ՄԻՊ-ը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին է ուղարկել Վարդենիսի գյուղերի հրետակոծմանն առնչվող զեկույցը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Ադրբեջանի կողմից Վարդենիսի շրջակա գյուղերը հրետակոծելու վերաբերյալ զեկույցը և ուղարկել  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 29-ին միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այն կիրառելու որոշում էր կայացրել: Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով,պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց: