Ի՞նչ է կատարվել ԵԽԽՎ-ում. գերիների վերաբերյալ հարցի քվեարկության գործընթացն ամբողջությամբ․ Fip.am

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ապրիլի 19-ին հայ գերիներին վերաբերող հարցի քվեարկությունը լայնորեն քննարկվում է հայ հանրության շրջանում։ Ի վերջո, Ռուսաստանի պատվիրակության որոշ անդամներ արդյո՞ք դեմ էին քվեարկել հենց այս հարցի օրակարգ ընդգրկվելուն, թե՞ քվեարկությունը եղել է փաթեթով։ Այս հարցի պատասխանը շատերի համար դեռ միանշանակ չէ։ Այդ պատճառով «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ևս մեկ անգամ անդրադառնալ այս թեմային՝ ներկայացնելով հարցի քվեարկության ողջ ընթացքը։ 

Հարցի քննարկման ընթացակարգը

ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հարցերը ներկայացված են երկու փաթեթներում՝ հրատապ հարցերի և ընթացիկ հարցերի։ Հայ ռազմագերիներին վերաբերող հարցի քննարկումը ներառված էր ընթացիկ հարցերի քննարկման փաթեթում և պետք է ընդունվեր մեկ քվեարկությամբ՝ փաթեթում ներառված մյուս երեք հարցերի հետ։

Քվեարկության ընթացքը և արդյունքները շահարկումների ենթարկվեցին մամուլում և քաղաքական շրջանակներում։ 

Հրատապ հարցերի փաթեթում ընդգրկվել են Ալեքսեյ Նավալնու ձերբակալման և Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը վերաբերող հարցերը։ Ընթացիկ հարցերի մեջ էին՝ Կորոնավիրուսի անձնագրերի և կորոնավիրուսի պատվաստանյութի վկայագրերի վերաբերյալ հարցերը, Եվրոպայում խաղաղության ձգտման ռուսական սպառնալիքի և հայ գերիների և տեղահանված անձանց մասին հարցերը։ Ի վերջո, ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի օրակարգ անցան երկու ընթացիկ և երկու հրատապ հարց՝ ներառյալ հայ ռազմագերիներին վերաբերող հարցը։ Ըստ ընթացակարգի՝ երկու փաթեթներն ընդունվում են երկու քվեարկությամբ, սակայն, եթե որևէ անդամի կողմից լինում է բողոք կամ առարկություն, ապա որևէ առանձին հարց կարող է դրվել առանձին քվեարկության։ 

Ապրիլի 19֊ին կայացած նիստում Ադրբեջանի ներկայացուցիչ Սամադ Սեյիդովը միջնորդել է հայ ռազմագերիների հարցի համար անցկացնել առանձին քվեարկություն, ինչը բավարարվել է։ Սեյիդովի ելույթից հետո, որն առկա է տեսանյութում, հայ ռազմագերիներին վերաբերող հարցը դրվել է առանձին քվեարկության։ Կայացած քվեարկությամբ հայ ռազմագերիների մասին հարցը ընդգրկվել է ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի օրակարգ՝ 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ ձայներով։ Ռուսաստանի ներկայացուցիչներից 5-ը դեմ են քվեարկել հարցի օրակարգ ընգրկվելուն, 7֊ը՝ ձեռնպահ։

Ի դեպ, Ռուսաստանի ներկայացուցիչներից Սերգեյ Պախոմովը ռուսական պատվիրակության քվեարկության արդյունքները մեկնաբանել էր որպես «տեխնիկական խափանում»։

Fip.am