Հեղափոխություն հոգում, հեղափոխություն մտքում…

Հեղափոխություն հոգում, հեղափոխություն մտքում...
Հեղափոխություն հոգում, հեղափոխություն մտքում…

«Որդան կարմիր» ռոք խմբի մեներգիչ Վահան Պողոսյանի հետ հարցազրույցն ներկայացնում ենք ստորեւ: 

-Վահան, վերջին օրերին մարզերում համերգների շարք ունեցաք՝ «Քայլ արա» խորագրով՝ փորձելով մարդկանց համոզել, որ ընտրություններում չվաճառեն իրենց ձայնն ու փոփոխությունների քայլ անեն: Ի՞նչ արձանագրեցիք:

-Մենք առաջինն ենք այդ քայլն անում, կոչ ենք անում ու մարդկանց ցույց տալիս ճանապարհը, չվախենալու ճանապարհը: Մենք խորապես համոզված ենք, որ այն, ինչ հիմա անում ենք, շուտով իր ծիլերը տալու է: Այն սերմերը, որոնք մենք գցում ենք մարդկանց հոգիներում ու մտքերում, դրանք ծիլ ու առողջ պտուղ են տալու:

-Ձեր երգերով կոչ եք անում մարդկանց հեղափոխություն կատարել հոգում ու մտքում: Ի վերջո ինչպե՞ս կարելի է հասնել հեղափոխական փոփոխության:

-Հեղափոխություն հոգում, հեղափոխություն մտքում… Այդ բառերը «Սպիտակ փղեր» երգի բառերն են: Այն մենք գրել ենք մոտ 2005 թվականին: Սպիտակ փղերը խորհրդանշում է ժողովուրդը: Իսկ ինչու հեղափոխություն մտքում ու հոգում, որովհետև այսօր մեր հասարակությունը մինչև ինքն իր մեջ չփոխվի, չմաքրվի, անկաշառ վիճակի չհասնի, որևէ փոփոխություն չի կարող անել երկրում: Այդ փոփոխությունները մեր մեջ են: Երբ մենք կսկսենք իրար հանդեպ լավ գործեր անել, ամեն մեկս մեր գործը ճիշտ ու լավ անել, չմտածել, որ տուն ենք պահում, ընտանիք ու երեխա ենք պահում, դրանով արդարացնելով մեր քայլերը, փոփոխություն կլինի: Երբ այդ ամենից վեր կանգնենք ու հասկանանք, որ պետություն ենք կառուցում, ազատ պետություն, որի մասին երազել ենք, փոփոխություն կլինի: Դրա համար փոփոխությունը նախ պետք է մեր մեջ լինի: Մեզ համար եզակի հնարավորություն է այն, որ անկախություն ունենք, դեռևս կարող ենք մաքրվել, զարգանալ, կրթվել, մեր իրավագիտակցությունը բարձրացնել, որպեսզի հասնենք ճիշտ ժողովրդավարական մոդելի: Օրինակ՝ տեսեք, մեր հարևան երկրներից մեկը՝ Վրաստանը, ճիշտ ճանապարհով է գնացել: Միայն Արևմուտքի ու մնացածի մեջ չէ գաղտնիքը, ժողովրդի մեջ է: Եթե ժողովրդի կողմից այդ ցանկությունն ու ամեն ինչը չլիներ, չեմ կարծում, որ այսօր նրանք հասած լինեին այն վիճակին, որ Եվրամիության հետ ազատ վիզայի ռեժիմ ունենային: Իսկ ինչո՞ւ Հայաստանը դեռ չունի, ինչո՞վ է պակաս Հայաստանը: Դա սարսափելի է, երբ դու ազատ մարդ ես, հանցագործ չես, ուզում ես գնալ ինչ-որ երկիր, բայց պետք է մեծ թղթաբանություն վարես, որոշեն քեզ թողնել, թե չթողնել իրենց երկիր:

-Նախընտրական շրջան է երկրում, մարդիկ այլընտրանք ունե՞ն, որպեսզի կարողանան երկրում փոփոխություն անել: «Քայլ արա» երգում նշում եք` «…մի հիմար հեքիաթ է պատմում, մի շթվառ հող է վաճառում, մի անսիրտ աչքդ է հանում…», այսինքն՝ չկա՞ այլընտրանք:

