Բաքուն վճռականորեն տրամադրված է Լեռնային Ղարաբաղում հետկոնֆլիկտային իրավիճակի հանգիստ անցման հարցում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
«Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Ձեզ այս հարցի շուրջ մշտական ուշադրության, շատ կարևոր ու զգայուն հարցերում անձնական մասնակցության համար»,- ասել է Ալիևը։
Նա ընդգծել է, որ ՌԴ նախագահի հետ մշտական կապի մեջ է։
«Անցյալ ութ ամիսների ընթացքում՝ ռազմական գործողությունների ավարտից հետո, կարծում եմ մեր անձնական շփումը՝ և՛ Մոսկվայում հունվարին, և՛ հեռախոսազանգերով, շատ կարևոր դերակատարում է ունեցել իրավիճակի կայունացման գործում։ Մենք վճռական ենք տրամադրված, որ հետկոնֆլիկտային շրջանն անցնի առավելագույնս անցավ։ Կարծում եմ՝ համատեղ ջանքերով մեզ դա կհաջողվի»,- ասել է Ալիևը։
Այս մասին հայտնում է Factor.am-ը: