«Սոչիով հաստատվում է, որ առայժմ գերմիջնորդը փորձում է իր ձեռքին պահել բանակցային ղեկը». Շահան Գանտահարյան

«Սոչիով հաստատվում է, որ առայժմ գերմիջնորդը փորձում է իր ձեռքին պահել բանակցային ղեկը». Շահան Գանտահարյան
«Սոչիով հաստատվում է, որ առայժմ գերմիջնորդը փորձում է իր ձեռքին պահել բանակցային ղեկը». Շահան Գանտահարյան

Այն, ինչ հրապարակվեց և շարունակվում է հրապարակվել Սոչիում կայացած ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, արտակարգ որևէ նորություն չի փոխանցում։ Ակնկալելիորեն հերթական անգամ խոսվել է խաղաղ կարգավորման, պատերազմական գործողություններից զերծ մնալու, և փոխզիջումներով խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին։ Բանակցային խորապատկերի վրա երևացող հիմնական և ուշադրություն գրավող բաժինը հանդիպման վայրն է, գերմիջնորդի ներկայությունն ու կատարած կշռադատված ուղերձները կողմերին։ Այս բոլորը հարապարակային բաժնով, լուսարձակների տակ, նկարահանված և հեռարձակված տարբերակներով փոխանցվող։

Ռուսական գերմիջնորդի հանգամանքի ինքնաստանձնումի միտումները չեն թաքնված։ ՌԴ նախագահ ՎլադիմիրՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Ղարաբաղյան հակամարտության հ արցում միջազգային ձևաչափերին, հետագայում էլ մասնակցելու է դրանց, բայց ծրագրում է օգտագործել նաև Ադրբեջանի և ՀՀ-ի հետ երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը՝ իրավիճակը կարգավորելու համար։

Մինչև այս եռակողմ հանդիպումը` մեկնաբանությունները կենտրոնացել էին խաղաղապահ գործողության իրականացման հավանականության վրա` շեշտելով, որ ՌԴ-ն մտադիր է խաղաղապահ զորքեր տեղակայել Արցախ-Ադրբեջան սահամանագծին վրա։ Չէ բացառված, որ այս առաջադրանքը մնալու է նույնը։ Ամերիկացի համանախագահն էլ իր վերընդգծած սկզբունքներից վերջինը հատկացուցել էր խաղաղապահ գործողություն իրականացնելու անհրաժեշտության։ Ուորլիքի հայտարարությունները, կարճ ժամանակ ետք ԱՄՆ պետքարտուղարության կողմից նկատվել էին պաշտոնական Վաշինգտոնի տեսակետ։ Բնականաբար սակայն, Ուորլիքն ու իր պետությունը այլ բաղադրիչներով պատկերացնում են խաղաղապահ գործողության իրականացումը։

Թե փակ խորհրդակցություններին այս առաջադրանքը քննարկման թեմա եղե՞լ է, թէ՞ ոչ` մնում է քաղաքական մեկնաբանության և ենթադրության սահմաններում։ Պարզը այն է, որ Մոսկվան իր ազդեցության գոտի փորձում է վերադարձնել Բաքվին և այնտեղ ավելի հաստատ ու կայուն տեղ տրամադրել դրա։ Մինչ այդ իրավիճակը կարգավորելու համար կարող էր նպաստավոր նկատվել զինվորական սահմանափակ գործողությունների ձեռնարկումը, դրանք քաջալերելը, և նախապատերազմական մթնոլորտ ստեղծելը։ Զուգահեռ` սպառազինելը։ Ամփոփումը ռուսական ուղերձին այս բոլորում այն է, որ Մինսկի ձևաչափը շարունակում է գործել, բայց գերմիջնորդը և բանակցային խաղի կանոնների թելադրողը Մոսկվան է, որը ծրագրում է օգտագործել նաև Ադրբեջանի և ՀՀ-ի հետ երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը՝ իրավիճակը կարգավորելու համար: ՀՀ-ին առընթեր կավելանա ուրեմն Ադրբեջանի հետ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը։

Փորձենք տեսնել այս անգամ ամերիկացի համանախագահի հայտարարությամբ փոխանցվող ուղերձի իմաստը, Սոչիի հանդիպմանը առիթով։ Մի հարցազրույցի ընթացքին դրական գնահատական տալուց հետո ռուսական ճիգերին, ամերիկացի համանախագահը հետևյալ բառերով է բնութագրում իր երկրի առնչությունը արցախյան հարցի կարգավորման բանակցություններին։ «Աշխարհի տարբեր անկյուններում տիրող բարդ իրավիճակներն անհանգստության մեծ առիթ են ԱՄՆ-ի համար, սակայն սա և ոչ մի կերպ չի թուլացնում Ղարաբաղյան խնդրի լուծման անհրաժեշտության առաջնայնությունը ԱՄՆ-ի համար։ Մեր նպատակն է տեսնել Եվրոպան ամբողջական, ազատ և խաղաղ»։

Ըստ Ուորլիքի` Արցախի հարցը ուրեմն առաջնային խնդիր է Վաշինգտոնի համար։ Վաշինգտոնի համար առաջնային, Մոսկվայի համար առանձնահատուկ։ Բայց սա չէ միակ հատկանշական կետը ամերիկացի բանագնացի ասածում։

Արցախը ամբողջական Եվրոպայի տարածքում տեսնող Վաշինգտոնի ներկայացուցիչը այս դեպքում ուղերձ ունի Մոսկվայի ղեկավարին։ Արցախյան հարցով ուղերձ ուղարկողը սակայն պետք է հստակ պատասխան տա, որ առաջադրված ամբողջական, ազատ և խաղաղ ևրոպայում վերջին փակ սահմանին պատասխանտուն ո՞ր պետությունն է և թե ինչո՞ւ է շարունակում արգելակել Եվրոպայի ամբողջականացման, ազատականացման և խաղաղեցման գործընթացը։

Վաշինգտոնի համար Արցախը Եվրոպա է, և դրա հարցը` առաջնային։ Մոսկվայի համար Արցախը` Եվրասիա (առանց մաքսակատի հստակեցման…), իսկ հարցը` առանձնահատուկ։ Սոչիով հաստատվում է, որ առայժմ գերմիջնորդը փորձում է իր ձեռքին պահել բանակցային ղեկը։

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր