Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ Հոկտեմբեր 27-ի գործով անելիքներ շատ կան, թե քննչական գործողությունների, թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների առումով։
«Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ քրեական գործի վերաբերյալ հրապարակային հանդես ենք եկել։ Պատգամավորները ևս տեղյակ են դրա մասին։ Իմ որոշմամբ վերաբացվել է այդ քրեական գործով կազմակերպիչների վերաբերյալ կայացված որոշումը, վերաբացվել է քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործով մեծ անելիք կա, ինչպես քննչական գործողությունների առումով, այնպես էլ օպերատիվ հետախուզական միջոցառումների առումով։ Վստահաբար կարող եմ ասել, որ դատախազական ներգործության բոլոր միջոցները անհրաժեշտ պահին կիրառվել և կիրառվում են այդ քրեական գործը բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Դավթյանը։
Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղբոր, քեռու և մի խումբ այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ են գնացել 8 պետական գործիչներ`ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը: 2020 թվականի փետրվարի 2-ին Դատախազությունը հայտնել էր, որ Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել: Դատախազությունն այսպիսով մասամբ բավարարել էր հասարակական-քաղաքական գործիչ, հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանի՝ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ Գլխավոր դատախազությանն ուղղված դիմումն, որով վերջինս խնդրել էր անջատված գործով քննչական խումբ ստեղծել: