«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Տիգրան Դավուդյանը
– Պարո՛ն Դավուդյան, Իրանի առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական դոկտոր Վելայաթին նախօրեին հոդված է հրապարակել Իրանի «Էթելաաթ» օրաթերթում՝ «Հստակ և մտերմիկ զրույց պրն վարչապետի հետ» խորագրով, որը վերաբերում է ԹՐԻՓՓ-ին: Կարո՞ղ ենք հոդվածում արծարծված մտքերը համարել պաշտոնական Իրանի դիրքորոշում, ինչո՞ւ է հոդվածագիրն օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը:
– Ես կարծում եմ, որ դա Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը չէ, իսկապես հետաքրքիր բան եք նկատել, որ պարոն Վելայաթին մի դեպքում ասում է «Զանգեզուրի միջանցք», հետո ընդգծում, որ երկրի հանգուցյալ առաջնորդը դեմ է եղել «Զանգեզուրի միջանցքին»: Իմ տպավորությամբ՝ ինքն ուղղակի դեմ է, որ այն Թրամփի անունն է կրում, թե չէ՝ միջանցքի գաղափարը չի պաշտպանում:
Ինչ վերաբերում է Իրանի պաշտոնական դիրքորոշմանը, ապա այդ դիրքորոշումն արտահայտվում է արտաքին գործերի նախարարության շուրթերով, ու պարո՛ն Արաղչին բազմիցս հայտարարել է, ու վերջին անգամ էլ, երբ Հայաստանում էր COP-ի համատեքստում, ասաց, որ իրենք վստահում են հայաստանյան իրենց գործընկերների հայտարարություններին:
Պարզ չէ, թե որքանո՛վ է պարոն Արաղչին լսելու պարոն Վելայաթիին՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականի, այն էլ այս վիճակում, երբ իրենք շատ մտահոգ են հնարավոր ահաբեկչությունից, հիշում եք, որ Իսրայելը փորձում էր Իրանի ղեկավարներին սպանել:
Մեկ հետաքրքրական հանգամանք էլ կա, որ այս հոդվածը հրապարակվել է ճիշտ Թրամփի ընտրական ձախողումից մեկ օր հետո ու շատ ազդեցիկ մի օրաթերթում: Իրանում կա հարյուրից ավելի օրաթերթ, բայց «Էթելաաթ» ու «Քեյհան» օրաթերթերը հսկայական մեծ հաստատություններ են, որոնց տնօրեններին նշանակում է Իրանի առաջնորդը, այսինքն՝ այդ օրաթերթերը պատկանում են պետությանը ու շատ ազդեցիկ են:
– Ստացվում է, որ, այնուամենայնիվ, որոշակի կապ կարո՞ղ ենք տեսնել հոդվածում արտահայտված մտքերի ու պաշտոնական Իրանի դիրքորոշումների միջև:
– Այո՛: Բայց Իրանում կարծիքները տարբեր են, կան բիզնեսմեններ, որոնք պնդում են, որ այդ ճանապարհը նաև իրենց համար է օգտակար լինելու, որովհետև իրենք հիմա Թուրքիայի ճանապարհով դեպի Եվրոպա, Ադրբեջանով՝ դեպի Հյուսիսային Եվրոպա դուրս գալու մեծ դժվարություն ունեն:
Մենք դեռ փաստ չունենք, որ իրանական բեռնատարն իրավունք չի ունենա Իրանից մտնել «Թրամփի ուղի» ու ձախ թեքվել դեպի Նախիջևան, մտնել Թուրքիա, հետո՝ Եվրոպա: Նման տեսակետ էլ կա Իրանում, որ այդ միջանցքը իրենց էլ կարող է օգտակար լինել, բայց բնական է, որ Իրանը մտահոգված է տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությամբ: Իսկ սա իրենք բազմիցս են հայտարարել, որ թույլ չեն տա:
– Պարո՛ն Դավուդյան, կարո՞ղ ենք ասել, որ այս ճանապարհը տնտեսապես ձեռնտու է Իրանին, իսկ հիմնական մտահոգությունը տարածաշրջանում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական ներկայությունն է։
– Չենք կարող մեկ-երկու գործարարների հայտարարությունների հիման վրա նման բան ասել, մենք պետք է հիշենք, որ Իրանը Ադրբեջանին ասում է՝ Զանգեզուրի միջանցք ուզում ես, որ ի՞նչ անես, ես քեզ միջանցք տվել եմ՝ Խորհրդային Միության փլուզումից հետո տվել եմ, էլի կտամ ու ավելի կընդարձակեմ: Այնպես որ, տեսակետները տարբեր են, ու միանշանակ որևէ բան պնդելը սխալ է, պետք է հիմնվենք պաշտոնական հայտարարությունների վրա, իսկ այդ մասին վերևում ասացի արդեն:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















