«Պետք է աշխարհում վերացնել այն պատկերացումը, որ Հայաստան գալը վտանգավոր է»․ Ինչպե՞ս են զբոսաշրջության ոլորտում դուրս գալու շոկից

Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը դեռ չի հանդիպել զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ, չի լսել խնդիրները, բայց ոլորտում հույս ունեն, որ առաջիկայում շոկից դուրս կգան։

Զբոսաշրջության ոլորտի կտրուկ անկումը սկսվել էր կորոնավիրուսի համավարակի սկզբից, երբ փակվեցին Հայաստանի սահմանները, սակայն արցախյան պատերազմը ավելի խորացրեց ոլորտի ճգնաժամը։

Բայց այդուհանդերձ, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը հույս ունի, որ խոր ճգնաժամից դուրս գալու հնարավորություն կստեղծվի։

«Նախարարը դեռ նոր է նշանակվել, հավանաբար ծանոթանում է գործունեության ոլորտին։ Վստահ եմ՝ հանդիպում կունենանք, կներկայացնենք խնդիրները, և դրանց միասնական լուծում կտրվի։

Զբոսաշրջությունը Հայաստանի համար սոցիալական, տնտեսական, մշակութային և քաղաքական շատ էական նշանակություն ունի: Պետք է կարողանանք զբոսաշրջության պոտենցիալը օգտագործել։ Այս պահին պետք է միասնական լինել»,- «Մեդիալաբին» ասաց Ապրեսյանը։

Դիտարկմանը, թե էկոնոմիկայի նոր նախարարը նշանակվելուց հետո երկնիշ տնտեսական աճ խոստացավ, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը արձագանքեց, որ դրան պետք է հասնել միասնական ջանքերով։

«Հույս ունենք, որ համագործակցություն տեղի կունենա, և այն առաջարկները, որ կանենք, կընդունենք, ու զբոսաշրջության ոլորտը օգտակար կլինի առկա խնդիրների լուծմանը»,- հավելեց Ապրեսյանը։

Անդրադառնալով փակ սահմանների բացման հեռանկարի մասին հայտարարություններին՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչն ասաց, որ ոլորտի զարգացման համար ապաշրջափակումը կարևոր նախապայման է։ 

«Հայաստանի զբոսաշրջության կարևոր խնդիրներից մեկը համաշխարհային շուկային մեր երկրի հասանելիությունն է եղել։

Մենք դեպի ծով ելք չունեցող երկիր ենք, մեր սահմանների կեսը փակ է, հասանելիություն չունենք համաշխարհային շուկային, և սա զբոսաշրջության համար ամենակարևոր խնդիրներից մեկն է։

Այսօր շատ կարևոր է ապաշրջափակումը, և եթե կարողանանք դրան հասնել, ապա դա կարևոր կարող է լինել»,- ընդգծեց Ապրեսյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում երկրի ապաշրջափակումը, նա պատասխանեց․

«Օրինակ՝ ունենանք ցամաքային սահման, անմիջական կապ հիմնական շուկաներից մեկի՝ Ռուսաստանի հետ։ Բոլոր տարբեր ուղղություններով մեր ցամաքային սահմանները բացվեն։

Անկախ նրանից, թե ինչ քաղաքական իրավիճակ կլինի, կարևոր է, որ մեր ցամաքային սահմանները լինեն բաց, մնացած բոլոր երկրների հետ կապը ցամաքային սահմաններով, այդ թվում՝ երկաթգծով ապահովվի։

Զբոսաշրջության զարգացման հայեցակարգերում մենք միշտ ենք այդ մասին խոսել, այդ հարցը բարձրացրել․ զբոսաշրջության զարգացման համար ամենամեծ խնդիրը ցամաքային հասանելիությունն ապահովելն է»։

Սակայն մինչ ճանապարհների ապաշրջափակումը, մասնագետի խոսքով՝ պետք է դուրս գալ ոլորտի ճգնաժամից, որը համավարակի և պատերազմի հետևանքով է առաջացել։ Նա ասաց, որ Հայաստանում զբոսաշրջությունը ծանր կացության մեջ է հայտնվել՝ կան անհրաժեշտ ծախսեր, ռեսուրսները, գործունեությունը, աշխատատեղերը պահպանելու խնդիր կա, բայց եկամուտ չկա։

«Եթե 2021 թվականից ներքաղաքական իրավիճակը կայունանա, տարածաշրջանում պատերազմ չլինի, ապա կորոնավիրուսի հետ կապված խնդիրներն ավելի լուծելի կլինեն։ Ի վերջո, աշխարհն արդեն ապրում է կորոնավիրուսի հետ, իհարկե, առաջացնում է խնդիրներ, բայց դրանք ավելի լուծելի են, քան պատերազմը։

Շատ կարևոր է, որ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով, սփյուռքի համայնքների միջոցով այնպես անի, այնպիսի տեղեկություններ տարածի, որ աշխարհում վերանա տպավորությունը, թե այստեղ՝ Հայաստան, վտանգավոր է գալ»,- նշեց Մեխակ Ապրեսյանը։ 

Նա զբոսաշրջության ոլորտի արագ ոտքի կանգնելու միջոց է համարում նաև ագրեսիվ մարքեթինգը, որի միջոցով կարելի է ներկայացնել Հայաստանը իր տեսարժան վայրերով, մշակութային առանձնահատկությամբ։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am