-Դա վերաբերում է նահանջողական, պարտվողական մտածելակերպ ունեցող մարդկանց: Եթե դու քո ունեցածը տալիս ես թվացյալ խաղաղության կամ ինչ-որ այլ բանի համար, ինչպես Բենջիամին Ֆրանկլինն էր ասում՝ դու կզրկվես և նրանից, և նրանից: Եթե մարդիկ լավ զննեն, կա այլընտրանք: Մարդիկ պետք է իրենք իրենց ընտրությունն անեն: Փնտրեք չթաթախված մարդկանց, նրանց, ովքեր խելացի են, որովհետև խելքը կարող է արդյունք տալ:

-Մարզերում գրեթե համատարած երևույթ է ընտրակաշառքը: Մարդիկ մեծամասամբ չեն  պատրաստվում հրաժարվել տարբեր թեկնածուների կողմից առաջարկվող գումարներից: Այս մտածողությունը ինչպե՞ս պետք է փոխել, ինչո՞ւ են մարդիկ վաճառում իրենց ձայնը:

-Որովհետև այսօր մարդիկ ծայրահեղ մի կետի են հասել, որ ասում են՝ լավ, վերցնենք այդ, չգիտեմ ինչքան հազար դրամը, գոնե մեր լույսի վարձը տանք կամ չգիտեմ ինչ գնենք: Այդ մարդկանց այնքան երկար ժամանակ են սովորեցրել, որ այդպես պետք է լինի, որ նրանք այլ կերպ չեն էլ պատկերացնում: Իրենց շատ չնչին կենցաղային հարցը լուծելու համար գնում են այդ քայլին ու հեռուն չնայելով՝ քանդում իրենց լավ ապագան, որը կարող էր լինել ճիշտ ընտրության դեպքում: Բայց դա միայն ժողովրդի մեղքը չէ: Մեզ տարիներ շարունակ սովորեցրել են, որ այդպես պետք է լինի, միշտ բախվել ենք նման դեպքերի, մարդիկ սովորել են այդ վիճակին: Եթե ուզում ենք, որ մարդիկ փոխվեն, պետք է այդ մասին բարձրաձայնենք, նրանց կրթենք, կենցաղային մակարդակից մարդուն բարձրացնենք այն վիճակի, որ նա բացի իր օրվա հացից մի քիչ ավելին պահանջի: Մարդիկ վերցնում են ու չեն պահանջում, չեն պահանջում, չեն էլ ստանում: Պետք է պահանջեն, որ ստանան, իսկ պահանջելու համար պետք է անթաթախ լինես, լեզուդ էլ երկար լինի: Իսկ այսօր այս վիճակն է՝ քեզ տվել են քո փայը, ձայնդ կտրիր, նստիր տեղդ, էլ ի՞նչ ես ուզում: Դրա համար այդ գինը պետք է այնքան բարձր լինի, որ չհասնի կենցաղային մակարդակի: Ես կարծում եմ՝ մարդկանց դա հասկացնելը ժամանակատար գործընթաց է լինելու, բայց ուրիշ ճար չկա: Պետք է ամեն մեկս մեր գործը ճիշտ անելով հասնենք արդյունքի:

-Այս օրերին շատ երգիչ-երգչուհիներ ու դերասաններ նախընտրական քարոզարշավում սատարում են իշխող ՀՀԿ-ին: Դուք ինչպե՞ս եք վերաբերում այս ամենին:

-Այն մարդիկ, ովքեր գնում են որևէ ուժի հետևից, կապ չունի դա որ ուժն է, և իրենք հավատալով, ընտրություն արած ու առանց իրենց խաբելու են գնում, ես ողջունում եմ դա: Ընտրություն անելը արդեն քայլ է, բայց ամենավատն այն է, երբ մարդն ինքն իրեն խաբում է: Եթե մարդիկ կան, որ իրենց խաբելով են գնում նման միջոցառումների, չգիտեմ ինչի համար են գնում, ես մերժում եմ նման մոտեցումը:

-Իշխանությունները այս քարոզարշավին խոսում են փոխվելու ու փոխելու մասին, բայց մենք դարձյալ տեսնում ենք նախընտրական տարբեր միջադեպեր, ծեծկռտուք՝ հիմնականում իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այսինքն՝ ի զորու չե՞ն փոխվելու:

-Ես՝ որպես ժողովրդի մի մասնիկ, հավատս կորցրել եմ, որ այս մարդկանց կողմից որևէ փոփոխություն կտեսնեմ: Չեն փոխվել, այդքան տարի ժամանակ կար, թող փոխվեին, ես էլ ինչի՞ սպասեմ, արդեն կյանքիս մեկ երրորդն անցավ: Եթե ինչ-որ մեկը փոխվող լիներ, արդեն կհասցներ այս տարիներին փոխվել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am