Գոյության տարածք. Նարինեն ու կրթական շոկոլադները

Լուսավոր սենյակի անկյունի բազկաթոռում հարմար տեղավորված մեծ ոգևորությամբ շոկոլադ է ուտում քնաթաթախ Լուսեն։ Մայրիկի պատրաստած շոկոլադները ամենաշատն է սիրում, Նարինեն էլ հենց դստերը որակյալ և, ինչպես ինքն է ասում՝ անվտանգ քաղցրավենիք հրամցնելու համար էր, որ մի օր որոշեց ու սկսեց ձեռագործ շոկոլադներ պատրաստել։ 

Նարինե Հակոբյանը հիշում է, որ դեռ Արցախում որքան էլ փորձում էր, չէր կարողանում երեխաներին հեռու պահել քաղցրից։ 

«Ինչքան էլ ես չէի տալիս, բայց հարազատներս, ծանոթներս, նույնիսկ դրսում անծանոթները պարբերաբար հյուրասիրում էին, և իրենք էլ սովորեցին։ Որոշեցի ինքնուրույն պատրաստել երեխաների համար։ Ուսումնասիրեցի ինտերնետով, հարցրի տարբեր մարդկանց ու առաջին քայլս արեցի Արցախում»,- պատմում է Նարինեն։

Որ տնային պայմաններում երեխաների համար պատրաստած կոնֆետները հետագայում բիզնեսի էին վերածվելու, Նարինեն չէր էլ կարող պատկերացնել։ Ասում է՝ շոկոլադները արագ սիրվեցին ոչ միայն համի, այլև նորովի մատուցելու համար։ Դրանք նաև կրթական էին։ Երեխաները մինչև ճաշակելը նախ խաղում էին՝ ճանաչելով ընտանի կենդանիներին, սովորելով գույները, երկրաչափական պատկերները և այլն։ 

«Ինձ շատ էին ասում, որ դժվար է, չի ստացվի, երեխաների հետ չես հասցնի, բայց ես ուզում էի փորձել»,- պատմում է Նարինեն։

Նարինեն նշում է, որ շոկոլադները պատրաստում է բարձրակարգ հումքից, պահածոյացնող ու քիմիական նյութեր չի ավելացվում։ Շոկոլադների պատրաստման համար օգտագործում է բելգիական բարձրորակ շոկոլադի հումք։

Մասնագիտությամբ պատմաբան Նարինե Հակոբյանը մինչ պատերազմը ապրել ու աշխատել է Քաշաթաղի շրջանում, տեղի դպրոցում պատմություն է դասավանդել։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, երբ Քաշաթաղն արդեն հանձնվել էր, Նարինեի զինվորական ամուսինը ընտանիքին տեղափոխում է Ստեփանակերտում վարձակալած բնակարան: 

Երկրորդ երեխայի ծնունդին սպասող Նարինեն պատահաբար իմանում է, որ Արցախում «Բիզնես ինկուբատոր» ծրագիրն է իրականացվում, որն օգնում էր բիզնես գաղափարները կյանքի կոչելու։ 

Թերահավատորեն մոտենալով իր հնարավորություններին և ծրագրին իր մասնակցությանը՝ Նարինեն, այնուամենայնիվ, դիմում է, ընտրվում և սկսում արդեն լրջորեն մոտենալ իր մասնակցությանը: Այս ծրագրում էլ կատարում է առաջին քայլերը և ներկայացնում իր ստեղծագործ ծրագրի գաղափարը՝ կրթական շոկոլադները: 

«Ես շատ բան սովորեցի այնտեղ, նաև փոքր դրամաշնորհ ստացա, որ հումք ձեռք բերեմ, ես էլ ներդրում արեցի և առաջին շոկոլադներս պատրաստեցի ու սկսեցի վաճառքով զբաղվել»,- հիշում է Նարինեն: 

Նարինեն ասում է, որ ընկերների, ծանոթների միջոցով համացանցում գովազդի շնորհիվ առաջին պատվերը ստացել է Երևանից, և «Հայփոստով» Արցախից Հայաստան ուղարկել իր նորաստեղծ բիզնեսի առաջին արտադրանքը:

«Գույներն ու առարկաները սովորեցնող խաղ-շոկոլադ էր, որի հետ նաև նվեր էի ուղարկել Ղազանչեցոցի պատկերով շոկոլադե սալիկ: Հետո Ռուսաստանից էլ պատվեր ունեցա, Արցախից էլ»,- հիշում է նա:

Նարինեն նշում է, որ իր նախաձեռնությունը հաջողությամբ պսակվեց, քանի որ նորություն էր: 

«Առաջին շոկոլադների փաթեթավորման վրա, որպես պատմաբան, Արցախի հուշարձանների ու տեսարժան վայրերի լուսանկարներն ու դրանց մասին փոքրիկ տեղեկություններ էի տպագրում»,- նշում է նա։ 

Ավելի ուշ Նարինեն զարգացրեց իր գաղափարը և սկսեց երեխաների համար խաղ- կոնֆետներ պատրաստել: Տուփերի մեջ, օրինակ՝ դնում է վայրի և ընտանի կենդանիներին, գույները սովորեցնող սալիկներ, տարբեր հեքիաթների թեմաներով փազլներ։ Երեխաները նախ խաղում են, սովորում, հետո նոր ճաշակում կոնֆետները։ Գաղափարը նոր էր, շատ լավ ընդունվեց, բայց, ցավոք, ընդհատվեց ամենաակտիվ փուլում։

«Ես դեռ մի ամիս էր, ինչ սկսել էի աշխատել, պատվերներ ընդունել, երեք սուպերմարկետի էի բաժանում, և իրավիճակն Արցախում նորից խառնվեց։ Սկսվեց բլոկադան, հումքը վերջացավ, գործը կանգնեց, բայց դրան հաջորդող իրադարձություններն ավելի սարսափելի էին»,- հուզվում է նա։

2023-ի սեպտեմբերյան պատերազմի հետևանքով Նարինեի ընտանիքը ստիպված բռնում է գաղթի ճամփան: 

«Մենք շատ բան չկարողացանք վերցնել մեզ հետ, միայն հագուստ, իմ սիրած սպասքն ու շոկոլադը տեմպերացնելու սարքը, որը 270.000 դրամ արժի, ծրագրի ժամանակ էի նվեր ստացել, որ կարողանամ շարունակել գործս։ Նույնիսկ բավականաչափ սնունդ չէինք վերցրել, որովհետև մտածում էինք, թե մի քանի ժամվա ճանապարհ է, առանց իմանալու, որ էդ ճանապարհը երկու օրում ենք անցնելու»,- ասում է Նարինեն։ 

Հայաստան տեղափոխվելուց հետո Նարինեի ամուսինը անցնում է իր զինվորական ծառայությանը, իսկ Նարինեն սկսում է մտածել, թե ինչ նոր գործ ձեռնարկի՝ ընտանիքում իր ֆինանսական ներդրումն ունենալու համար: 

«Այստեղ տեղափոխվելուց հետո ուղիղ 2 ամիս չէի կարողանում ուշքի գալ։ Մենք ամենասարսափելի բաների միջով էինք անցնում, սոված էինք մնում, բայց հոգով հանգիստ էինք, որովհետև մեր հողում էինք, ոչ մեկս չէր պատկերացնում նման զարգացում։ Երկրորդ անգամ ու վերջնական տեղահանվեցինք, դարձանք նորից անտուն ու անտեղ»,- հուզվում է Նարինեն՝ հիշելով Արցախի շրջափակումը և դրան հաջորդող արցախցիների տեղահանումը:

Նարինեն Երևանում պատահաբար իմանում է, որ դեկտեմբերին ամանորյա տոնավաճառ է տեղի ունենալու, այդ տոնավաճառին մասնակցելու մեծ ցանկություն դեռ Ստեփանակերտում է ունեցել։ 

Առանց մտածելու դիմում է և երբ ընտրվում է ու հասնում է վերջնական փուլ, քանի որ պատրաստվելու համար շատ քիչ ժամանակ ուներ, ուժերի գերագույն լարումով, քրոջ օգնությամբ գիշեր-ցերեկ աշխատելով կարողանում է տոնավաճառին ըստ արժանվույն ներկայանալ:

Կրթական շոկոլադները մեծ հետաքրքրություն են առաջացնում հաճախորդների մոտ, նույնիսկ ընթացքում որոշ տեսակներ սպառվում են, և Նարինեն կրկին ոգևորվում է, նորից պատրաստում։

«Չեք պատկերացնի, թե որքան դրական ազդեցություն ինձ վրա թողեց այդ տոնավաճառը։ Ինձ ուժ տվեց կրկին ոտքի կանգնելու ու իմ սիրած գործը շարունակելու։ Կրկին սկսեցի շոկոլադներ պատրաստել ու պատվերներ գրանցել։ Երևի թե սա ճակատագիր էր՝ կոտրված մեջքս ուղղելու համար»,- ասում է նա։

Նարինեն սկսում է պատվերներ ընդունել ու շարունակել աշխատանքն արդեն Երևանում։ Այստեղ հնարավորություններն ավելի մեծ են, բայց, ասում է՝ հայրենի Արցախի ոգևորությունը դեռ չունի։ Կարոտը շատ մեծ է, ու հիմա նաև կորցրած հուշարձանների ու տեսարժան վայրերի պատկերները իրենց տեղն են գտնում շոկոլադների վրա: 

«Դեռ Արցախումս նպատակ ունեի սոցիալական ձեռնարկատիրություն հիմնելու։ Ուզում էի ինձ հետ աշխատանքի մեջ ներգրավեի զինծառայողների կանանց, բայց ինչպես ամեն ինչ, իմ ծրագրերն էլ կիսատ մնացին։ Հիմա այստեղ կփորձեմ այդ ծրագիրն իրականացնել»,- ասում է նա։

Նարինեն իր բրենդը փոքր դստեր՝ Լուսեի անունով է կոչել, ասում է, որովհետև երբ գործը սկսեց, Լուսեի ծնունդին էր սպասում: Այստեղ՝ Երևանում, միտք ունի ռեբրենդինգ անել՝ փաթեթավորումը փոխել, բայց առայժմ ներդրում անելու հնարավորություն չունի։ Ունեցած խնայողությունները գործի համար անհրաժեշտ իրեր ու հումք գնելու վրա է ծախսել։ Իր գործիքները Ստեփանակերտից չի կարողացել վերցնել, մեքենայում տեղ չի եղել։

«Երևի պատահական բաներ չեն լինում։ Երևանում էլ հիմա մասնակցում եմ ծրագրերի, որ խորացնեմ գիտելիքներս շոկոլադագործության ոլորտում ու ավելի հստակ առաջ շարժվեմ։ Ես` որպես երկու երեխայի մայր, որպես հողի համար կենաց-մահու կռիվ տված զինվորի կին, իրավունք չունեմ թուլանալու։ Սա հասկանում եմ։ Ես կարող եմ և պե՛տք է առաջ նայեմ ու ապացուցեմ, որ արցախցին անկոտրում է»,- ասում է Նարինեն։

Սաթենիկ Հայրապետյան

MediaLab.am