Բացահայտվել է Իրանից Հայաստան մաքսանենգ եղանակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ ԻԻՀ-ից ՀՀ մաքսանենգ եղանակով ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2023 թ. հուլիսի 15-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով  նույն օրը՝ ժամը 04:30-ի սահմաններում, Մեղրի քաղաքից Երևան ուղևորվելու ճանապարհին, ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության ծառայողների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Սիսիանի բաժնի ծառայողների համատեղ ուժերով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 200-րդ կմ հատվածում կանգնեցվել են Opel Astra 1.6 և Mercedes benz S430 մակնիշի ավտոմեքենաները: Այդ ընթացքում Opel Astra 1.6 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու օրինական պահանջին, փախուստի փորձ կատարելով՝ բախվել է վերջինիս ամրակցված Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային: Արդյունքում՝ ոստիկանության ծառայողներից մեկը, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ Opel Astra 1.6 մակնիշի ավտոմեքենայի ուղևորը գլխի հատվածում ստացել է քերծվածքի տեսքով մարմնական վնասվածք։ Նշված Opel Astra 1.6 մակնիշի ավտոմեքենայի սրահում՝ ակնհայտ տեսանելի վայրում, առկա է եղել երեք կապոց՝ թմրանյութին բնորոշ սուր յուրահատուկ հոտով և փաթեթավորված պոլիէթիլենային ու ալյումինե ստվարաթղթով:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշյալ երեք տղամարդիկ ձերբակալվել են՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա:

Նախաքննության ընթացքում Արմավիրի բնակչի կողմից վարած Opel Astra 1.6 մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել և վերցվել է ընդհանուր 22.31 կգ մարիխուանա, 237,84 գ քաշով մեթամֆետամին, 0,985 կգ քաշով կանեփ տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 0,69 գ քաշով Bs գրառմամբ սպիտակ դեղահաբ, 2 ապակյա խողովակ:

Նշանակված դատանյութագիտական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 237,47 գրամ ընդհանուր համաքաշով թափանցիկ պոլիէթիլենային փաթեթում առկա սպիտակ գույնի փոշեբյուրեղային զանգվածը հանդիսանում է մեթամֆետամին, իսկ 981,43 գրամ ընդհանուր համաքաշով թափանցիկ պոլիէթիլենային փաթեթում առկա  դարչնագույն, յուրահատուկ հոտով, բուսական զանգվածը՝ հաշիշ տեսակի թմրամիջոց: Ներկայացված մնացած փաթեթներում առկա  զանգվածների վերաբերյալ հետազոտությունը շարունակվում է:

Նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնից գրություն է ստացվել այն մասին, որ հիշյալ երեք տղամարդիկ ներգրավված են ԻԻՀ-ից ՀՀ մաքսանենգ եղանակով ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կազմակերպել է 46-ամյա տղամարդը։ Վերջինս, նախապես պայմանավորվելով խմբի մյուս անդամների հետ, ստանձնել է իրավապահների վերակարգերի ուշադրությունը շեղելու պարտականությունը, որպեսզի թմրամիջոցներով բարձված «Օպել» մակնիշի ավտոմեքենան անարգել կարողանա Մեղրիից հասնել Երևան քաղաք:

Ձեռք բերված փաստերի հիման վրա հիշյալ երեք տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է: