Գոյության տարածք. «Թումանյան’ս ART»-ը՝ ուրախության և տխրության մեջ

Ստեփանակերտում մինչև վերջին օրերը իր դռները չփակեց «Թումանյան’ս ART»-ը ու երկրորդ անգամ ծնունդ առավ Երևանի սրտում՝ Մոսկովյան փողոցում։ Կոլորիտային ու գունեղ միջավայրում հաճախ հենց արցախցիների կհանդիպես։ Այստեղ հավաքվում են, շփվում ու, ինչպես իրենք են ասում՝ Արցախի կարոտն առնում։ 

«Թումանյան’ս ART»-ը մի կտոր Արցախ է՝ Արցախից բերված հիշողություններով ու համերով։ Այստեղ արցախյան ավանդական ուտեստներ՝ ժենգյալով հաց, կուրկուտ, խաշիլ, թրթերուկ, փախլավա և այլ համեղ ճաշատեսակներ ու աղանդեր են առաջարկում, բայց ամենաթանկն այն հիշողություններն են, որ Արցախից են Հայաստան հասել՝ Արցախի «Թումանյան’ս»-ից բերված կարպետը, «Թումանյան’ս»-ի հիմնադիր Քրիստինի տատի սնդուկը, որի մեջ երեխաների առաջին կոշիկներն են, երեխաների պատրաստած բացիկներն ու Քրիստինի ավարտական «ֆարտուկը»՝ վրան գրված բարեմաղթանքներով: 

Սրճարանում իր տեղն ունի նաև ձեռքի այն սրճաղացը, որով բլոկադայի օրերին սուրճ ու սուրճին փոխարինող ինչ ասես աղացել են, մակագրված գրքեր ու նաև մեկ բուռ Արցախի հոտով ուրցն են այստեղ պահում։ 

Կենտրոնը բացելու միտքը ծնվեց 2018-ին, բայց կիսատ մնաց կորոնավիրուսի, հետո պատերազմի պատճառով, և միայն 44-օրյա պատերազմից հետո, մի քանի դժվար փուլեր հաղթահարելուց հետո 45-ամյա Քրիստին Բալայանի ու ամուսնու՝ Վադիմ Բալայանի ջանքերի շնորհիվ «Թումանյան’ս ART»-ը սկսեց գործել: 

Կենտրոնում ցերեկային ժամերին երեխաներն անվճար տարբեր խմբակների էին մասնակցում, նրանց հետ տարբեր մասնագետներ էին աշխատում, իսկ երեկոյան «Թումանյան’ս»-ը սրճարանի էր վերափոխվում։ Հատուկ կարիքներով երեխաները անվճար էին ուսանում, մյուսները՝ սիմվոլիկ գումար վճարում, իսկ բլոկադայի օրերին արդեն կենտրոնն անվճար էր գործում բոլորի համար։ Այստեղ նաև ամենատարբեր մշակութային միջոցառումներ էին անցկացվում։

Մասնագիտությամբ մանկավարժ Քրիստին Բալայանը վերապատրաստվել էր որպես հատուկ մանկավարժ ու մտադրվել միջազգային փորձը Արցախ բերել ու զարգացնել ներառական կրթությունը։ 

«2021-ի սեպտեմբերին ընկերուհուս հետ անցնում էինք Ստեփանակերտի Թումանյան փողոցով, ու տեսա՝ նախկին գինետան տարածքը տրվում է վարձով։ Այդտեղ եղել էի նախկինում, շատ գեղեցիկ էր, ներսում մեծ այգի կար։ Եկա տուն, ամուսնուս ասացի՝ ուզում եմ այդ տարածքը վարձակալենք ու մեր ներառական ծրագիրն իրականացնենք։ Ամուսինս ասաց. «Ա՛յ աղջիկ, խելա՞ռ ես։ Մեր տունը՝ քանդված, մենք ապրելու տեղ չունենք, դու քաղաքի կենտրոնում ուզում ես տարա՞ծք վարձակալել»։

Քրիստինը պատմում է՝ Ստեփանակերտի իրենց տունը պատերազմի ժամանակ երկու անգամ ռմբակոծվել էր ու քանդված էր, վերանորոգման կարիք ուներ։ 44-օրյա պատերազմի օրերին մեկ րոպե անգամ չէին լքել իրենց տունը։ 

«Ամուսինս ընդդիմացավ, բայց ինչպես ասում են՝ «Пацан сказал, пацан сделал»», – ծիծաղում է Քրիստինը։ 

Ծրագիրը կյանքի կոչելու համար պահանջվող գումարը Քրիստինը, ինչպես ինքն է ասում՝ կոպեկ-կոպեկ հավաքում է երեխաների ծնողների օգնությամբ տարբեր ծրագրերի մասնակցելով։ Ծնողների ձեռքի աշխատանքները Արցախից բերում էին Հայաստանի ցուցահանդեսներին վաճառում, գումարով օգնում, որ կենտրոնը կանգուն մնա:

