ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ջերմ ընդունելությամբ է դիմավորել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանին։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ կողմերը ստորագրել են պաշտպանության ոլորտում ռազմավարական համաձայնագիր և հայտարարել են թագավորության կողմից ԱՄՆ-ում հարյուր միլիարդավոր դոլարի ներդրումների մասին։ Ինչպես հայտնում է The Associated Press-ը, երկու երկրները պայմանավորվածություն են ձեռք բերել նաեւ Սաուդյան Արաբիային ամերիկյան F-35 կործանիչների վաճառքի շուրջ։
Գործակալությունը հիշեցրել է, որ Պենտագոնի որոշ պաշտոնյաներ դեմ էին համաձայնագրին՝ մտավախությամբ, որ առաջադեմ տեխնոլոգիան կարող է հասանելի դառնալ Չինաստանին, որն ունի սերտ կապեր Սաուդյան Արաբիայի հետ։ Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ Իսրայելը արդեն ունի F-35-եր և դժգոհ կարող է լինել, եթե Սաուդյան Արաբիան նույնպես ստանա դրանք։ Իսրայելյան կողմը, սակայն, ազդարարել է, որ դեմ չի լինի վաճառքին, եթե Սաուդյան Արաբիան կարգավորի հարաբերությունները Իսրայելի հետ Աբրահամյան համաձայնագրերի շրջանակում։
Սպիտակ տանը Մուհամմադ բին Սալմանը կրկնեց թագավորության դիրքորոշումը՝ ընդգծելով, որ Սաուդյան Արաբիան կմիանա Աբրահամյան համաձայնագրերին միայն այն դեպքում, եթե երաշխավորված և վստահելի ուղի ձևավորվի դեպի պաղեստինյան պետականություն և Մերձավոր Արևելքի կարգավորում՝ երկու պետություն լուծման սկզբունքով։
Բացի F-35 կործանիչների շուրջ բանակցություններից, երկուստեք ստորագրվել են նաև համաձայնագրեր, որոնց համաձայն Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից ձեռք կբերի 300 տանկ։ Թրամփի խոսքով՝ թագավորությունը ամրապնդելու է իր ռազմական կարողությունները ամերիկյան ռազմական տեխնիկայի խոշոր գնումների շնորհիվ՝ դրանց վրա ծախսելով մոտ 142 միլիարդ դոլար։ Նա ընդգծել է, որ այս գործարքները կամրապնդեն ոչ միայն երկու երկրների անվտանգությունը, այլ նաև Սաուդյան Արաբիայի դերը՝ որպես տարածաշրջանում կայունության կարևոր գործոն։
Թրամփը նաև հայտարարել է, որ կողմերը պատրաստվում են համաձայնագիր կնքել քաղաքացիական միջուկային ծրագրի շուրջ։ Բացի այդ, ընթրիքի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան ներառվելու է ՆԱՏՕ-ին չվերաբերող՝ ԱՄՆ-ի հիմնական դաշնակից երկրների ցանկում, ինչը, The Associated Press-ի գնահատմամբ, որոշակի առավելություններ է ապահովում պաշտպանության, առևտրի և անվտանգության համագործակցության ոլորտներում։



















