Վերլուծաբանները Օբամայի վերընտրվելու և Հայաստանի մասին. «Ավելի հստակ կտեսնենք ԱՄՆ դժգոհությունը Ադրբեջանի և Թուրքիայի առնչությամբ»

Վերլուծաբանները Օբամայի վերընտրվելու և Հայաստանի մասին. «Ավելի հստակ կտեսնենք ԱՄՆ դժգոհությունը Ադրբեջանի և Թուրքիայի առնչությամբ»
Վերլուծաբանները Օբամայի վերընտրվելու և Հայաստանի մասին. «Ավելի հստակ կտեսնենք ԱՄՆ դժգոհությունը Ադրբեջանի և Թուրքիայի առնչությամբ»

Ըստ քաղաքական վերլուծաբանների՝ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի վերընտրվելը մեծ հաշվով Հայաստանի և տարածաշրջանային զարգացումների վրա ազդեցության առումով էական փոփոխությունների չի հանգեցնի, սակայն միևնույն ժամանակ նրանք նշում են «երկկողմանի հարաբերությունների ամրացման» հնարավորության մասին:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում դեմոկրատ Բարաք Օբաման նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել հիմնական մրցակից համարվող թեկնածու հանրապետական Միթ Ռոմնիի հանդեպ:
«Սա երկիր է, որը մարմնավորում է յուրաքանչյուրի անձնական երազանքները: Մենք միասնական երկիր ենք,- իր հաղթանակից հետո հայտարարել է Օբաման,-Ամերիկայի Միացյալ Նահանգների համար լավագույնը դեռ առջևում է»:
Քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը կարծում է, որ Օբամայի հաղթանակը կպահպանի ԱՄՆ-ի քաղաքականության շարունակականությունը Հայաստանի նկատմամբ, սակայն նշանակալից փոփոխությունների հույսեր վերլուծաբանն առանձնապես չունի:

«Դա տրամաբանական է, քանի որ մինչ այդ էլ էր Օբաման իր նույն ծրագրով ու քաղաքականությամբ և այս անգամ էլ, նորից վերընտրվեց նա»,- «Մեդիալաբին» ասում է Բոզոյանը:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով` Օբամայի վերընտրվելը նշանակում է «հայ-ամերիկյան երկկողմանի հարաբերությունների ամրացում»:

«Կարևոր է նշել, որ Ռոմնին չընտրվեց, քանի որ Ռոմնին և նրա կողմնակիցները ավելի շատ ադրբեջանամետ էին»,- «Մեդիալաբին» ասում է Կիրակոսյանը:

Նա նշում է, որ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ փոփոխություններ չի կրի, բայց ավելի հստակ կտեսնենք Միացյալ Նահանգների դժգոհությունը Ադրբեջանի և Թուրքիայի առնչությամբ:

«Ադրբեջանի պարագայում դա կապված է Ադրբեջանի կողմից խաղաղ գործընթացին ուղղող վտանգի հետ, իսկ դժգոհությունը Թուրքիայից այն է, որ վերջինս չի կարողանում իրագործել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավում»,-ասում է Կիրակոսյանը:

Բարաք Օբամայի վերընտրվելու կապակցությամբ արդեն իսկ շնորհավորական հայտարարությամբ հանդես է եկել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը` նշելով, որ ակնկալում է համագործակցություն Օբամայի վարչակազմի և Կոնգրեսի հետ` հայ համայնքի համար առաջնահերթություն ներկայացնող մի շարք խնդիրներում։

«Մենք շնորհավորում ենք նախագահ Օբամային հաղթանակի առթիվ, ողջունում նահանգապետ Ռոմնիին լավ անցկացրած ընտրարշավի կապակցությամբ և շնորհակալություն հայտնում ամերիկահայ ընտրողներին, որոնք այսօր աննախադեպ ակտիվությամբ գնացին ընտրատեղամասեր` աջակցելու դաշնային, նահանգային և տեղական թեկնածուներին, որոնք սատարում են մեր համայնքի համար հատուկ կարևորություն ներկայացնող հարցերը»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի նշել է Քեն Խաչիկյանը:

© Medialab.am