«Մամաներից ոմանք կարում էին, ասեղնագործում, նկարում, տիկնիկներ էինք պատրաստում ու Արցախից բերում էինք Հայաստանի ցուցահանդեսներում վաճառում, բայց որ իմանում էին Արցախից ենք, ասում էին՝ բա թթի օղի, փախլավա ու ժենգյալով հաց ինչի՞ չեք բերել։ Որոշեցինք նաև դրանք մեզ հետ տանել ու եթե մի պայուսակ կամ մի տիկնիկ էինք վաճառում, ապա վաճառում էինք նաև 100 հատ ժենգյալով հաց, 300 հատ փախլավա։ Ու էսպես վաճառքից գոյացած գումարներով կարողացանք ծրագիրը կյանքի կոչել»,- պատմում է Քրիստինը։ 

«Թումանյան’ս»-ը գործեց մինչև վերջին օրը, բայց բլոկադայի օրերին առավել քան դժվար էր սրճարանի աշխատանքը կազմակերպել։ Արվում էր հնարավոր ու անհնարին ամեն բան, որ աշխատանքը չկանգնի։

Քրիստինը հիշում է՝ Արցախից տեղահանվելուց հետո շատ ավելի դժվար էր կրկին ոտքի կանգնել ու կիսատ թողած գործը շարունակել։ Դժվարությունները շատ էին ու դեռ կան։ 

«Այնքան կոտրված էինք, որ չէինք էլ մտածում «Թումանյան’ս ART»-ը վերաբացելու մասին, բայց այնքան շատ զանգեր ու նամակներ էինք ստանում ծանոթներից, որոնք խնդրում էին ու մեզ ուժ էին տալիս կրկին վերաբացելու, և դա էլ դարձավ պատճառ այդ ուղղությամբ նորից մտածելու ու գործելու»,- ասում է Քրիստին Բալայանը, ու ինքն էլ անհավանական համարում, թե ինչպես կարող էին սկզբում օրվա հացի փողը դժվարությամբ աշխատելով քաղաքի կենտրոնում վերաբացել «Թումանյան’ս ART»-ը։

Հիշում է, երբ Արցախից տեղահանությունից հետո նոր էին տեղափոխվել Երևան, ամուսինը տաքսի էր վարում, որ կարողանան կեցության հարցերը լուծել: Որպես տաքսի ծառայում էր դեռ Ստեփանակերտում ռմբակոծությունից վնասված «Օպել» մեքենան: 

«Երբ սկսեցինք տարածք փնտրել, պատահաբար գտանք այս սրճարանի տարածքը, ու բախտներս բերեց,- պատմում է Քրիստինը,- սեփականատերը վարձավճարը միանգամից չուզեց, ժամանակ տվեց, որ ոտքի կանգնենք»:

«Թումանյան’ս ART»-ում արցախյան են կյանքը, բույրերը, տրամադրությունները: Արցախյան ուտեստները, համն ու հոտը հիմա այստեղ են փորձում ստանալ։ 

Սրճարանն աշխատեցնելու գործում նաև հայրենակիցների հոգեբանական աջակցությունն է օգնում։ Մթերքները արցախցիներից են գնում։ Սա էլ է դժվարացնում իրենց գործը, ժամանակի մեծ մասը ճանապարհների վրա են ծախսում, միսը՝ մեկից, հացը՝ մյուսից, կանաչին մեկ այլ հայրենակցից են գնում։ Սրճարանի աշխատակիցներն էլ հիմնականում արցախցիներ են։ Սա է երևի իրենց գոյատևելու գաղտնիքը՝ մեկը մյուսին օգնելով այստեղ էլ են փորձում ոտքի կանգնել, մեջքներն ուղղել ու առաջ գնալ։ 

Արցախի բլոկադան և «Թումանյան’ս ART»-ը

«Սկզբում գուգլում գրում էի՝ Выпечка без яиц, հետո գրում էի՝ Выпечка без сахара, ու մի օր էլ եկավ գրեցի՝ Выпечка без ничего: Մի քանի օր առաջ ընկերուհիս այստեղ էր, մուս պատվիրեց ու ի՞նչ ասաց՝ գիտե՞ս, բլոկադայի ժամանակ պատրաստածը ավելի վազդուշնի էր։ Ասում եմ՝ որովհետև մեջը մենակ օդ կար»,- ծիծաղում է Քրիստինը, ու ծիծաղը վերափոխվում է լացի։ 

Արցունքները գլորվում են աչքերից ամեն անգամ, երբ հիշում է Արցախում անցկացրած և՛ երջանիկ, և՛ դժվար օրերը։ Ասում է՝ այն ժամանակ դժվար էր, բայց երջանիկ օրեր էին, իսկ հիմա անտանելի է։

«Թումանյան’ս ART»-ը երեխաների հետ աշխատում էր անգամ բլոկադայի օրերին։ Մեկ օրվա բաց թողնված պարապմունքը կարող էր երեխայի մոտ գրանցված հաջողությունը զրոյացներ, իսկ ամեն փոքր հաջողության համար մեծ ջանք էր ներդրվում։ Քրիստինը հիշում է, թե վառելիքի ու տրանսպորտի բացակայության պայմաններում ինչպես էին ծնողները շոգին, հեռվից երեխային գրկած բերում, հասցնում պարապմունքներին։ Երբեմն իրենք էին գտնում էլեկտրամոբիլ, որ կարողանային երեխաներին տեղափոխել։ Այդ իրավիճակում իրենք թուլանալու ոչ մի իրավունք չունեին։ 

«Հիշում եմ՝ սեպտեմբերի 25-ին, երբ բենզալցակայանի պայթյունը եղավ, անձրև էր գալիս, մարդիկ գնալու տեղ չունեին, նույնիսկ ուտելու հաց չունեին: Մենք փայտի փեջ էինք դրել, որ գոնե սնունդ պատրաստենք նրանց համար։ Անձրև էր գալիս, ու ամուսինս տանիքից մի կտոր շիֆեր պոկեց, բերեց փեջի վերևում կապեց։ Մարդիկ հրաժեշտ էին տալիս, գնում, մենք շիֆեր էինք կապում»,- հիշում է Քրիստինը։

Քրիստինը պատմում է՝ երեխաների հետ աշխատել են մինչև սեպտեմբերի 19-ը։ 20-ին արդեն քաղաքին խփում էին, ու մարդիկ ծայրամասերից դեպի Ստեփանակերտի հրապարակ էին հասել։ Սոված ու վախեցած երեխաներ, տարեցներ ու դատարկված խանութներ։ Ասում է՝ կարողացել են վատ որակի մի քանի կիլոգրամ կարտոֆիլ հայթայթել։ Գնել է ու դրանից ընդամենը մի փոքր կաթսա կարտոֆիլի խյուս (պյուրե) է դուրս եկել, առանց աղի ու յուղի։ Խնդրել է ամուսնուն համացանցով ուղիղ եթեր մտնել ու ասել, որ ով ուտելիքի կարիք ունի, հրապարակ գա։ 

Ստեփանակերտ, բլոկադա (Լուսանկարը՝ անձնական արխիվից)

«Ամուսինս ասաց. «Հասկանո՞ւմ ես, որ դու այդքան ուտելիք չունես»։ Բայց ինձ համար կարևոր էր, որ թեկուզ մի քանի երեխա կշտանա։ Այդ օրը մոտ 10 հոգի եկավ, հաջորդ օրերին արդեն մոտ 100 հոգու ենք կերակրել նրանով, ինչ ունեինք։ Մարդիկ, որ իմանում էին, ամեն մեկը զանգում, մի բան էր առաջարկում. մեկն ասում էր՝ տանը երկու հավ ունեմ, մեկը կտամ, սարքի բաժանի, մյուսը իր տանը մնացած միսն էր առաջարկում, մյուսը՝ կես շիշ ձեթ, մեր այգու բանջարեղենից ինչ մնացել էր, ու էդպես կարողացանք մի որոշ ժամանակ օգնել այդ մարդկանց։ Մի բռունցք դարձած իրար օգնում էինք»,- ասում է Քրիստինը։ 

Եթե իրենց փողոցում 3 հոգի էլ մնար, իրենք էլ կմնային, ասում է, բայց ստիպված եղան բոլորի նման փակել «Թումանյան’ս ART»-ի ու իրենց տան դռներն ու լքել Արցախը։ Եկան Երևան, որտեղ Քրիստինի մայրն ու երկու երեխաներն էին ապրում։ Երեխաները ուսանող էին ու բլոկադայի պատճառով Արցախ վերադառնալ չէին կարողանում։ Ի դեպ, Քրիստինի դուստրը դուրս էր մնացել համալսարանից, որովհետև բլոկադայի ժամանակ չէին կարողացել ուսման վարձը վճարել։ 

«Թումանյան’ս ART»-ում այսօր էլ մշակութային միջոցառումներ են անցկացվում, ներկայացված են արցախցիների ձեռքի աշխատանքները, բայց այս պահին միայն որպես սրճարան է գործում, քանի որ եկամտի ուրիշ աղբյուր չունեն։ Հիմա իրենք էլ ունեն ֆինանսական դժվարություններ, բայց երեխաներին օգնելու իրենց ցանկությունը հիմա էլ կա։ Քրիստինն ու ամուսինը դիմում են տարբեր ծրագրերի, որ ֆինանսավորում գտնեն ու կարողանան վերաբացել նաև ներառական կրթության ծրագիրը։

Սաթենիկ Հայրապետյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան

MediaLab.am