ԵՊԲՀ-ին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 տարով, Կառավարման ակադեմիային և Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջին՝ 2 տարով

Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ)  Հավատարմագրման հանձնաժողովի առցանց նիստ։ 

Օրակարգում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի և  Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի  հավատարմագրման հարցերն էին։

Հավատարմագրման հանձնաժողովի անդամները մանրակրկիտ քննարկեցին ԵՊԲՀ-ում, ՀՀ ՊԿԱ-ում և Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում արտաքին գնահատում իրականացրած փորձագիտական խմբերի զեկույցները, բացասական գնահատված չափանիշների տիրույթներում արձանագրված խնդիրները։  Անդրադարձ կատարվեց նաև մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՈՒՀ) բարելավման ծրագրին  և դրանց իրատեսականությանը։ Յուրաքանչյուր ՄՈՒՀ-ի վերաբերյալ քննարկումից հետո տեղի ունեցավ քվեարկություն։ 

Հանձնաժողովի անդամների որոշմամբ ԵՊԲՀ-ին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 տարի ժամկետով, ՀՀ ՊԿԱ-ին և Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջին ՝ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։

Նշենք, որ ԵՊԲՀ-ն և ՀՀ ՊԿԱ-ն 2015-ին ստացել էին ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։  Իսկ Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջը ՀՀ-ում ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած առաջին քոլեջն է։ 

Այս մասին տեղեկացնում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը։