Համերի հիշողություն. Նարինեն

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց:

Տավուշի մարզի գողտրիկ անկյուններից մեկում՝ Բերդում, 1970-ականներին մեծանում էր մի աղջիկ՝ գրող Նարինե Աբգարյանը: Երկհարկանի տանը, որտեղ անցել է նրա մանկությունը, ապրում էր իր և հորեղբոր ընտանիքը: 

«Իմ մանկության Բերդն ավելի սիրուն էր. քարապատ տներ՝ շուշաբանդերով (ապակեպատ պատշգամբ), որոնք խաղողի վազերով էին պատված, ամեն բակում թթի ծառ, տակը՝ նստարան, որի վրա մարդիկ նստում էին, մաքրում մուրաբայի պոպոքը, հետո՝ լոբին, սիսեռը և այլն»: 

Խորհրդային Միության փլուզումից հետո Բերդի ճարտարապետական կառուցվածքում փոփոխություններ եղան: Պատշգամբների մեծ մասը քանդեցին, ու դա դարձավ Նարինեի անձնական դրաման, որովհետև այս տեղանքն իր մանկության տարիներին ասես պրովանս լիներ՝ գյուղական, հասարակ, պարզ ու միևնույն ժամանակ անչափ գեղեցիկ, ուրույն ճարտարապետական ձեռագրով: 

Նարինեի նանիի՝ տատի մոր պատշգամբի հատակը լազուրի գույն ուներ, պատերը սպիտակ էին, իսկ առաստաղը՝ կապույտ: Խաղողի տերևների անցքերից երևում էին սարերը, որ վազերի վարագույրը լայն բացելուն պես այնքան հաղթական էին թվում: Բերդում պարտադիր էր այգի ունենալը, կարևոր նախապայման էր նաև փուռը՝ կառուցվածքով շատ նման ռուսական վառարաններին, որտեղ բերդեցիները հաց էին թխում, հետո՝ գաթա: Այստեղ լավաշ թխելն ընդունված չէր, բայց Նարինեի պապի մայրը՝ Շարական տանը, որ գաղթել էր Արևմտյան Հայաստանից, անհաշտ էր այդ մտքի հետ, դրա համար գետից կավ էր բերել ու թոնիր սարքել, որ լավաշ թխեր: 

«Ես նրան չեմ տեսել, բայց հայրս պատմում էր, որ շատ սիրուն կին էր: Լավաշ թխելուց հետո կանչում էր թոռանը՝ Դրաստամա՜տ, պապիրոսըմ տա՞ս»: 

Գրողի մանկության հիշողությունները սկսվում են լազուր պատշգամբներից, հետո խաղողի վազի հետ հյուսվում և ձգվում մինչև թթի հաստաբուն ծառը (ի դեպ, թութը հետո օղու էր վերածվում), որի վրա նստած՝ կարող էին հետևել մեծերի անցուդարձին: 

Փռում թխված առաջին հացը՝ բոքոնը, տատը հանում էր, մեջտեղից ճղում, «կափարիչը» բացում, մեջը դնում տնական կարագ, պանիր ու կանաչի: Կափարիչը փակում էր ու խնդրեմ՝ աշխարհի լավագույն սենդվիչը, որի ներսում պանիրն ու կարագն ընկերացել են ու պատրաստ են համտեսի: Ամեն մեկը թթան ճղների վրա նստում էին ու ըմբոշխնում իրենց բաժին պատառը: Ծառի վրա միշտ շատ երեխաների ճոճվող ոտքեր կային, որոնք չարախնդում էին՝ նայելով նանիին, որ հա կռիվ էր անում Բերդի աներես ճնճղուկների հետ: 

Կոմունիստ պապի «Պրավդա» թերթով էր տատը պայքարում թռչունների դեմ, որ արևածաղկի սիրահար էին ու դարանակալում էին նրան, հետո հարձակվում թերթերի վրա՝ ուզածին հասնելու համար: Բայց նա ճնճղուկների դեմ ևս մեկ զենք ուներ՝ իր զրնգուն ձայնը, որ նրանց ահուսարսափն էր, հատկապես եթե դրա հետ մեկտեղ նետում էր իր հայտնի «պերճախոսությունը»՝ այ հողե՜մ ձեր գլուխը… 

Տան կտուրից նայելիս՝ ամբողջ Բերդը ասես ափի մեջ լիներ, բայց Նարինեի սիրած գործը կենդանիների՝ լուռ համաձայնեցված գործողությանը հետևելն էր: 

«Առավոտ կանուխ Բերդի ամեն բակից մի կով էր դուրս գալիս ու ճամփա ընկնում, հետո նրան մոտենում էր մի ուրիշ կով այլ բակից, քիչ անց՝ մյուսը: Կովերի՝ իրար հանդեպ սոլիդարությունն ու նույն ուղղությամբ գնալը զարմանք էր առաջացնում: Ամեն կով ասես իր նավիգատորն ուներ, որ նրան ուղղորդում էր ճիշտ նույնությամբ վերադառնալ տուն իրիկնադեմին»: 

Գյուղական միջավայրում սննդի նկատմամբ վերաբերմունքը բոլորովին այլ է ու հաճախ՝ խիստ տարբերվող քաղաքի սննդային մշակույթից: Միջավայրն իր անմիջական ազդեցությունն է թողնում այդ վարքի ձևավորման վրա, և գյուղում միամտորեն կարծում էին, թե ամեն բան անարատ է. գյուղ է, հապա ինչպե՞ս կարող է կեղտը կեղտոտ լինել:

«Երբ մի բան ընկնում էր գետնին, վերցնում էինք, ու մայրս սարսափահար վազում էր, որ թույլ չտար մեզ ուտել, տատս այնքան անկեղծորեն էր գոռում՝ ա՛յ աղջի, թո՛ղ, դա մաքուր կեղտ ա, էդ էրեխեն պտի ուտի, որ չհիվանդանա, որ մեղք կլիներ նրան չհավատալը»: 

Երբ բանջարը (եղինջին Տավուշում, Լոռիում և այլ շրջաններում ասում են բանջար) նոր էր դուրս գալիս, տատը քաղում էր, ափերի մեջ շաղախում, մի քիչ աղ անում ու տալիս թոռներին և ճուտիկներին՝ վստահեցնելով, որ դա իսկական դեղ ու դարման է: 

Երջանկություն է, երբ տանը կա այն հեղինակավոր մեկը, որի շուրջը կարելի է համախմբվել ու սննդի վայելումը մեկտեղել խրատների, զրույցների հետ: 

Սնունդը հենց այնպես չէ, որ համարվում է միավորման բաղադրիչ: Մարդիկ անկեղծանում էին կերակուրի շուրջ, դառնում ավելի անմիջական, կիսում էմոցիաներ անգամ անծանոթների հետ, այդ պատճառով էր, որ Նարինեի տատը թոռներին մրգեր ուտեցնելու համար հավաքում էր իր մոտ ու սկսում հեքիաթ պատմել, հետո խրատ տալ, թե կերեք, որ ուժեղանաք, թշնամուն հաղթեք: 

Տավուշի մարզը հայտնի է խոզի մսի անարատ ու յուրահատուկ համով: Խոզերը սարերում էին ապրում՝ ազատ վարք ունեին, փակված չէին որևէ տարածքում: Կաղին էին ուտում, անհոգ թրև էին գալիս, դրա համար փոքրամարմին էին, յուղոտ չէին ու անչափ համեղ: 

Տավուշյան խոհանոցում այդ շրջանում գերիշխում էին սալտիսոնը, խոզապուխտը, որն ավելի շատ պրոշուտո էր: Այս յուրահատկությունը կապված էր Խանլարի (մինչև 1938 թվականը այն կոչվել է Ելենենդորֆ և բնակեցված է եղել գերմանացիներով, այնուհետև վերանվանվել է Խանլար մինչև 1991 թվականը, այժմ՝ Գյոյգյոլ) կողմի ժողովրդի հետ, որտեղ մեծ թվով գերմանացիներ էին ապրում (գերմանացիները Անդրկովկասում հայտնվել են 19-րդ դարի սկզբին): Հենց գրողի ընտանիքի խոհանոցային ավանդույթների ձևավորման մեջ նաև արցախյան ձեռագիր կա, քանի որ Նարինեի գերդաստանի մի մասը Արևմտյան Հայաստանից էր, մյուսը՝ Արցախից: 

Նրա սննդային հիշողություններում փոքրիկ, բայց հատկանշական դրվագով նաև առանձնանում է հայրը: Հիշում է, որ նա մածունի մեջ հաց էր բրդում, շաքարավազ լցնում ու բաժանում բոլոր երեխաներին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծնված սերունդը անցել էր հետպատերազմյան բոլոր դառնությունների միջով: Սննդային հիշողություն ձևավորելու համար մարդիկ ոչ սիրտ, ոչ էլ հնարավորություն ունեին, բավարարվում էին եղածով ու փորձում ստեղծարար լինել՝ ինչքան որ հնարավոր էր: 

«Մենք հստակ գիտեինք, որ այ հիմա պապան էլի կարոտեց իր մանկությունը: Այդ կարոտի պահին էր, որ նա մածունի մեջ վառարանում թխած հաց էր բրդում, մի քիչ շաքարավազ ավելացնում ու հենց նստում էր ուտելու, մենք թարսի պես շարվում էինք կողքին, ու նրան բան չէր մնում»: 

Երևի չկա մեկը, որ ապրել է 80-90-ականներին ու չի ասոցացնում իր մանկությունը բարակ շերտերով կտրատված կարտոֆիլի հետ, որին Բերդում ծիպուլ էին ասում, իսկ այլ շրջաններում՝ պլեճ: 

