«Փաշինյանն ուղղակի մերժեց նախկին նախագահների հետ հանդիպում, քննարկում, ինչ-որ ելքեր գտնելու առաջարկը». Արմեն Բաղդասարյան

Լուսանկարը՝ media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, Նիկոլ Փաշինյանի Հանրային հեռուստաընկերությանը տված երեկվա հարցազրույցը պատասխան էր Վեհափառի ու նախկին նախագահների հանդիպմա՞նը։

Հարցազրույցում ասելիքը շատ էր, բայց կոնկրետ ներքաղաքական առումով ես տպավորություն ստացա, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի մերժեց նախկին նախագահների հետ հանդիպում, քննարկում, ինչ-որ ելքեր գտնելու առաջարկը։

– Ստացվում է, որ այդ ձևաչափով անցկացվելիք հաջորդ հանդիպումները ինքնանպատա՞կ են լինելու, եթե, ըստ էության, Փաշինյանը մերժեց այդ կոնսոլիդացիայի առաջարկը։

– Ո՛չ, եթե նախկին նախագահներն այնուամենայնիվ աշխատում են ու այդ եզրակացությունը ներկայացնում հանրությանը, կարծում եմ՝ կոնսոլիդացիա կլինի, այլ հարց է, որ այդ կոնսոլիդացիային Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի, հետևաբար պայքարը կտեղափոխվի ներքաղաքական փուլ։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, մերժելով այդ ֆորմատի մաս կազմելն ու միասին պատասխանատվություն ստանձնելը, անուղղակիորեն սրում է ներքաղաքական իրավիճակը, թեև ճիշտ հակառակը պետք է աներ։

– Պարո՛ն Բաղդասարյան, գործադիրի ղեկավարը արտաքին քաղաքականության ի՞նչ ուղիով է ընթանում։

– Նիկոլ Փաշինյանը շատ հստակ ասաց, թե ինչպես է պատկերացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ինչպես է պատկերացնում իր ասած այդ խաղաղության դարաշրջանը։ Ինքն այդ առումով տեսականորեն հիմնականում ճիշտ-ճիշտ բաներ էր ասում, այլ հարց է, թե գործնականում դա ինչպես է իրականացվում։ Այլ հարց է, թե այդ գործընթացի մյուս մասնակիցները համաձա՞յն են դրան, թե՞ չէ, մենք տեսնում ենք, որ համաձայն չեն, ու թե հակազդեցության ի՞նչ լծակներ ունի Հայաստանը այս իշխանությունների օրոք։ Այսինքն՝ ինքը տեսականորեն ներկայացնում էր իրավիճակը, Հայաստանի դիրքորոշումը, բայց չէր ներկայացնում այն մեխանիզմները, որոնցով Հայաստանը պետք է փորձի հասնել դրան։

Իսկ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ կնքել այդ խաղաղության պայմանագիրը, որով կպահպանի Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետր տարածքը, ինչի մասին բազմիցս հայտարարում է։

– Կարծում եմ՝ մեզ չի հաջողվի այս փուլում այդպիսի պայմանագիր ստորագրել, որովհետև Ադրբեջանն օրեցօր ավելի է բարձրացնում իր պահանջները, այսինքն՝ Ադրբեջանը փաստացի չի ճանաչում այդ 29800 քառակուսի կիլոմետրն էլ, ավելին՝ այդ 29800-ից մոտ 100 քառակուսի կիլոմետրն արդեն անեքսիայի է ենթարկել, մտել է Հայաստանի ինքնիշխան տարածք ու շարունակ սպառնում է, այսինքն՝ ես չեմ կարծում, թե այս իրավիճակում, երբ նաև ողջ աշխարհի ուշադրությունը բևեռված է Ուկրաինայի վրա, Ադրբեջանը կստորագրի, ընդհակառակը՝ Ադրբեջանը կօգտվի այս իրավիճակից և նոր ագրեսիա կիրականացնի։

– Արցախի վերաբերյալ արված հայտարարություններն ինչպե՞ս եք գնահատում։

– Էլի նույնը պետք է ասեմ, որ Փաշինյանը տեսականորեն ճիշտ է, երբ ասում է, որ Արցախի խնդիրը պետք է կարգավորվի Արցախի ու Ադրբեջանի միջև տարվող բանակցությունների միջոցով, դա տարիներ շարունակ եղել է մեր դիրքորոշումը, այլ հարց է, որ Ադրբեջանը ընդհանրապես ոչ մի այլ ֆորմատ չի պահանջում, նրանց պատկերացմամբ՝ դա ընդամենը մարդասիրական խնդիր է, ու այդ հումանիտար խնդիրները պետք է կարգավորել առայժմ ռուս խաղաղապահների հետ։

Այս ամենը նկատի ունենալով՝ պետք է արձանագրենք, որ Հայաստանը գործնականում ձեռքերը լվացել է Արցախից ու իրեն վերապահել է միայն մարդասիրական, սոցիալական խնդիրներ, առայժմ, մինչև վերջնական լուծումը։

– Երեկվա զրույցից ձեզ մոտ տպավորություն ստեղծվե՞ց, որ Նիկոլ Փաշինյանը կողմ է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս, քանի որ ասաց, որ պետք է մենք հստակ հասկանանք, որ ոչ մի երկիր պատրաստ չէ Արցախի անկախությունը ճանաչելու կամ Արցախը ճանաչելու Հայաստանի մաս։

– Իմ տպավորությունն այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինքը Արցախի կարգավիճակի հետ այլևս գործ չունի, ինքը պատրաստ է ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Արցախի խնդիրը կապ չունի Հայաստանի հետ։ Նա ցույց տվեց, որ Հայաստանը այլևս չի զբաղվում Արցախի խնդրով, դա այլևս հայկական տիրույթում չէ։

– Համաձա՞յն եք վարչապետի այն մտքին, որ հիմա Հայաստանը պայքարում է իր ինքնիշխանության ու անկախության համար։

– Այդպիսի պայքար միշտ է գնացել, հիմա էլ է ընթանում, ճիշտ է ասել։ Այո՛, ռազմական լայնածավալ գործողություններից հետո վտանգված է լինելու մեր պետականությունն ու մեր ֆիզիկական գոյությունը։ Բայց այլ հարց է, թե որպես պետության ղեկավար նա ի՞նչ է անում դա կանխելու համար։ Իմ տպավորությամբ՝ անում է քայլեր, որոնք, հակառակը՝ մեծացնում են այդ սպառնալիքները։

Անընդհատ մուննաթ գալ այն անվտանգային համակարգի վրա, որում գտնվում է Հայաստանը, այդ համակարգին այլընտրանք չունենալով, նվնվալով, որ մեզ ոչ մեկը զենք չի վաճառում, դրանով իսկ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի վրա է ազդում։

Անում է այնպիսի քայլեր, որոնք թուլացնում են Հայաստանի դիմադրողականությունն էլ, միջազգային ասպարեզում դաշնակիցներ գտնելն էլ, որովհետև որևէ ուժային կենտրոն չի ցանկանում ունենալ դաշնակից, որն անընդհատ նվնվում է ու բողոքում, բացի այդ էլ՝ անընդհատ զենք գնելու գործարքների մասին հրապարակավ հայտարարություններ է անում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am