսանկյունից առաջատար ազգն աշխարհում:

Ցավում եմ, որ Բակո Սահակյանը ժամանակին ինձ չհասկացավ, ոչ միայն չհասկացավ, այլ նաև չգիտեմ ինչով ապրեց, և Արցախը, որին ես առաջարկել էի այս տարբերակը, զրկվեց այն առավելությունից, որ կարող էր ունենալ:

– Տեսակետ կա, որ ռազմագերիների վերադարձի խնդիրը չի լուծվում նաև Ռուսաստանի մեղքով: Արդյոք այս հարցը Ռուսաստանի՞ տիրույթում է, արդյոք Մոսկվան այս հարցում կարո՞ղ էր ինչ-որ բան անել, որ չի անում: Հիմա էլ մեզ մեղադրում են, թե գերիների ամբողջական ցուցակը չենք ներկայացրել:

– Քիչ առաջ հարցնում էիք թուրքական գործակալ լինելու մասին: Տարօրինակ է, բայց ռուսն ու թուրքը հավասար թշնամիներ են Հայաստանի հանդեպ: Ի վերջո, մենք անկախացել ենք ռուսից, և 70 տարի մեր ինքնության դեմ կռիվ տվողը ռուսն էր: Հիմա ռուսի գործակալներին ներկայացնում են որպես երևելի մարդիկ, թե տեսեք՝ այսինչ մարդը հետախույզ է եղել:

Նույնը վերաբերում է այս իրավիճակին: Թուրքն ու ռուսը իրար հետ այս ամենը մեր գլխին սարքեցին: Մեր 7 կուսակցությունների հայտարարության մեջ հստակ գրված է՝ թուրք-ռուսական դավադրություն հայ ժողովրդի նկատմամբ: Դա է մեր գնահատականը: 

Գերիների հարցով ես մասնավոր առաջարկով հանդես եկա, որին միացան նաև մյուս կուսակցությունները, և այն դարձավ միասնական առաջարկ: Մի քանի օր առաջ մենք, ամեն ինչ մի կողմ դնելով, դիմեցինք Նիկոլ Փաշինյանին, ասելով՝ դու Ալիևի խոսքերն իրավունք ունես ընկալելու, որ նրանք ոչ թե գերի են, այլ պատանդ:

Պատանդ վերցնելը միջազգային ծանր հանցագործություն է, հրավիրիր բոլոր դեսպաններին և ասա, որ համամարդկային կարևորության խնդիր է կատարվում, պատանդ են վերցված քաղաքացիներ:

Զինադադարի համաձայնագրից հետո ոչ թե պետք է գերի վերցնեին, այլ պետք է ճանապարհը բացեին, բոլորին ասեին՝ գնացեք տուն: Ընդ որում՝ և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները: Քանի որ նրանք դա չեն արել, կա ձև, և դա բոլոր դեսպաններին հրավիրելն ու ահազանգ հնչեցնելն է:

Բայց այս ապաշնորհները, այս ռուսական գործակալներն ասում են՝ բա որ ռուսը նեղանա՞: Լավրովն ինչի՞ պետք է մեր ցուցակներով հետաքրքրվի: Եթե խոսքը միջնորդների մասին է, ապա եռանախագահողներ կան: 

Մեր իշխանությունների մեծագույն վնասարարությունը, եթե չասեմ՝ ապիկարությունն ու ստորաքարշությունն այն է, որ իրենք միջազգայնացված խնդիրը, այսինքն՝ հանրային ուշադրության տակ գտնված խնդիրը դրեցին երկու դաշնակիցների, իսկ նրանք դաշնակից են հայության դեմ կնքած իրենց պայմանագրերով, տրամադրության տակ, մեզ էր դարձրեցին խաղաթուղթ:

1921 թվականի մարտի 16-ի պայմանագիրը դեռևս գործում է, իսկ այդ պայմանագրով Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է, որն ինքը Հայաստանի թշնամին է: Մարդը պայմանագրով ասել է՝ ես ձեր թշնամին եմ: Մենք այս պայմաններում շարունակում ենք մտածել, թե ինքը մեզ համար սա պետք է անի, նա պետք է անի:

Թշնամին էլ մարդուն երբ գերի է բռնում, ջուր է տալիս, որ չմեռնի, որ հետո օրգանները վաճառի: Ամբողջ աշխարհում գազի գինը նվազում է, սրանք մեզ համար գազի գին են բարձրացնում: Այսպիսի երևույթներ հանդուրժող իշխանությունն արդեն ամենամեծ, ամենաստոր գործակալն է: 

Մանե Հարությունյան

MediaLab.am