Նանիի կերպարը Նարինեի մտքում ամփոփված է հենց այդ դրվագում՝ վառարանից եկող միալար ձայն, որ երբեմն ընդհատվում էր կրակի բռնկուն ճտտոցով, պատերի վրա ստվերների ներկայացում, որ լուսավորում էր բարդ ու հակասական շրջանում ապրող սերնդի մանկությունը, ու տատը՝ գոգնոցը կապած, գործած ժակետը հագին, գլխին՝ պարտադիր գլխաշոր: 

Երբ նանիին մոտենում էին, միշտ գիտեին, որ իր գոգնոցի գրպաններից մեկնումեկում հաստատ մի չիր, մի համով բան կարելի է գտնել, ինչպես նաև մաքուր, օսլայած թաշկինակ, առանց որի տնից դուրս գալ չկար: 

Ընդ որում՝ գոգնոցը առանձին նշանակություն ուներ այդ սերնդի կանանց շրջանում: Գոգնոցներ կային, որ միայն խոհանոցում որևէ բան պատրաստելու, այսպես ասած՝ հանգիստ կեղտոտվելու համար էին, բայց կային նաև մարդամեջ դուրս գալու գոգնոցներ, որոնք վայելուչ տեսք էին հաղորդում կանանց, ու դրանք այլ կտորից էին, այլ նախշերով ու բծախնդրությամբ կարված, արդուկված:

Բերդում տատիկները այնքան հագուստ էին հագնում, որ բաց տեղ չմնար. երկար շրջազգեստ, դրա տակից ևս մեկը, որն արհեստական մեծացնում էր հետևամասը, որովհետև եթե այն մեծ չէր, հագնողը «նորմալ կնիկ» չէր համարվում: 

«Տատը Թիֆլիսում էր ծնվել ու միշտ պատմում էր, որ ծամերն այնքան երկար էին, որ հյուսում էր ու գոտու պես կապում փորին, հետո նոր սկսում տունը մաքրել»:

Նա միշտ ասում էր՝ մարդը պարզ բաների համար է ստեղծված՝ հացի, պանրի, ջրի, մի բաժակ գինու: Սա կարճ խրատ է նանիից, որ Նարինեի՝ արդեն հասուն կնոջ հանապազօրյա արարողությունն է դարձել: Հաց-պանիր, սուրճ՝ ամբողջ կյանքի նախաճաշը՝ ամեն օր կրկնվող անկրկնելին: 

«Տատս ասում էր՝ պիտի ազնիվ լինենք, որ երջանիկ լինենք: Այդ զրույցների մեջ էինք մենք ձևավորվում, ու սնունդը, որ գոյության պատճառներից մեկն է, որովհետև եթե չուտես, չես ապրի, մտահորիզոնի, աշխարհընկալման ձևավորման պատասխանատուն էր դառնում»: 

Տավուշի հով սարերում Նարինեն մինչև հիմա գտնում է իր իսկական «ես»-ը, ամենակարևոր զրույցները, ամենասիրուն տեսարանները, այնտեղ է փնտրում անփոխարինելիին՝ տատին: Ու ամեն անգամ, երբ հայտնվում է Բերդում, հիշում է 1970-ականների մի շոգ ամառային օր: Մրղուզ սար են բարձրանում տատ ու թոռ: Ամառ է, բայց ձյունը չի հալել, հակառակը՝ տիրոջ պես լավ տեղավորվել է սարի վրա ու հեռանալ չի ուզում. կիզիչ արևն էլ չի օգնի: Հանկարծ տատը սառած ձյունը ձեռքով բարձրացնում է ու ցույց տալիս ձյան տակ պառկած որդերին, հետո ասում.

«Պարզապես հիշի՛ր՝ մահի մեջ էլ կյանք կա…»

Հ.Գ. Երբ Նարինեի մանկավարժ տատն ու պապը ամուսնանում են, մեղրամսին մեկնում են երեք օրով Երևան: Սուրճը այդ ժամանակ մի լեգենդ էր, որ պտտվում էր Տավուշում, ու երբ ամուսինները նկատում են երևանյան խանութներից մեկում կանաչ սրճահատիկները, որոշում են գնել: Ամաչում են հարցնել վաճառողին, թե ինչպես են պատրաստում այս ըմպելիքը: 

Բերում են վարձակալած տուն, որը արևմտահայի էր պատկանում, բայց նրան էլ են ամաչում հարցնել՝ ինչպես եփել: Լցնում են պղնձի մեջ ու եփում ամբողջ օրը, հետո գլխի ընկնում, որ մի բան այնպես չեն արել, որովհետև չի փափկում: Լոբին որ լոբի է, հիմա փափկած կլիներ՝ ասում է պապը: Տատը այն նույն Դրաստամատին, որից նանին ծխախոտ էր ուզում, ասում է՝ բեր թափենք, նա էլ հրաժարվում է, թե չէ, էսքան փող ենք տվել, արի գոնե բուլյոնի՝ արգանակի պես խմենք: Աղ են անում ջրին ու հացով ուտում: Ա՜յ քեզ մեղրամիս, որի ժամանակ մի վայրկյան չես քնում, որովհետև սուրճը մի քիչ այլ կերպ ես պատրաստել, քան պետք էր:

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ անձնական արխիվից

MediaLab.am