«Արցախում ոչ թե ընտրություն էր, այլ մարդագողություն, մարդաորս, և ով փող ուներ՝ կարողացավ մարդիկ գնել». Վահան Բադասյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

– Պարոն Բադասյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախում ստեղծված իրավիճակը ընտրությունների առաջին փուլից հետո, և ի՞նչ է լինելու հետո։

– Արցախում երբեք այսպիսի վատ ընտրություններ տեղի չեն ունեցել։ Եթե ՏԻՄ ընտրություններն աշնանը եղել են համեմատաբար արդար, ապա այս ընտրություններն ամենախոր ձևով կեղծել են։ Փաստորեն, Արցախում ոչ թե ընտրություն էր, այլ մարդագողություն, մարդաորս, և ով փող ուներ՝ կարողացավ մարդիկ որսալ, մարդիկ գնել, պարտավորեցնել բարեգործության անվան տակ։ 

Սկզբում բարեգործություն էր, հետո պարտադրանքներ, որ հեռախոսով նկարեն քվեաթերթիկը։ Ես միշտ ասել եմ, որ ՀՀ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը չթողեց հեղափոխությունը հասնի Արցախ։ Հեղափոխության շունչը հասավ, բայց հեղափոխությունը չհասավ։ Նա արցախցիներին թողեց մենակ հին ռոբասերժական ռեժիմի դեմ։ 

Տեսեք՝ Ռոբերտ Քոչարյանը բացարձակապես ֆինանսավորեց Վիտալի Բալասանյանին, որն իր շուրջը համախմբեց ՀՀ նոր իշխանություններին չսիրողներին, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցներին։ Ռոբերտ Քոչարյանը և իր շրջապատը ֆինանսավորեցին Սամվել Բաբայանին, որպեսզի նա ավելի քան 1,5 տարի համախմբի փոփոխություն ցանկացող արցախցիներին, և նա գրավեց ընդդիմության տեղը։

Արայիկ Հարությունյանը, քանի որ տասնամյակներ շարունակ քրեաօլիգարխիկ խումբն է ղեկավարում, իր այդ խմբով սկսեց բարեգործություններ կատարել գյուղերում, քաղաքներում։ Ինքն իրեն ֆինանսավորեց։ Բացի այդ, նաև իշխանությունները որպես փոփոխություն, որպես հեղափոխություն ներդրեցին Մասիս Մայիլյանին։

Պաշտոնական Երևանի որոշ շրջանակներ էլ կողմնակից էին նրան։ Այստեղ պետք է նշել նաև նրանց ստեղծած կուսակցությունները, որ դաշինք են կազմել Մասիս Մայիլյանի շուրջը, և նրանք էլ որպես նախկին պաշտոնյաներ, զինվորականներ, այսպես կոչված, իբրև ընդդիմություն, շշմեցրեցին հանրությանը։ 

Մեր քաղաքական ուժը՝ որպես ընդդիմություն, պահանջեց երկու կարևոր բան՝ մայր Հայաստանի հետ միացում և ընդերքի թալանի դադարեցում և ընդերքի վերադարձ պետությանը՝ որպես պետական մենաշնորհ։ Սա լուրջ վտանգ էր բոլորի համար՝ թե Արայիկ Հարությունյանի, թե ամեն գնով իշխանության ձգտող Մասիս Մայիլյանի ու Սամվել Բաբայանի համար։

Պատահական չէ, որ նրանք միավորվել էին։ Լուրջ վտանգ է, որովհետև նրանք ցանկանում են ամեն գնով իշխանության հասնել, որ իրենք ղեկավարեն այս քրեաօլիգարխիան։

Նաև ՀՀ հին իշխանությունները փորձում էին այստեղ վերարտադրվել Արայիկ Հարությունյանի տեսքով, իսկ եթե չստացվի՝ Մասիս Մայիլյանի ու Սամվել Բաբայանի միջոցով։ 

Մենք ստացանք շատ քիչ ձայն, որովհետև տակը մնացած ազատական մարդիկ մի քանի հազար հոգի էին, որի ձայները բաժանվեցին իրական ընդդիմադիրների միջև։ Խոսքը մեր քաղաքական ուժի և Հայկ Խանումյանի գլխավորած ուժի մասին է։

Մեր միավորումը չստացվեց գաղափարական տարաձայնությունների պատճառով։ Մայր Հայաստանի հետ միավորման վերաբերյալ նրանց պատկերացումներն այլ են։ 

