«Եթե ուսանողները գնան առաջնագծի ինժեներական աշխատանքներն անեն՝ պետությունն ի՞նչ անի». Տիգրան Աբրահամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը

– Պարո՛ն Աբրահամյան, ինչպե՞ս եք գնահատում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությունը, որով առաջարկում է ուսանողներին կամ հասարակության այլ շերտերի վերցնել գործիքներ ու գնալ սահման՝ ինժեներական աշխատանքներ կատարելու:

– Իսկ պետությունն ի՞նչ անի, այսինքն՝ իշխանությունն այսօր իրական հնարավորություններ ունի Հայաստանի տարբեր հատվածներում մեծածավալ շինարարություն իրականացնելու, ասֆալտապատման կամ վերանորոգման այլ աշխատանքներ իրականացնելու, ակնհայտ է, որ կա մեծ քանակությամբ տեխնիկա, որը քաղաքացիական տարբեր ենթակառուցվածքներում աշխատում է: Հիմա իշխանությունը չի ցանկանում դրա մի մասը տանել առաջնագիծ՝ աշխատանքներ անել, ասում է՝ ուսանողների կամ այլ խմբերի հավաքենք-տանենք առաջնագիծ ու հասարակության օժանդակությունն այդ ձևո՞վ դրսևորենք:

Երկրորդ՝ եթե առաջնագիծ ինչ-որ մարդ են տանում աշխատանքներ իրականացնելու նպատակով, պետք է լինի հրաման, որի բովանդակային կետը պետք է լինի առաջնագծում գտնվող անձնակազմի անվտանգության ապահովումը: Պատկերացնո՞ւմ եք իրավիճակ, երբ առաջնագծի տարբեր հատվածներում, երբ հայկական ու ադրբեջանական զորքերի միջդիրքային տարածությունը 50 մետրից մինչև 500 մետր է, տանենք քաղաքացիական անձանց, ուսանողների՝ այնտեղ աշխատանքներ իրականացնելու համար:

Երրորդը՝ աշխատանքի հիմնական ծավալը ենթադրում է տեխնիկայի ներգրավում, ինչը ուսանողական կամ մեկ այլ խմբից ակնկալելն այս պահին ռեալ չէ:

Առաջիկա տարիներին մեր գլխավոր միջոցներն առաջնագիծ պետք է ուղղվեն՝ համապատասխան ենթակառուցվածքներ ու կահավորում ունենալու համար, որից հետո միայն հիմնական միջոցները կարելի է ուղղել քաղաքացիական տարբեր ենթակառուցվածքներին:

– Հակասություններ չե՞ք նկատում իշխանության ներկայացուցիչների խոսքում. որոշ ժամանակ առաջ, երբ խոսվում էր սահմանների կահավորված լինելու մասին, նրանք ասում էին, որ ամեն բան նորմալ է, աշխատանքներն ընթանում են, իսկ հիմա պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նման հայտարարություն է անում:

– Իրականում, իշխանության ներկայացուցիչների կողմից հնչող հայտարարությունները նոր չեն: Այս իշխանությունը դեռ 5-6 ամիս առաջ հավաստիացնում էր, որ անհրաժեշտ աշխատանքներ իրականացվում են, բայց մայիսին պարզվեց, որ սահմանային բավականին մեծ հատվածում ոչինչ չի արվել, ու ադրբեջանցիները եկել ու դիրքավորվել են: 

Հիմա թե հանձնաժողովի նախագահն ի՛նչ է հայտարարում, խոստանում, կոնկրետ ինձ համար հիմք չէ, որովհետև ունեմ տոտալ անվստահություն այս իշխանությունների ու նրանց գործողությունների նկատմամբ, քանի որ այն, ինչ ասում են, որպես կանոն, լրիվ հակառակն է լինում: 

– Պարո՛ն Աբրահամյան, իսկ անվտանգային առումով նման հայտարարություն հնչեցնելը ճի՞շտ է, հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմը հայաստանյան լրատվամիջոցների մշտադիտարկում է իրականացնում:

– Համոզված եմ, որ Ադրբեջանը շատ ավելի լավ է տիրապետում առաջնագծում մեր ենթակառուցվածքների վիճակին, քան հայաստանյան հասարակությունը, որովհետև ի տարբերություն հայաստանյան հասարակության՝ Ադրբեջանը իր դիտարկումներն իրականացնում է և՛ ցերեկային, և՛ գիշերային պայմաններում, ինչպես ցամաքում, այնպես էլ օդում: 

Սա ցույց է տվել և՛ Ապրիլյան պատերազմը, և՛ դրանից հետոն, և՛ 44-օրյա պատերազմը: Ադրբեջանի կողմից հրապարակված կադրերը հստակ ցույց են տալիս, որ օրվա բոլոր ժամերին առաջնագծի շատ հատվածներ ամենժամյա վերահսկողության տակ են: Այս առումով չեմ կարծում, թե լուրջ խնդիր է, քանի որ, կրկնեմ, ադրբեջանական կողմի համար շատ մանրամասներ առավել հայտնի են, ու տեխնիկական այս հագեցվածության ժամանակաշրջանում առաջնագծին վերաբերող շատ քիչ բաներ կան, որ հնարավոր է գաղտնիության քողի տակ պահել:

– Դուք ևս դիմել էիք պաշտպանության նախարարություն, որպեսզի թույլ տային մեկնել սահման, բայց ձեզ մերժել էին, ինչից շատ կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ իշխանական պատգամավորների խումբը եղել է սահմանային հատվածներից մեկում: Ձեր՝ սահման մեկնելու արգելքն ինչո՞վ եք բացատրում:

– Իշխանությունը թույլատրում է ոչ միայն իրենց խմբակցության պատգամավորներին, այլ նաև տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնք մեծ մասամբ սպասարկում են նրանց շահերը, կան որոշակի քիչ բացառություններ, բայց ակնհայտ է, որ սահմանն ընդդիմության համար ուղղակի փակ է: 

Իսկ այդպես է, որպեսզի հնարավորություն չունենանք արձանագրելու իրական վիճակը, որ տիրում է առաջնագծում, ու չբացահայտենք ողջ մանիպուլյացիոն մանրամասները, որ իշխանությունն ամեն կերպ հրամցնում է մեր հասարակությանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am