Երևանի քաղաքապետի պաշտոնավարումը ժամկետից շուտ ավարտելու հարցով քննարկում չկա. Աղաջանյան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավորումը սահմանված ժամկետից շուտ ավարտելու մասով քննարկումներ չկան: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է քաղաքապետի փոփոխության հարց:

«Երևանի քաղաքապետն ընտրված է կոնկրետ ժամկետներում պաշտոնավարելու տրամաբանությամբ: Այդ ժամկետը դեռևս չի ավարտվել: Եվ այս պահի դրությամբ որևէ քննարկում առ այն, որ այդ ժամկետներից ավելի վաղ պետք է այդ պաշտոնավարումն ավարտվի, չկա»,-ասաց Աղաջանյանը:

Նա հիշեցրեց, որ դա միայն հնարավոր կլինի օրենքով սահմանված մի քանի ընթացակարգերով. օրինակ, երբ քաղաքապետն ինքը հրաժարական կտա կամ ավագանին անվստահություն կհայտնի:

Անդրադառնալով լրատվամիջոցներից մեկում տարածված տեղեկության վերաբերյալ հարցին, թե Հայկ Մարությանը հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ խմբակցության պատգամավորը հորդորեց այդ հարցով դիմել Հայկ Մարությանին կամ Ռոբերտ Քոչարյանին: