Մեր կողքին ապրող մարդիկ. Նաննան 

Նաննա Սկաուն

Արևագույն, ալիքվող մազերով ու ժպտադեմ. Նաննա Սկաուն անպատմելի դրական էներգիա ունեցող կին է: Նրա անմիջականությունն անհնար է չնկատել առաջին իսկ վայրկյանից: 

Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն Հայաստանում ապրում է արդեն գրեթե չորս տարի: Նա այստեղ է եղել և՛ քովիդի, և՛ 44-օրյա պատերազմի ժամանակ և շարունակում է ապրել մեր երկրում հիմա, երբ աշխարհը փորձում է հաղթահարել նոր մարտահրավեր՝ պարենի գնաճը: 

Այս հոդվածը փոքր-ինչ տարբերվում է այն բոլոր պատմություններից, որ գրում եմ Հայաստանում ապրող օտարերկրացիների մասին: Նաննայի հետ արծարծել ենք այնպիսի հարցեր, որոնք շատերիս համար գուցե դժվարամարս թվան, բայց քանի որ իմ հյուրը ոչ միայն իր փորձառությունից է խոսում, այլ նաև ներկայացնում է վիճակագրական տվյալներ ու փաստեր, կարծում եմ՝ արժի մտածել դրանց մասին: Մի բանում վստահ եմ, որ սա պատմություն է Հայաստանի նկատմամբ բացառիկ սեր տածող մարդու մասին: Մենք որոշեցինք միասին ճաշել ու քննարկել ոչ միայն իր՝ Հայաստանում ապրելու փորձը, այլ նաև բարձրացնել հարցեր, որոնք հրատապ ու երբեմն տագնապային լինելով հանդերձ, հաճախ դուրս են մնում քաղաքացու օրակարգից, որովհետև մենք այն համարում ենք պետությունների, մեծ կազմակերպությունների խնդիրը:

2019 թվականի ամռանը գիշերային թռիչքով Նաննա Սկաուն, 16-ամյա որդին և շունը ժամանեցին Երևան: Օդանավակայանը հաճախ դառնում է տվյալ երկրի մասին տպավորություն կազմելու առաջին ցուցիչը և մնում հիշողության մեջ հավերժ, ու Նաննայի դեպքում ևս այդպես եղավ: 

– Մենք Լաոսից էինք գալիս ու ողջ թռիչքի ընթացքում չգիտեինք՝ կենդանին ինչպես էր: Տերմինալի աշխատակիցներն այնքան սիրալիր էին, միանգամից թույլ տվեցին հանել շանը իր ճամփորդական արկղի միջից, հարցրին՝ ինչո՞վ կարող են օգնել: Տղաս այնքան էր ուրախացել՝ տեսնելով այդ պատրաստակամությունը, օգնելու ցանկությունը, որ ես անչափ գնահատում եմ: 

– Ո՞ր բառն է խորհրդանշում Հայաստանը,- հարցնում եմ՝ մտքում արդեն հաստատ իմանալով պատասխանը, բայց վերստին այն լսելու ու հրճվելու ակնկալիքով: 

– Ընկերությունը: Ես տարբեր երկրներում եմ ապրել, ճամփորդել, բայց այստեղ՝ Հայաստանում, երբ ծանոթանում ես հայի հետ ու հասկանում ես, որ ընկերանում եք, դու վստահ ես դրա ճշմարիտ լինելուն: 

Նաննան շատ ընկերներ ունի Հայաստանում, այդ պատճառով է, որ երբ միջազգային գործընկերները գալիս են մեր երկիր, միշտ խորհուրդ է տալիս շփվել տեղացիների հետ: Հայաստանում եզակի հնարավորություն կա բացահայտելու մարդկային որակներ, որ չեն նվազել, չեն ստորադասվել որևէ այլ երևույթի՝ չնայած այս երկիրը պատերազմ է տեսել: 

– Հիշում եմ, երբ հիվանդ էի, մեկ րոպեի ընթացքում մի 25 մարդ զանգեց հարցնելու՝ ինչի՞ կարիք ունեմ, ի՞նչ է պետք անել, որ արագ ապաքինվեմ, ի՞նչ բերեն ինձ համար: Գիտե՞ս՝ դա ինչ զգացողություն է՝ դու ունես մեծ ընտանիք, որ հոգ է տանում քո մասին: 

Նաննան պատմում է, որ իր երկրից՝ Դանիայից, տեղափոխվել է տարիներ առաջ, երբ որդին ընդամենը մեկ տարեկան էր: Նա սովորել է ամեն բան ինքնուրույն անել, ամեն ինչ հասցնել առանց ուրիշների օգնության, իսկ Հայաստանում սովորել է, որ երբեմն կարելի է ուղղակի հանգիստ լինել, որովհետև միշտ կողքիդ կան մարդիկ, որ կհասնեն, անգամ եթե չես դիմում օգնության: 

