2021 թվականին պետք է վերանա «աղետի գոտու շահառու» հասկացությունը. Վահագն Վերմիշյան

2021 թվականին պետք է վերանա «աղետի գոտու շահառու» հասկացությունը. Վահագն Վերմիշյան
2021 թվականին պետք է վերանա «աղետի գոտու շահառու» հասկացությունը. Վահագն Վերմիշյան
Հեղինակ MediaLab

Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է 2021 թվականը դիմավորել առանց «աղետի գոտու շահառու» հասկացության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, նշեց, որ Կառավարության որոշման համաձայն՝ 2008-2020 թթ․ պետք էր 5 396 ընտանիքի տեղավորել բնակարաններում:

«2008-2017 թթ․ ապահովվել է 4839 ընտանիք, և պետական բյուջեից դրա համար ծախսվել է մոտ 65 միլիարդ դրամ: 2018 թվականին բյուջեից հատկացվել է 460 միլիոն դրամ, և ապահովվել է բնակարանով 44 ընտանիք: 2019 թվականի բյուջեով նախատեսված է 560 միլիոն դրամ և 60 ընտանիք»,- նշեց Վերմիշյանը:

Նրա խոսքով՝ վարչապետի հանձնարարականով, որպեսզի մինչև 2020 թվականը մնացած 453 ընտանիքն ապահովվի բնակարանով այդ տարի պետք է հատկացվի 3 միլիարդ դրամ:  «2021 թվականին պետք է վերանա «աղետի գոտու շահառու» հասկացությունը»,- շեշտեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը:

Վերմիշյանի պնդմամբ՝ տնակներում ապրող ոչ բոլոր անձինք կամ ընտանիքներն են շահառուներ, քանի որ նրանց թվում կան նաև անշարժ գույք ունեցողներ: Նրա խոսքով՝ տնակները քաղաքաշինական խնդիր են առաջացնում, զբաղեցնում են հանրային տարածքներ: