Խաչատուրյան քույրերի գործը Ռուսաստանում․ ընտրություն մահվան եւ բանտի միջեւ

Խաչատուրյան քույրերի գործը Ռուսաստանում․ ընտրություն մահվան եւ բանտի միջեւ
Խաչատուրյան քույրերի գործը Ռուսաստանում․ ընտրություն մահվան եւ բանտի միջեւ

Կատարվածի պատճառների մասին՝ Forbes ամսագրի հոդվածում։ Թե ինչպես է ընտանեկան բռնության մասին օրենքի բացակայությունը բերում նրան, որ կանայք պետք է ընտրեն մահվան և բանտի միջև:

Հարցաքննության ժամանակ նրանք խոստովանել են իրենց մեղքը՝ հաղորդելով նաև հոր կողմից տևական բռնության մասին։ Նախնական պայմանավորվածությամբ սպանության մասին հոդվածը, որը նրանց առաջադրվել է, նախատեսում է մինչև 20 տարվա ազատազրկում։

Հայրն ու աղջիկները

Խաչատուրյան քույրերը կալանավորվել են 2018թ-ի հուլիսին այն բանից հետո, երբ նրանց տան մուտքի մոտ հայտնաբերվել է նրանց հոր դին, որի վրա 45 կտրած-ծակած վերքեր են եղել։

Աղջիկների խոսքով՝ երկար տարիներ հայրը նրանց ծաղրել է, ֆիզիկական և սեռական բռնության ենթարկել։ Ընդ որում, քույրերից մեկը հոգեկան շեղումներ ունի։

Քննության ընթացքում ստացված ցուցմունքների համաձայն՝ Խաչատուրյանը աղջիկների հանդեպ ոտնձգությունները սկսել է կնոջից բաժանվելուց հետո, սկզբնական ժամանակահատվածում՝ հերթով ավագ և միջնեկ քույրերի հանդեպ։

Քույրերից մեկը փորձել է ինքնասպան լինել այն բանից հետո, երբ հայրը ստիպել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն բժիշկները նրան փրկել են։

Աղջիկները նաև պնդում են, որ հայրը նրանց ստիպել է նաև խմբակային սեքսով զբաղվել։

Անգելինայի մտերիմները պատմել են նրա հանդեպ սեռական բռնության ավելի քան տասը հայտնի դեպքերի մասին։

Բժշկական փորձաքննությունը հաստատել է վնասվածքները, որ ստացվել են սեռական բռնության հետևանքով։ 2018թ-ից Խաչատուրյանն արգելել էր երեխաներին տնից դուրս գալ։

Քույրերը ստրուկների կարգավիճակում են եղել։ Կրեստինան հարցազրույցում պատմել է․

«Նա պահանջում էր, որ մենք մշտապես իր կողքին լինենք և գանք, հենց կանչի։ Նա հատուկ զանգ ուներ, զանգում էր, և մեզնից մեկն ակնթարթորեն պետք է նրա մոտ վազեր՝ ցերեկ լիներ թե գիշեր, և անել այն ամենն, ինչ կասեր։ Ջուր, ուտելիք բերել և շատ այլ բաներ․․․Նա նույնիսկ պատուհանը չէր բացում ինքնուրույն, մենք պետք է նրան ծառայեինք որպես ստրուկ»։

Ոստիկանություն տված բոլոր բողոքներն առանց պատասխանի էին մնում։ Ըստ «Նովայա գազետայի»՝ Միխայիլ Խաչատուրյանն ընկերական հարաբերություններ ուներ տեղի ոստիկանների հետ։

Տիպիկ դեպք

Արդյո՞ք շատ են Խաչատուրյանների դեպքի նման դեպքերը։

Վերջին երկու տարում մոտ երեք հազար կին դատապարտվել է նման հանգամանքներում սպանություն գործելու համար։ Ընդ որում, դեպքերի մեծ մասում խոսքը գնում է կնոջ կողմից ամուսնու, սիրեկանի կամ արական սեռի ազգականի սպանության մասին բռնությունից պաշտպանվելու փորձի ժամանակ։

Մոտ 8500 կին է տարեկան մահանում հանցավոր ոտնձգությունների պատճառով։ Խոսքը նրանց մասին է, ովքեր ձեռքի տակ չեն ունենում դանակ, ուժը չի հերիքում հարձակվողին հրել՝ քունքով դեպի պատուհանագոգը։ Այսինքն կինը միշտ ընտրություն ունի․ մահանալ կամ բանտ նստել։

Վիճակագրության բարելավո՞ւմ

2012թ-ին Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն ընտանեկան բռնության 34 հազար զոհի է գրանցել։ Հինգ տարի անց զոհերի թիվը կրկնապատկվել է 65.5 հազար՝ միայն 2016թ-ին։ Իսկ 2017-ից անսպասելիորեն զոհերի թվի կտրուկ նվազում է տեղի ունեցել՝ 36 հազար։ 2018թ-ին՝ ավելի քիչ։

Ինչո՞ւ։ Որովհետև օրենք է ընդունվել ընտանեկան բռնության ապաքրեականացման մասին։ Եթե մինչև 2017թ-ը կարելի էր բանտ նստել կնոջը ծեծելու համար, ապա այժմ մոտավորապես այնպիսի տուգանք է հասնում, ինչպես մեքենան սխալ կայանելու համար։

Ընդ որում, այն, ինչ կապված է ճնշման, նվաստացման, ծաղրանքի հետ՝ առանց բռնության գործադրման, ընդհանրապես չի պատժվում և չի կանխվում։ Եվ օրենքներում նույնիսկ ոչ մի անուն չունի։

Ինչո՞ւ է ընտանեկան բռնությունը հավասարեցվել մեքենան սխալ կայանելուն

Հիմնական պատճառները երեքն են։

Առաջինը բյուջետայինն է։

Ընտանեկան բռնությունից պաշտպանելը ռուսական պետության վրա թանկ կնստի։ Դրա համար անհրաժեշտ է ներդնել պաշտպանության կարգադրագրեր, որոնք արգելում են բռնարարին մոտենալ զոհին, և ծառայություն ստեղծել, որը դա կապահովի և կվերահսկի (այս մեխանիզմը գործում է 119 երկրներում, բայց ոչ Ռուսաստանում)։

Զոհերի համար, որոնք հաճախ առանց ապաստանի են մնում, այն էլ երեխաների հետ, պետական ապաստանների համակարգի ստեղծում է անհրաժեշտ։ Նման ապաստաններ Ռուսաստանում կան, բայց որպես մասնավոր նախաձեռնություն, և դրանք պահվում են գրանտերի ու նվիրատվությունների հաշվին։

Երկրորդ պատճառն արտաքին քաղաքականությանն է առնչվում։

Ռուսաստանը չի վավերացրել Եվրախորհրդի Ստամբուլյան կոնվենցիան՝ ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին։ Կոնվենցիային չմիանալն, ըստ երևույթին, եղել է պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների ընդհանուր սրացման հետևանք։

Երրորդ պատճառը ներքաղաքական է և կրոնական։

«Բռնության դեմ պայքարի և թույլերին պաշտպանելու պատրվակով․․․ գործում են նրանք, ովքեր փորձում են քանդել մեր հասարակությունն ու ոչնչացնել դրա հիմքն՝ ընտանիքն», – ասված է Ռուս ուղղափառ եկեղեցու՝ ընտանիքի, մայրության և մանկության պաշտպանության հարցերի հանձնաժողովի զեկույցում։

Այլ կերպ ասած, այժմ Ռուսաստանում պահպանողական դիրքորոշումն այսպես է հնչում․ «Ծեծում է, ուրեմն սիրում է»։