Համերի հիշողություն. Ռուզաննան

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց:

Համերի հիշողություն շարքում գրեթե ամեն երկրորդ արցախցի պատմում էր կուրկուտի մասին, բայց որևէ մեկի տանը այն փորձել չէր հաջողվում: Երբ գնացինք Ստեփանակերտից Երևան եկած Ռուզաննայի տուն, որ աշխատել է Արցախի գիտահետազոտական կենտրոններից մեկում որպես լաբորանտ, գազօջախի վրա տեսանք մի մեծ կաթսա:

Ամուսինը հետևում էր մեջը եփվող կերակուրին, պարբերաբար եռացրած ջուր ավելացնում ու խառնում: Կուրկուտը պարզագույն երկու բաղադիչ ունի՝ ցորեն և խոզի միս, ու հենց դա է այս ուտելիքի գրավչությունը: Ռուզաննայի մանկության տարիներին կուրկուտ պատրաստում էր հայրը, ու երբ նա ամուսնացավ, ավանդույթը չփոխվեց՝ հիմա էլ ամուսինն է պատրաստում: 

«Իմ աչքը սովոր է, որ այս կերակուրը տղամարդիկ եփեն: Միսը պետք է շատ հետևողական ընտրել, որովհետև դա է համի գաղտնիքը: Ութ ժամից ավելի եփում ենք՝ համբերություն է պահանջում կուրկուտը ու շատ մարդկանց ներգրավում: Այստեղ հարևանուհուցս եմ մեծ կաթսա վերցնում կուրկուտ եփելու համար, հետո մերոնց հավաքում եմ ու վերջ՝ մտովի Արցախ ենք հասնում»: 

Ռուզաննան հորը խոհանոցում պատրաստելիս հաճախ է հիշում, և նրա սննդային հուշերում հոր դերը փոքր չէ: Ստեփանակերտի իրենց երկհարկանի տունը՝ խաղողի վազով, ընդարձակ բակով, հյուրընկալության օջախ էր՝ լիքը մարդկանցով, որոնք նրանց տան հացը շատ էին սիրում: Չի հիշում, որ խորոված անեին ու միայն տան անդամներով ուտեին: 

Հայրը հարևանի երեխաներին ինչ-որ մի փոքրիկ հանձնարարության պատրվակով կանչում էր, որ հյուրասիրեր: Սեփական տներում ուտելիքի բույրն արագ է տարածվում ողջ բակով մեկ ու անկարելի բան է մենակ մի բան համտեսելը: 

Մանկության տարիներին Ռուզաննայի քույրն ու մորեղբոր աղջիկը գնում էին գյուղ տատին՝ Լարիս մամային հյուր: Հետո իրեն նամակ էին ուղարկում, որ իրենց միանա, գնան միասին սարեր, գետում լողալու, բայց ծնողներին օգնում էր տնային գործերում, և միշտ չէ, որ հաջողվում էր փախչել քաղաքից: Մի կերպ համոզում էր մի քանի օրով բացակայել, բայց գյուղ հասնելուն պես տատն ասում էր. 

«Բալես, ցավդ տանեմ, արի հլը տես պատուհաններն ինչքան կեղտոտ են, լվանալ է պետք: Ու երբ ասում էի՝ ես էլ եմ բոլորի հետ ուզում գետում լողալ, ասում էր՝ աղջիկ երեխա ես, տան գործ արա: Ես ապրում էի մի ժամանակաշրջանում, երբ տղա երեխա կամ թոռ ունենալը ավելի կարևոր էր, իսկ աղջիկը, դե, այնպես, էլի»: 

Հիմա, երբ նայում է այսօրվա իր դժվարություններին, տատին շնորհակալ է այդ թվացյալ չարչարանքի համար. այն իրեն կոփել է այնքան, որ դատարկության և երբեմն անելանելիության մեջ՝ մեջքը չի կորացնում: Տատը ծանր կյանք տեսած կին էր ու գիտակցում էր, որ աշխատանքը և ջանքն են միայն օգնելու թոռներին հետագայում դժվարությունները հաղթահարել: Տատի խստությունը դեռ այն ժամանակ բնավ չէր խանգարում նրան անմնացորդ սիրել, բայց հիմա, առավել քան երբևէ, տատին ոչ միայն սիրում է, այլև շնորհակալ է նրանից մանկության դասերի համար: 

«Տատս անմահական տոլմա էր եփում, որ մինչև հիմա ոչ մի տեղ այդ համը չեմ գտնում: Գաղտնիքը համեմունքներն էին, չափավոր կծուն, որ ոչ թե քիմքը վառում է, այլ հաճելի խուտուտ տալիս»: 

Մի անգամ նա ընկել, ոտքը կոտրել էր ու տեղափոխվել Ստեփանակերտ, որ իր մասին հոգ տանեին, իսկ Ռուզաննան ու մորեղբոր աղջիկը գնացել էին պապին տիրություն անելու: Ռուզաննան, թեև փոքր էր, բայց գիտեր՝ ինչպես պատրաստել, տան մաքրության անել, նաև տեղյակ էր, թե տատը որտեղ է պահ տալիս համեղ բաները: Մորեղբոր աղջկան ասում է, որ չի համարձակվում գնալ այգուց բանջարեղեն քաղելու, իսկ նա պապի որդու աղջիկն է, հետևաբար՝ առավելություններ ունի: 

«Քույրս գնում է, հավաքում բանջարեղենը ու գալիս: Մեր տունը գյուղի կենտրոնական աղբյուրի մոտ էր գտնվում, մենք էլ մի քիչ աղմկոտ ընտանիք էինք, ինչ խոսում էինք, լսվում էր: Պապն եկավ, կերավ, գովաբանեց մեզ, թե տատի նման եղուձու եք պատրաստել, որովհետև տատս իսկապես հրաշալի լոլիկով ձվածեղ էր պատրաստում ու գնաց բանջարանոց»: 

Շահեն պապը գնում է բանջարանոցը ջրելու, ու այդ պահին լսում են նրան զրնգուն ձայնը.