Իշխանությունները ներդրեցին նաև քաղաքական աղբ՝ ավելի քան 5-6 նախագահի թեկնածուներ, որոնք դեբատների օրը, տեսաք՝ հիմնականում իմ դեմ էին։ Նրանք կենցաղային և նեղ անձնական հարցեր բարձրացրեցին, որոնք ուղղված էին ինձ։ Դա զուտ բամբասկոտություն, վարկաբեկման փորձ էր, իբր վարկ վերցնելն ու հող մշակելը անվանեցին կոռուպցիա։

Փորձեցին ինձ վրա ցեխ շպրտել որպես նախագահի թեկնածուի, որովհետև ես միակն էի, որ ոչ միայն քննադատում էի, այլև գնահատական էին տալիս այս քրեաօլիգարխիայի գործողություններին անուն առ անուն, թե ով ինչ է թալանել։ Իրենք նախօրոք գիտեին, որ ես դա անելու եմ, դրա համար իշխանությունները ասպարեզ նետեցին այդ քաղաքական աղբը։

Ինչպես նրանց չանվանես քաղաքական աղբ, երբ այնտեղ տեղ են գտել անգրագետներ, մարդիկ, որոնք քաղաքականության հետ ոչ մի կապ չունեն, վաստակ չունեն և ճանաչում չունեն։ Նրանց գումար էին տվել, որ նույնիսկ քարոզարշավ չանեն, բայց իրենց հարցազրույցներում, բանավեճի ընթացքում պախարակեն ընդդիմությանը, այսինքն՝ ինձ։ Միակ արմատական ընդդիմությունը ես էի։ Դրա համար արդյունքը եղավ նաև բնական։ 

Մասիս Մայիլյանը կամք չունեցավ, և ես միշտ էլ նշում էի, որ նա այն մարդը չէ, որ կարողանա կազմաքանդել այս խմբիշխանությունը, իսկ մենք այդ կամքը և ուժն ունեինք։

Մասիս Մայիլյանը ինչպես սկզբից կիսատ-պռատ հայտարարեց, որ ինքը այլընտրանք է, այդպես էլ շարունակեց։ Հիմա եկավ երկրորդ փուլը, բայց նա չկարողացավ ժողովրդին ոտքի հանել։ Այդ իրավունքն ու բարոյական իրավունքը նրան էր պատկանում, որ գոնե համախմբեր բոլորին, ընտրություններին գնահատական տար և ժողովրդին հաներ փողոց։ Ինքը դա չարեց։

– Իսկ հիմա այդպիսի բան հնարավո՞ր էր՝ հաշվի առնելով համաճարակի վտանգը։ 

– Հնարավոր էր։ Տեսեք՝ այսօր փողոց դուրս եկողներն էլ ունեն նեղ անձնական նպատակներ, նրանց նպատակն ու պահանջը քաղաքական չէ, բնական ու անկեղծ չէ։ Նրանք հարթակը գրավել են, որպեսզի մենք՝ իրական ընդդիմությունը, դա էլ չկարողանանք անել։ Մի կողմից, իհարկե, կա նաև համաճարակի վտանգը։

Բայց ամեն բան այսպես չի լինելու։ Տեսեք՝ Սամվել Բաբայանը, որ ես միշտ ասել եմ, որ վտանգ է քաղաքականության մեջ, կամ մի քանի ամիս անց բանտ է նստելու, կամ իրեն սպառելու է։ Եթե նոր իշխանությունը նրան որևէ պաշտոն տա, այսինքն՝ բավական է նրան տան ԶԱԳՍ-ի վարիչի պաշտոնը, ինքը կողքից կվերցնի ոստիկանությունը, անվտանգությունը, ռազմական իշխանությունը։ Ինքն այդ հարցում շատ տաղանդավոր է։

– Բայց արդյոք նրան պաշտոն կտա՞ն՝ հաշվի առնելով բոլորի վերաբերմունքը նրա անձի նկատմամբ։ 

– Հնարավոր է, որովհետև կարծես թե արդեն պայմանավորվում են։ Սամվել Բաբայանն իր հարցազրույցում անկեղծ ասաց, որ այս ամենն իր համար է արել։ 

– Ինչպե՞ս եք գնահատում Մասիս Մայիլյանի հայտարարությունը՝ ընտրությունները բոյկոտելու մասին։ 