– Իսկ ինչպե՞ս կբնութագրեք Դանիան,- հարցնում եմ:

– Հեքիաթ, հավասարություն և հարստություն,- ասում է Նաննան, որը 18 տարի արդեն չի ապրում Դանիայում և պատասխանը տալիս է՝ հիմնելով իր՝ այնտեղ ապրելու 25 տարվա փորձի վրա:

Քանի որ խոսեցինք հավասարությունից, ես չէի կարող չհարցնել նրա կարծիքը Հայաստանում առկա խնդիրների վերաբերյալ, քանի որ աշխատանքի բերումով հաճախ է շրջում Հայաստանով, ծանոթանում տարբեր մարդկային պատմությունների: Եթե Դանիայում 18 տարին լրացած մարդը կարող է հանգիստ գնալ ու մենակ ապրել, որովհետև նրան ու բոլորին տրված են նույն հնարավորությունները, ապա Հայաստանում այդպես չէ:

– Դանիայում կրթությունն անվճար է, առողջապահությունը՝ ևս, հետևաբար եթե քեզ տրված է ինքնուրույն լինելու հնարավորություն, բայց դու քո հնարավորությունը չես օգտագործում ի շահ քեզ, քո խնդիրն է, դու ես կորցնում: Բայց որևէ մեկը չի կարող ասել՝ գիտե՞ք՝ ես չեմ կարող համալսարանում կրթություն ստանալ, որովհետև գումար չունեմ: 

Հայաստանում համալսարանական կրթության համար պետք է վճարել, առողջապահության ոլորտում անվճար ծառայությունները քիչ են, հետևաբար երբ Նաննան շեշտադրում էր այս ամենը, ես հասկացա, թե ինչու նա Դանիան հեքիաթ անվանեց:

– Եթե խոսենք մայրությունից, ապա Հայաստանում երեխայի ծնունդից հետո միայն մայրն է ֆիզարձակուրդի հնարավորություն ստանում: Իրականում սա կոչվում է արձակուրդ, բայց բոլորս ենք, չէ՞, հասկանում, որ այս շրջանը անչափ կարևոր է, ու երեխայի նկատմամբ հարյուրապատիկ ուշադրություն է պահանջում: Իմ ծննդավայրում զույգն ինքն է որոշում՝ ինչպես կազմակերպել երեխայի խնամքը, և հաճախ հայրերն են որոշում ֆիզարձակուրդ գնալ: 

Ուզում եմ պարզեցնել, որ սա ընդամենը գեղեցիկ օրինակ է, ոչ թե առաջարկ, ու տարբեր երկրներ, ելնելով հասարակության սովորույթներից ու մտածելակերպից, սահմանում են իրենց կանոնները: 

– Հավասար հնարավորություններ գուցե դեռ չկան, բայց կան անպատմելի մարդկային հնարավորություններ: Հայ մարդու սրտի չափն անչափելի է: Մի անգամ հայաստանյան գյուղերից մեկում էինք աշխատանքային այցով: Մտանք մի տուն, որտեղ շատ երեխաներ էին մեծանում: Ակնհայտ էին ծանր, աղքատ պայմանները, որում նրանք գոյատևում էին: Երբ տանտիկնոջ հետ զրուցում էինք, ասացի՝ ամենից շատ ինչի՞ կարիք ունեք, պատասխանեց՝ խաղաղության, թող բոլորը խաղաղ լինեն: 

Այս պատմությունը նրան տպավորել է, որովհետև վստահ է, որ ցանկացած այլ երկրում եթե որևէ մեկին հարցնես, թե ինչ է ուզում, կսկսի հստակ թվարկել նյութական, ֆինանսական կարիքները, իսկ կինը, որ ոչինչ չուներ ապրելու համար, խաղաղություն էր ուզում բոլորի համար: 

Հայաստանն իր տունն է, այլապես սահմանված երկու տարվա փոխարեն այստեղ չէր մնա չորս տարի: 

– Տունն այնտեղ է, որտեղ ես եմ: Երբ ծնվեց տղաս, ես հասկացա, որ տունն այնտեղ է, որտեղ նա է: Բայց հիմա նա մեծ տղա է, ապրում է Ճապոնիայում ու իր կյանքն ունի: Տունը շինություն չէ, այն երևույթ է, որ դու ստեղծում ես քո շուրջն այն մարդկանց հետ, որոնց սիրում ես,- Նաննայի պատասխանն առավել քան բնորոշում է, թե ինչ է նշանակում տուն: 

– Ինձ համար տունն այնտեղ է, որտեղ քեզ ներդաշնակ ես զգում: Դուք ունե՞ք այդ զգացողությունը Հայաստանում,- հարցնում եմ: 

– Անշուշտ: Այն արժեքները, որ ունեն հայերը, չափազանց ներդաշնակ են իմ ունեցած արժեքներին՝ ընկերասիրությունը, ընտանիքի գաղափարը: Հայերը շատ հետաքրքրասեր են, բայց դա ավելի շատ հոգատարության դրսևորում է, ոչ թե՝ վնասելու: 

Հայերին ավելի լավ հասկանալու համար պակասում է միայն մեկ կարևոր բան՝ հայերեն խոսելը: Նաննայի համար հայերենն իսկապես տանջալից մարտահրավեր է, բայց տեղացիներին հասկանալու լավագույն ձևն է: Հիմա հայերենի դասերի է գնում ու կատակում, թե ուսուցիչն իրեն սպանելու է, որովհետև դեռ չի հաջողում, բայց երբ շրջում է Հայաստանի գյուղերով ու համարձակվում փորձ անել հայերեն շփման, մարդիկ հրճվանքով են նայում նրան, երբեմն նաև՝ զվարճանում: 

– Հայերին հասկանալու համար պետք է առաջին հերթին հասկանալ նրանց վերաբերմունքը ուտելիքի, հատկապես՝ հացի նկատմամբ: Որքա՜ն շատ են այստեղ հաց սիրում, ու սիրո ի՜նչ ցուցիչ է դարձել հացը: Հացի նստել, հաց կիսել՝ սրանք տեղացիներին միավորող բառեր են, դրա համար էլ մի քանի մարզերում մենք ծրագիր ենք իրականացնում, որի միջոցով սովորեցնում ենք ամբողջահատիկ ցորենի ալյուրից հաց ստանալ ու գիտակցել, որ ա՛յ դա է օգտակարը, այլապես սպիտակ հացը, որ շատ ընդունված է հայկական կենցաղում, իսկապես լրջագույն խնդիրներ է առաջացնում: 

Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերում իրականացվել են ծրագրեր, որոնք կապված են սննդային անվտանգության, քաղցը կանխարգելելու, որակյալ ամբողջահատիկ ցորենի ալյուրով պատրաստված հաց թխելու և այլնի վերաբերյալ: Քանի որ սա ծավալուն թեմա է, ու մեկ այլ հոդվածի ուսումնասիրության առարկա, կարող եք ավելին իմանալ՝ հետևելով այս և այս հղումներին:

Երբ Նաննան խոսում է հայերի՝ ընտանիքի վերաբերյալ ունեցած արժեքների մասին, ես համաձայնում եմ, բայց ծնված լինելով Հայաստանում ու ապրելով այստեղ՝ մտածում եմ, որ երբեմն մենք թույլ չենք տալիս մեր երեխաներին անկախ և ազատ լինել, սովորել ինքնուրույն մտածել: 

– Իմ ծնողները սովորեցրել են մեզ ամեն ինչ ինքնուրույն անել, ոչ թե որ մեզ պակաս են սիրել, այլ որովհետև նրանք գիտակցում են, որ կյանքը դժվար է, ու պետք է կարողանալ առերեսվել խնդիրներին, ստիպված լինել ինքնուրույն որոշում կայացնել: Սիրո և հոգատարության դրսևորումը հենց այդտեղ է՝ երեխային թողնել ձախողվել, որովհետև այդպես նա սովորում է, ուղղորդել նրան, բայց չանել նրա փոխարեն և այդպես շարունակ:

Հայրը նրան գրքեր էր նվիրում ու մակագրում. «Ուզում եմ, որ քո կյանքի ճանապարհն ունենա իր վայրիվերումները, տա քեզ լավն ու վատը»: 

Միշտ զարմանում էր, թե ինչպես կարելի է նման բան մաղթել, բայց հիմա է հասկանում հոր խրատը՝ ձախողել, դա համարել խիստ սովորական մի բան ու առաջ շարժվել: 

Նաննա Սկաուի հետ երկար զրուցեցինք, ու երբ իմ ձայնագրիչի ցուցիչն արձանագրեց երկու ժամը, հասկացանք, որ մենք տարվել էինք զրույցով: Ես երկար էի մտածում, թե արդյոք անհրաժե՞շտ է ներառել այն հարցերը, որոնք մտածելու տեղիք են տալիս, բայց հետո հասկացա, որ մեզ՝ հայերիս հանդեպ ունեցած սիրո դրսևորումն է, որ այս կնոջը ստիպում է բարձրաձայնել խնդիրների մասին: Եթե անգամ դժվար է երբեմն դեմ առ դեմ հայտնվել խնդիրների առաջ, մենք պետք է կարողանանք նայել դրանց աչքերի մեջ, ձախողել, սովորել ու անցնել առաջ:

Կուշանե Չոբանյան

MediaLab.am