Համերի հիշողություն. Վադիմը 

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց:

Երևանյան մի տաք առավոտ հայտնվեցի Ստեփանակերտի «Թումանյան’ս ART» սրճարանի համահիմնադիր Վադիմ Բալայանի հետ մեկ սեղանի շուրջ՝ արդեն նրանց երևանյան սրճարանում: Փիփերթով ապուր և դոշաբով հալվա համտեսելուն զուգահեռ Վադիմի հետ ճամփորդեցի նրա սննդային հիշողության միջով, որը մանդարինի, Մարիա տատի թխած ջեմով կեքսի համ և բույր ունի: 

Վադիմ Բալայանը ծնվել է Ստեփանակերտում 1976 թվականին ու մեծացել մոր և տատի հետ, հետևաբար նրա պատումի մեջ կանայք լրջագույն դերակատարում ունեն: Մանկավարժ տատի պաշտելին էր թոռը, որին ոչ միայն կաթոգին սիրում էր, այլ նաև՝ ջանասիրաբար երես տալիս: 

Պատուհանի մոտ՝ բազկաթոռին թիկնած, շյուղերը ձեռքին, սպիտակահեր ու փոքրամարմին կինը, սակավությունից ելնելով, թե՞ սովորույթի համաձայն, գործվածքի համար թել չէր գնում, այլ դիմում էր հնարքի: Եթե նոր բան էր ցանկանում գործել, վերցնում էր հին գործվածքը, քանդում ու մեկ այլ բան ստանում դրանից: Վադիմն ասում է՝ փոքր-մոքր կնիկ էր՝ իսկական մուլտֆիլմի տատիկների պես: 

«Ես չուտող երեխա էի ու քմահաճություններ ունեի, որոնք այս երկու կանայք տանում էին: Բաբուլյան՝ նրան այդպես էի դիմում, ամեն ինչի պատրաստ էր, միայն թե հաջողացներ ինձ մի բան կերցնել: Ճաշը եփում էր, միսը ջլերից ու ավելորդ այլ բաներից ազատում, նոր միայն հրամցնում»: 

Ստեփանակերտում, որտեղ անցել է Վադիմի մանկությունը, հաճախ ադրբեջանցիները կաթնամթերք էին բերում վաճառելու: Կային քաղաքի ծայրամասերում գտնվող թաղամասեր, որտեղ նրանք ապրում էին, զբաղվում այգեգործությամբ ու անասնապահությամբ: Վադիմը հիշում է, որ տատը մի ընկերուհի ուներ, որին քիրվա էին ասում, որը ավանակով գալիս էր և կաթը, ձուն, երբեմն՝ մոշը, ծախում:

1970-ականներին նախաճաշին խորհրդային քաղաքացիներն իրենց ճոխություններ չէին կարող թույլ տալ, սակայն գրեթե բոլորի առավոտվա սեղանին կարելի էր գտնել մեղր, կարագ, կաթնաշոռ, հաց և ձու: Բայց կար մի նախաճաշ, որ ընդունված էր հիմնականում ճաշարաններում, դպրոցներում և մանկապարտեզներում: Մանրաձավարը՝ «մաննայա կաշան», Վադիմի հիշողություններում դոնդողի ձև ունի: Այն հնարավոր չէր գդալով ուտել. դանակով կտրում էին, համտեսում, հետո դրան էր միանում կիսելը:

«Գիտեմ, որ շատ երեխաների մանկական տրավման է կիսելը, ես ինքս էլ չէի սիրում ու չէի ասի, որ դա ընտանեկան նախաճաշի բաղկացուցիչ մաս էր, ավելի շատ մանկապարտեզների ու ճամբարների ճաշարանների»: 

Վադիմը հիշում է մի հումոր, որ շատ տարածված էր իր մանկության տարիներին: Մեկը մյուսին հարցնում է՝ բանան կերե՞լ ես, ինչին էլ պատասխանում է՝ ես՝ չէ, բայց գիտեմ մարդու, որը փորձել է: Խորհրդային տարիներին ապրող ամեն քաղաքացի ուներ մի ծանոթ, որ բանան էր փորձել, բայց երեխաները դրա կարիքն էլ չէին զգում, քանի որ նրանք մանկապարտեզում համտեսում էին Մարոկկոյից բերված անուշաբույր մանդարին: 

«Մանդարինի վրա քառակուսի պիտակ կար, վրան գրված՝ Մարոկկո, որը մենք՝ երեխաներս, կպցնում էինք մեր ճակատին ու ման գալիս: Մեզ համար այս երկրի խորհրդանիշը մանդարինն էր, որն արտակարգ համեղ էր»: 

Երբ Վադիմի մայրը երկրորդ անգամ ամուսնացավ, նա շարունակում էր տարվա մի մասը տատի տանն անցկացնել, հատկապես երբ ուզում էր փախչել, թաքնվել ամենքից, մտքերը հավաքել ու նորից գտնել ամենասիրելի անկյունը: Տանիքի տակ իր համար աշխատասենյակի պես մի բան էր սարքել, որտեղ սիրում էր օրն անցկացնել: 

«Շատ չարաճճիություններ էի անում, խեղճ տատս էլ կրում էր դրանց հետևանքները: Ինքը շատ հարգված ուսուցչուհի էր, այդ պատճառով չէին համարձակվում վատաբանել ինձ: Բայց մի անգամ հարևանուհու աղջկանից արևածաղկի սերմեր էի ուզել, չէր տվել, ես էլ բանջարով ծեծել էի նրան: Տատիս ասել էին՝ չտեսնենք ձեր թոռանը մեր աղջկա հետ խաղալիս»: 

Տատը ֆիրմային բաղադրատոմս ուներ, որ շատ պարզ բաղադրիչներից էր կազմված, բայց դրա համնուհոտը այդ սիրառատ ձեռքերի մեջ էր: Ջեմով կեքս, որ ամբողջ տնով մի անմահական բույր էր տարածում ու մինչև օրս մնում տատի մասին Վադիմի ամենագորովագութ հիշողություններից մեկը: 

Մայրը թռչնի կաթ էր պատրաստում, ու ինչպես գյուղերում էին լավաշը մեծ քանակով թխում և պահում, այնպես էլ այս թխվածքի շերտերը մոտ քառասուն հատ թխում էր, պահում, որ ցանկացած պահի վրան կրեմ քսեր ու վերջ՝ պատրաստ է:

Նրանց սեփական տան բակում ազնվամորին աճում էր փթթուն և առատ, բակում նաև թթի ծառ կար, ու տատն ասում էր, որ մինչև նախաճաշելը պետք է թութ ուտել. առողջարար է: Մինչև հիմա Վադիմը երբեք թութ չի գնում. այն պիտի ծառից քաղել, այդպես ուրիշ համ ունի, և ուրիշ ջանք կա դրա մեջ: 

90-ականների պատերազմի ժամանակ Ստեփանակերտի հացի գործարանում թմբլիկ հացեր էին թխում՝ նման Հրազդան տեսակի հացին, բայց՝ կլորավուն: Երբ Վադիմը գնում էր գործարանից հաց գնելու, ոտքի ճանապարհ էր անցնում: Անպայման մի հաց ավելի էր վերցնում, ճանապարհին ներսի խմորը ուտում էր ու սպասում ամենախրթխրթան մասին՝ դա մի այլ վայելք էր, որ պետք էր դանդաղ ու ըմբոշխնելով ուտել: Քաղաքի պատերի վրայով թռչելով, սիրելի բակերը չափչփելով՝ նա վայելում էր աշխարհի ամենահամեղ ու անկրկնելի հացը, որն աղանդերի պես մի բան էր՝ այնքա՜ն համեղ, որ պետք էր վերջում ուտել:

«Երբ շարժման տարիներին հրապարակում ցույցեր էին լինում, ռուս զինվորներին կանգնեցնում էին, որ հսկեին, չթողնեին անկարգություն լիներ: Մի անգամ հացերը վերցրած՝ տուն եմ գնում, անցա հրապարակի միջով: Խմորն արդեն կերել էի, հասել էի ամենասիրածս մասին, երբ տեսա, թե ինչպես այդ զինվորներին մեկը՝ մոտ 18 տարեկան, հոգնած և սոված ինձ է նայում: Խնդրեց՝ մի կտոր կտա՞ս: Հասկացա, որ պիտի ընտրություն կատարեի՝ տա՞լ նրան իմ սիրած պատառը, թե՞ ոչ»: 

Վադիմը կիսվեց իր ամենասիրած հացով ռուս զինվորի հետ, ու սա լավագույն դասերից մեկն է եղել իր համար: Դժվարին պահին, երբ շատ քիչ բան կա ուրախանալու համար, ամենասիրած մասը անծանոթին, օտարին տալը հեշտ չէ, բայց սա սովորեցնում է կարեկցող ու ապրումակցող դառնալ, հասկանալ, որ աշխարհում մենակ չես, ու որ լավագույն բանը հենց մարդու հետ հաց կիսելն է՝ այս դեպքում բառիս ուղիղ իմաստով: 

«Ինձ կանայք են դաստիարակել, երևի դրանից է, որ բարությունն իմ մեջ շատ էր: Նրանց հետ ապրելով՝ նրբանկատություն էի սովորում, բայց նաև չարություններ էի անում՝ չնայած տեսքս բոլորովին չէր ակնարկում, թե ի վիճակի էի»: 

Վադիմը հիշում է իր մանկության «աղշամ բազար»-ները (երեկոյան շուկա թարգմանաբար): Այս շուկաների յուրահատկությունն այն էր, որ եթե ցերեկը, օրինակ՝ խնձորի մեկ կիլոգրամն արժեր հիսուն կոպեկ, երեկոյան շուկայի ժամանակ խնձորի «բլուրը» մեկ մանեթով էին վաճառում: Վաճառասեղաններին թուրքերը դեղձերը դասավորում էին կոկիկ, ու պտուղները հատիկ-հատիկ մաքրում էին զուգագուլպաներով: Մեծ ապակյա տարա էին վերցնում, վրան հագցնում զուգագուլպան ու դեղձը սկսում մաքրել այնքան, որ ասես կոսմետոլոգի մոտ գնացած դեղձ լիներ: 

«Երբեմն վաճառողին հարցնում էիր՝ լա՞վն է, միանգամից դանակը հանում էր, կտրում ու հյուրասիրում: Վերջում մի բուռ ավելի էին լցնում՝ սա էլ երեխային՝ ասելով: Դա շուկայի օրենքն էր՝ կապ չուներ ազգությունը»: 

Մայրն ամեն աշխատավարձ ստանալուն պես Վադիմին տանում էր Աղդամ, որտեղ Խորհրդային Միության ամենահայտնի շուկաներից մեկն էր գործում: Մեծ տոնավաճառ էին կազմակերպում, ու մի շրջանում, երբ իսկապես ամեն ինչի պակաս կար, Միության տարբեր երկրներից գալիս էին այս հայտնի տոնավաճառ՝ ամենայուրահատուկը գտնելու: Մարդիկ ողջ տարին գումար էին հավաքում Աղդամի շուկայից գնումներ անելու համար՝ կահույքից սկսած մինչև սպասք, ուտելիք, հագուստ և այլն: 

«Մի հայտնի հումոր կար՝ մեկը մյուսին ասում է՝ գիտե՞ս, Խորհրդային Միությունը ատոմային ռումբ է արտադրում, մյուսը հարցնում է՝ Աղդամում կա՞: Եթե չէ, ուրեմն սուտ էր»:

Աղդամից գնում էին «Չինար» հայտնի կոնֆետը՝ բոնբոներկան, որ Վադիմի ամենասիրած քաղցրավենիքն էր ու դժվար գտնվող մի բան այդ ժամանակ: Այդ տոնավաճառից նաև հագուստ էին առնում ու պարտադիր կերպով՝ Վադիմի հավաքածուի համար խաղալիք մեքենա: Սա մոր աշխատավարձի ամենակարևոր մասն էր՝ ոչ մի պարագայում չխախտվող մասը: 

«Տատի հատակի մեջ լիքը անցքեր կային, ու մեքենաներս վթարի էին ենթարկվում, արագ փչանում: Բացի այդ, ես սիրում էի քանդել մեքենաները, տեսնել, թե ներսում ինչ կար»: 

1991 թվականին տիկին Մարիան մահացավ ընդամենը 72 տարեկանում՝ Վադիմի գրկում: Նա հիվանդ էր, ու թե՛ աղջիկը, թե՛ թոռը գիտեին, որ վաղ թե ուշ պատահելու էր այդ: Կողքին նստած՝ Վադիմը տեսավ, թե ինչպես իր փոքրամարմին տատիկը՝ երես առած մանկության երաշխավորն ու ամենահամեղ ջեմով կեքսի հեղինակը, հեռացավ իրենից: 

Հ.Գ. Վադիմը զրույցի ընթացքում հիշեց մի դրվագ, ու ես զգացի, որ նա հենց այդ պահին թախանձագին կարոտեց տատին ու իրեն՝ այդ շրջանում: Մանկության տարիներին մի անգամ եկել էր Հայաստան ճամբարի մասնակցելու: Երկար ժամանակ պետք է բացակայեր տնից, այն էլ՝ առանց տատի ու մոր: Տատը նրան մի երկարաշունչ նամակ էր գրել այդ ընթացքում, նշել, որ կարոտում է անսահման, որ իր տեղը երևում է անտանելիության չափ, որ ամեն տեղ իրենց կատուն փնտրում է Վադիմին: 

Պատմելիս նա հանեց հեռախոսն ու ինձ ցույց տվեց մեկ այլ կատվի՝ Կոտեի նկարը, որը Ստեփանակերտի «Թումանյան’ս ART»-ի այցեքարտն էր, հյուրերին առաջին դիմավորողը: Նա մի փամփլիկ կատու էր՝ տիրակալը իր տան: Դա է պատճառը, որ երբ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով նրանք տեղահանվեցին, Կոտեն մեքենայի մեջ այնպիսի աղմուկ բարձրացրեց ու սկսեց ճանկռել մեքենայի պատուհանները, որ ստիպված էին նրան մեքենայից հանել: Իսկ նա գնաց ու նստեց իր տեղում՝ ասես ցուցադրաբար ընդգծելով տանտիրոջ իրավունքը՝ այն, որ տեղահանումից հետո անգամ չես կարող խլել ոչ ոքից:

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի

MediaLab.am