– Ոչ թե սխալ էր, այլ այդտեղ որևէ կամք չկա։ Ի՞նչ է նշանակում՝ բոյկոտել ընտրությունները, ո՞վ կլսի նրան։ Այդ հայտարարության պատճառով հիմա իր թիմը շփոթմունքի մեջ է, նրան ընտրողները շփոթմունքի մեջ են։ Եթե նա բոյկոտում է ընտրությունները, դրանով օգնում է, որ Արայիկ Հարությունյանը հեշտությամբ հաղթահարի ոչ թե 50 տոկոսը, այլ 70-80 տոկոսով անցնի։

Ո՞վ է լսելու Մասիս Մայիլյանին, միայն նրան ձայն տվողների մի մասը։ Այսինքն՝ այդ մասը չի գնա ընտրություններին, մի մասն էլ կգնա՝ անվավեր կդարձնի քվեաթերթիկը կամ Մայիլյանին կքվեարկի։ Իսկ, ասենք՝ Վիտալի Բալասանյանն էլ հայտարարել է, որ ոչ մեկին չի պաշտպանում, բայց նրան ընտրողների մի մասը գնալու է ընտրության։ 

Մեր ձայները կառավարելի են, մենք չենք գնալու ընտրության։ Մենք հայտարարել ենք, որ անցնում ենք խոր ընդդիմություն։ Ես դեռ էն գլխից եմ ասել, որ ոչ մեկի ձեռքը չեմ սեղմելու, չեմ շնորհավորելու, որովհետև մենք համարում ենք, որ սրանք բոլորն էլ ժողովրդի ուզածը չեն, տանելու են ճգնաժամի, որ սրանք Հայաստանի հին ռեժիմի վերարտադրությունն են։ Սրանք երկիրը կառավարելու են հին մեթոդներով, իսկ ժողովուրդը չի ուզում հին ձևով ղեկավարվել։

Նրանք երկիրը որևէ փոփոխության չեն տանելու, մյուս կողմից էլ՝ ժողովուրդը չի ցանկանալու այսպես շարունակել։ Բացի այդ, համաճարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը սրանք ի վիճակի չեն լինելու հաղթահարել, որովհետև քրեաօլիգարխիկ մասը եսակենտրոն, անձնակենտրոն է։ Նրանք կենտրոնանալու են իրենց անձնական բիզնեսների վրա, իսկ ժողովրդին թողնեն բախտի քմահաճույքին։ 

Արցախում շատ մեծ հնարավորություններ կան ճգնաժամը հաղթահարելու, բոլորին մեկ առ մեկ աջակցելու, մեկը մյուսին օգնելու։ Մենք տեսանք, թե ինչ եղավ 2016-ի ապրիլին, եթե մենք օգնության ձեռք չմեկնեինք հասարակական հիմունքներով, շատ վատ ելք կունենար այդ ամենը։

Փառք Աստծո, որ մենք կայինք և կողքից շատ օգնեցինք։ Մենք տեսանք, որ իշխանություններն ընդհանրապես ի վիճակի չեղան, և մեզ վրա շատ մեծ պատասխանատվություն ընկավ։

Հիմա սրանք էլ երկար չեն ձգելու, և մենք առաջիկայում արդեն համապատասխան որոշումներ ենք կայացնելու։ Մենք այսօր էլ արդեն որոշումներ ընդունում ենք և պատրաստ ենք այս ճգնաժամային իրավիճակներում դիմակայելու, ժողովրդին մենակ չթողնելու։

Առաջիկայում զարգացումները լինելու են անկանխատեսելի։ Եթե նույնիսկ ամեն ինչ նորմալ լինի, այս համաճարակն անցնի, այս իշխանությունները գնալու են փակուղի։

– Այսինքն՝ նոր իշխանությունն Արցախում կարճ կյա՞նք է ունենալու։

– Այո, և Նիկոլ Փաշինյանը ինչի դեմ պայքարեց 2018 թվականին, փաստորեն, նա դա ողջունեց Արցախում։ Եվ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նույնպես, ես կարծում եմ, փակուղի է մտնելու։

Նա միայն մի ելք ունի՝ Արցախում պետք է շուտափույթ կերպով ժամանակավոր կառավարիչ նշանակվի պաշտոնական Երևանի կողմից։ Որևէ միջազգային կառույց դրան դեմ չի լինելու։

Պարզապես պետք է այդ քաղաքական խիզախությունը ցուցաբերել, հատկապես այս միջազգային համաճարակի պայմաններում դա կարելի է անել։ Որևէ մեկը դեմ չի լինելու։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am