«Կարկուտ ա եկե՜լ, կարկուտ ա եկե՜լ»: 

«Այ մարդ, նայում ենք, երկինքը՝ պարզ, արևը շողում է, ի՞նչ կարկուտ: Պարզվեց, քույրս գնացել է, բանջարանոցը բառիս բուն իմաստով խուզել, դատարկել ու դուրս եկել, պապն էլ ձայնը գլուխն էր գցել»: 

Ռուզաննան մի քաղցր և հումորային հուշ ունի մայրիկից: Նրան բակում «տրուբոչկա ծյոծյա» էին ասում, որովհետև նա շատ էր պատրաստում գլանաձև քաղցրավենիք, որ իր այցեքարտն էր: Ռուզաննան սիրում էր ընդօրինակել մորը ու չնայած դպրոցահասակ լինելուն՝ պատրաստում էր մոր հայտնի քաղցրավենիքը: Հայրն էլ գալիս էր, գովաբանում նրան, ու մինչև հիմա, երբ հասուն ու կայացած կին է, հայրն ամեն հարցում աջակցում է և թևեր տալիս իրեն: 

«Տատիս գերդաստանից ով գալիս էր գյուղ, նրա տանը պետք է կերակուր համտեսեր, իջևաներ հենց Լարիս մամայի տանը: Պապս մի սովորություն ուներ՝ նրա համար բոլոր մարդիկ հավասար էին, ու մեր տան սեղանի շուրջը հավաքվում էին տարբեր մարդիկ՝ պետական պաշտոնյաներ ու գյուղի գառնարածները»: 

Հենց այդ կերակուրի շուրջն էր, որ մի տեսակ անհետանում էր մարդկանց դասակարգային տարբերությունները ու տարբեր բնավորությունների, կարողությունների, ընդունակությունների տեր մարդիկ համախմբվում էին սննդի շուրջ, հետևաբար նաև՝ զրույցների: 

Երբ Ռուզաննան ընտանիքով տեղահանվեց ու հանգրվանեց Երևանի վարչական շրջաններից մեկում, իսկական հեղափոխություն արեց շենքում: Նորակառույցում, որտեղ ապրում էին, սկզբում իրար բարև չէին տալիս: Ռուզաննան գլխիվայր շրջեց այդ սովորույթը: Հիմա հարևաններով սոցկայքերում խումբ ունեն, բոլորի ծննդյան օրերին գնում են 12-ը զարկելուն պես՝ շնորհավորելու, վերջապես հաց են կիսում ու կաթսա վերցնում կուրկուտ եփելու համար: 

«Տեղացիներից շատերը մտածում են, թե մենք՝ արցախցիներս, սառն ենք, որովհետև «ջան» չենք ասում, քնքուշ բառեր չենք օգտագործում: Բայց վստահեցնում եմ, մեր պահվածքում ավելի շատ ջան կա, մեր վարմունքը շատ սեր ունի մեջ»: 

Ռուզաննան Արցախից չպոկվելու, իրեն իր միջավայրում զգալու համար ժենգյալով հացի թխման կետ է բացել ու այնտեղ ընդունել արցախցի աշխատողի: Ինչո՞ւ, որ օրվա ընթացքում գնա, խոսի այդ կնոջ հետ Արցախի բարբառով: 

«Գնում եմ, նրա հետ զրուցում, որ չմոռանամ՝ ես ով եմ»:

Հիմա ամեն ինչ սառեցրել է իր մեջ, որովհետև հիշելով՝ տանջվում է, ընկնում մտքերի մեջ: Մի բան է օգնում հաղթահարել այս փուլը, որ չգիտի էլ՝ ինչքան կտևի: Ամեն անգամ, երբ հայտնվում է խոհանոցում ու սկսում պատրաստել, ինքն իրեն մտովի տեղափոխում է Արցախ: 

Ահա ժենգյալով հացը, որ նրա սեղանին է: Սա ոչ թե շուկայից գնված կանաչիներով է, այլ Ռուզաննայի մտքերով Արցախի դաշտերից հավաքածը, իր ձեռքով պոկածը: Նա թափառել է սարերում, մտովի հավաքել դրանք, հետո սաջի վրա թխել: Հիմա, երբ համտեսում ենք կուրկուտը, որ հրաշալի էր ստացվել, Ռուզաննան էլի մտքերով է՝ իր Ստեփանակերտի ընդարձակ այգում, խաղողի վազի տակ, որտեղ սեղանը միշտ փոքր էր. այնտեղ՝ Արցախում, հյուրերը միշտ շատ էին, շա՜տ: 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի

MediaLab.am