«Ճգնաժամը շատ սեգմենտների հետևանք է, նաև՝ իշխանությունների դանդաղ, ոչ միշտ ադեկվատ, վեհերոտ գործողությունների». Հրանուշ Խառատյան

Լուսանկարը՝ «Սիվիլնեթ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը

– Տիկի՛ն Խառատյան, Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ անցկացված հարցման արդյունքներով՝ քաղաքացիների 33  տոկոսն ասել է, որ պատրաստ է ընտրություններում քվեարկել իշխող քաղաքական ուժի օգտին: Ի՞նչ է սա նշանակում: Շատերն ասում են, որ իշխող ուժը ստեղծված ճգնաժամի հեղինակն է, բայց մարդիկ նրա օգտին են քվեարկում:

– Գտնում եմ, որ ճգնաժամը շատ սեգմենտների հետևանք է: Այո՛, նաև մեծ հաշվով իշխանության և նաև դեռ նախապատերազմական շրջանի իշխանությունների գործողությունների դանդաղ, ոչ միշտ ադեկվատ, ոչ միշտ օրինական և վեհերոտ գործողությունների հետևանք է: 

Բայց ես գնահատական չունեմ, որ շատերի կարծիքով հենց իշխանություններն են կոնկրետ այսօրվա ճգնաժամում ավելի մեծ մեղքի բաժին ունեցողը: Ես շատ եմ ջանում անկեղծ ու ազնիվ լինել: Պատերազմի հետևանքները մեր բնակչության որոշ մասը ուղղակի համարում է իշխանությունների գործողությունների հետևանք:

– Պատերազմ, տարածքային ու հատկապես՝ մարդկային կորուստներ…

– Այո՛, իմ վերլուծություններով շատերը դատապարտում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը և դրա ստորագրումը: Ամենախուլ գյուղերում, նույնիսկ ոչ շատ գրագետ մարդիկ շատ լավ հասկանում են ու ամեն ինչ և երևույթները իրարից տարբերակում են: 

Երբ մենք ընդհանուր ճգնաժամային վիճակ ենք ասում՝ սկզբունքորեն չտրոհելով այն բաղկացուցիչների, կորչում է պատկերը: Ես չգիտեմ՝ սոցհարցում անցկացնողները հարցերն ինչ բաղկացուցիչների են տրոհել, քանի որ հազար ու մի բաղկացուցիչներից է ստեղծված ճգնաժամը կազմված: 

Այդ թվում նաև՝ նախկին իշխանություններն էլ, ներկա իշխանություններն էլ սոցիալական համաձայնության խնդիրների վերաբերյալ առհասարակ որևէ նորմալ, լուրջ կառավարման քայլ չեն արել: Հասարակությունը, ըստ էության, ամեն ընտրությունից հետո պառակտված է եղել շատ հակոտնյա խմբերի: 

Ինչ վերաբերում է հարցմանը, եթե այս իշխանությունները այս նույն կազմով գնան, գուցե այդքան ձայն հավաքեն: Բայց ես իմ սեփական հարցումների արդյունքներն ունեմ և կարող եմ ասել, որ եթե այս իշխանությունները թարմացնեն իրենց մարդկային ռեսուրսները, կազմը, կարող են նույնիսկ մեծ տոկոսներ հավաքել: Այսինքն՝ ստանալ որակական 50 տոկոս:

Այս վերլուծությունների նպատակը, կարծում եմ, նաև այն է, որ քաղաքական ուժերը կողմնորոշվեն՝ իրենք պատրա՞ստ են ստեղծված վիճակում արտահերթ ընտրությունների: 

– Նույն հարցման համաձայն՝ 42 տոկոսն ասել էր, որ չի պատրաստվում քվեարկել դաշտում գոյություն ունեցող որևէ ուժի օգտին: Կարելի՞ է կարծել, որ նոր ու առողջ ուժի կարիք կա: 

– Այո՛, դրա կարիքը վաղուց կա: Կարծում եմ՝ քիչ թե շատ հավասարակշիռ լրատվամիջոցներով քիչ թե շատ փորձագիտականին մոտ վերլուծությունները անընդհատ խոսում են երրորդ ուժի անհրաժեշտության մասին: 

Ընդ որում՝ խոսքը թե՛ մարդկային տեսակի, թե՛ ծրագրերի մասին է. ի՞նչ կոնկրետ ծրագրեր պետք է լինեն, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի բնակչությունը պատկերացնի և հավատա, որ դա ինչ-որ չափով պրագմատիկ է, օդից վերցրած խոստում չէ: Մարդիկ, այո՛, սպասում են դրան:

– Տիկի՛ն Խառատյան, ի դեպ, ներքաղաքական իրավիճակի մասին. նախագահը հրավիրել է արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերին հանդիպման ստեղծված ճգնաժամը լուծել փորձելու համար: Ի՞նչ եք կարծում, կհաջողվի՞ այս վիճակից դուրս գալ:

– Իսկ որո՞նք են այդ ուժերը:

– Դե, հրապարակում կանգնած ուժերը և խորհրդարանում ներկայացված ուժերը:

– Բայց հարցս հետևյալն է՝ հրապարակում կանգնածները որպես մեկ ո՞ւժ են նախագահի կողմից հրավիրված, թե՞ որպես 17 տարբեր, առանձին ուժերի ներկայացուցիչներ: Սրանք տարբեր բաներ են: 

Հրապարակում կանգնած 17-ը այս պահին իրեն որպես մեկ ուժ են դիրքավորել, բայց իրականում այնտեղ լիքը հակասություններ ունեցող խմբեր են, և շատ վստահ չեմ… 

Այո՛, կարող է նրանք այս պահին միասնական կարծիք ունեն՝ վարչապետի հրաժարական, նոր վարչապետ և դրանից հետո միայն ընտրությունների մասին խոսակցություն: Բայց միևնույն է, պետք է հասկանալ՝ ի՛նչ ֆորմատով է լինելու հանդիպումը, և ո՛ր ուժերն են ներկա լինելու: 

Իսկ 17-ից դուրս և ոչ էլ իշխանությանը սատարող ուժերը ներկա լինելո՞ւ են: Ինչևէ, ցանկացած պարագայում, անկեղծ ասած, չեմ սպասում, որ նախագահի մոտ որևէ լուծման տարբերակ ձևավորվելու է: Ես այդ հարցում ռեալիստ եմ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am