Բանակցային գործընթացի մանրամասների մասին տեղյակ է բավականին լայն շրջանակ. վարչապետ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միշտ էլ պատրաստ է եղել ներկայացնել բանակցային գործընթացի մանրամասները և այդ մանրամասների մասին տեղյակ է բավականին լայն շրջանակ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետը այս մասին ասաց, պատասխանելով Հանրային հեռուստանընկերության լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ համատեղ լուծումներ գտնելու առաջարկին, պատրաստ է արդյոք նախկին նախագահների հետ հանդիպել և ներկայացնել բանակցային նյուանսները:

«Պետք է հասկանալ, թե ինչ է նկատի առնվում, որովհետև եթե կա այդպիսի համատեքստ, թե իշխանությունը ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել և նրա պետք է ինչ-որ բանի համար օգնել պատասխանատվություն վերցնել, ես կարող եմ ասել, որ իշխանությունը և անձամբ ես գիտակցում ենք երկրի ճակատագրի համար ունեցած պատասխանատվությունը և այդ պատասխանատվությունը պատրաստ ենք վերցնել: Եվ այդ պատասխանատվությունը ստացել ենք մեր ժողովրդից»,- նշեց վարչապետը:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի մանրամասներին տեղյակ լինելուն՝ վարչապետը նշեց, որ բանակցային գործընթացի մասին ընդհուպ տառերի և նախադասությունների մակարդակով տեղյակ է բավականին լայն շրջանակ: 

«Օրինակ՝ մեր թիմակիցները տեղյակ են, մենք խորհրդարանական կառավարմամբ երկիր ենք և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ամբողջությամբ տեղյակ է, Անվտանգության խորհուրդը ամբողջությամբ տեղյակ է: Ավելին ասեմ, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ամբողջությամբ տեղյակ են: Ընդհանրապես, ես հարկ եմ համարել և համարում, որ գուցե մի քիչ ընդգծելու համար եմ ձևակերպում, որ Լեռնային Ղարաբաղի նախագահը որևէ բանակցությունում իմ արտասանած և լսած նախադասությունից անտեղյակ չէ: Ինքը տեղյակ է: Ես գիտեմ, որ նա էլ իր հերթին տեղյակ է պահում առնվազն Անվտանգության խորհրդին և, ըստ էության, նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաների»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը ընդգծեց, որ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով հանդիպած անձանց մի մասը տեղյակ է ամբողջությամբ բանակցային գործընթացից, մյուս մասը տեղյակ լինելու հնարավորություն միշտ էլ ունեցել է:

«Ինչո՞ւ, որովհետև միշտ էլ պատրաստակամություն եմ հայտնել, մասնավորապես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնել բանակցությունները ամբողջությամբ: Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը համապատասխանաբար երկու խմբակցությունների լիդերներն են և նրանք հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ: Լևոն Տեր-Պետրոսյանի ուժը նույնպես հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը, որովհետև այդ տեղեկատվությունը կիսում են արտախորհրդարանական ընդդիմության ուժերի ներկայացուցիչների հետ: Ժամանակին հրավեր է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրեսի»-ն, նրանք հրաժարարվել են այդ ֆորմատին մասնակցել:

Նկատի ունեմ, մարդկանց շատ լայն շրջանակ է տեղյակ, որովհետև ենթադրում եմ, որ նաև այդ քաղաքական ուժերը նաև իրենց կուսակցություններին են տեղյակ պահում և այդպես շարունակ: Պատկերացրեք, եթե հարցերի բոլոր մանրամասները ես ներկայացնում եմ մարդկանց այսպիսի լայն շրջանակի, սա նշանակում է, որ ես պատրաստ եմ շատ ուղիղ և բաց տեքստով ներկայացնել մեր ժողովրդին։ Ինչո՞ւ չեմ անում, որովհետև դիվանագիտական կոռեկտությունը և էթիկան թույլ չի տալիս, որ ես բաց և բոլոր մանրամասները ներկայացնեմ: Ինչ-որ դռնփակ ֆորմատով կարող եմ պատմել, խնդրելով հանդիպման մասնակիցներին իրենց հերթին կոռեկտության սահմանը չխախտեն և չբացահայտեն»,-եզրափակեց Փաշինյանը: