Հայաստանը որոշել է ցանկացած գնով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղություն ստանալ, կրկնում եմ՝ ցանկացած գնով. Սարգսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը 

– Պարո՛ն Սարգսյան, մինչ իշխանական պատգամավորները հայտարարություններ են անում առ այն, որ Ռուսաստանը պետք է որոշի Հայաստանում տեղակայված ռազմաբազայի հանել-չհանելու հարցը, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն էլ ասել է, որ Ռուսաստանը Հայաստանից՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայից, զորակազմը դուրս բերելու վերաբերյալ Երևանից որևէ հարցում չի ստացել։ Ինչո՞ւ Բիշքեկում Վլադիմիր Պուտինը ռազմաբազայի վերաբերյալ հայտարարություն արեց, ո՞րն է այս հայտարարությունների մեսիջը:

– Ամենաէականն էլ հենց դա է, թե ինչո՛ւ այս թեման առհասարակ շրջանառվեց: Ես կարծում եմ, որ դեռ մինչև Պուտինի այդ հայտարարությունը ինչ-որ քննարկում եղել է, շատ կոնկրետ ժամանակ է, ինչ հստակ դրված է երկաթուղու կոնցեսիան Հայաստանին վաճառելու խնդիրը, ընդ որում Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ Ռուսաստանն ամեն կերպ ցույց էր տալիս, որ որևէ կերպ համաձայն չէ դրան: Սրա ֆոնին էլ սկսեց խոսվել ռազմաբազայի վերաբերյալ, ռուսական կողմն էլ այս թեման շրջանառեց՝ որպես հակակշիռ երկաթուղու թեմային: 

Պուտինը պարզ հասկացրեց՝ եթե դու պատրաստ ես, ես հենց վաղն էլ հանելու եմ ռազմաբազան ու գնամ, իսկ հայկական կողմը հայտնվեց բարդ վիճակում, թե ի՛նչ ասի: Եթե այսքան խոսում են, ապա պարզ պետք է ասեն, որ իրենց ռազմաբազան պետք չէ, թող տանեն, բայց հայկական կողմից ոչ մեկը նման բան չի ասում, փոխարենը լսում ենք, որ եթե Ռուսաստանն ուզում է՝ թող հանի: Սա ոչ պրոֆեսիոնալ, առևտրային մի բան է, որն իրականում ռազմաբազային չի վերաբերում: Ռուսական ռազմաբազան այստեղից հանել-չհանելու հարցով Հայաստանին ոչ ոք երբևէ չի դիմի, բայց երբ որ հարցրել են, ապա հարցրել են այդ առևտրի ձևով: 

– Եթե այդ թեման շրջանառվում է որպես հակակշիռ երկաթուղու թեմային, ապա հայկական կողմն ի՞նչ քայլեր պետք է անի:

– Հայաստանի գործողություններն ընդհանրապես պետք է կոնցեպտ ունենան, ընդհանրապես ասում են, որ մեր գերխնդիրն է լինել անկախ, սուվերեն, հեռանալ Ռուսաստանից, համապատասխանաբար խոսվում է Թուրքիայի, Ադրբեջանի հետ ամեն կերպ հարաբերություններ ստեղծելու անհրաժեշտության մասին, որովհետև Ռուսաստանն օգտագործում է Թուրքիային ու Ադրբեջանին մեր դեմ ու կախվածություն է ստեղծում: Տասնամյակներ սրա մասին էին, չէ՞, խոսում, հիմա էլ են դրա մասին խոսում: Հայաստանն էլ այսօր որոշել է ցանկացած գնով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղություն ստանալ, կրկնում եմ՝ ցանկացած գնով, իսկ Ռուսաստանին էլ ասել՝ դու պետք չես, ինչը ոչ մի արդյունք չի տալիս: 

Հորինված բան է, որ եթե Ադրբեջանը խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, ապա քո հանդեպ վերաբերմունքը փոխելու է, միայն Ռուսաստանին այստեղից հեռացնելը շատ քիչ է Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ հարաբերություններ ստեղծելու համար: 

Կարևոր բան էր, բայց ժամանակին չեն արել, երբ 1994 թվականին մեծ վեճեր էին, որ պատերազմը վերջանալուց հետո պետք է թույլ չտալ ռուսական զորքերը գան Արցախ, չեղավ, Արցախը համաձայնություն չտվեց, չորս ամիս բանակցություններ եղան ու բերեցին Հայաստանը դրեցին Ռուսաստանի սապոգի տակ: 

1994 թվականին պետք է այդ հիմքերը դրվեին, եթե Ռուսաստանը պետք է չգար՝ ավելի լավ վիճակ, քան 1994 թվականը, չի եղել, այդ ժամանակ Ադրբեջան գոյություն չուներ, Ռուսաստանը չէր կարող Ադրբեջանին օգտագործել մեր դեմ, չի արվել դա այն ժամանակ, ամբողջ Հայաստանը հանձնել են Ռուսաստանին, դու հիմա ո՞նց ես հետ վերցնում: 

Կոնցեպտ չի եղել այն ժամանակ, հիմա էլ չկա: Նույն էլ եվրոպացիների հետ, երբ վերջին անգամ Ֆոն դեր Լայենը եկավ Հայաստան, խոսեցին ԹՐԻՓՓ-ի մասին, հաջորդ օրը, երբ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնաց, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ Եվրոպան այստեղ գործ չունի, մենք ուրիշների հետ ենք գործ անում, այսինքն՝ դարձյալ անհասկանալի է, թե եվրոպացիների հետ ինչ հարաբերություններ են ուզում: 

Եվրոպացիներին Հայաստանը հետաքրքրում է միայն մեկ խնդրի համար, որ ամեն կերպ Ռուսաստանին այստեղից դուրս հանի, ուրիշ որևէ բան այս երկրում այդ մարդկանց չի հետաքրքրում: Հայկական կողմի քայլերն իրավիճակային են, պահի տակ արվում են քայլեր՝ առանց խոր հաշվարկների:

– Պարո՛ն Սարգսյան, Ռուսաստանն իր ռազմաբազան կհանի՞ Հայաստանից:

– Դա կախված է Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններից, Հայաստանը դեր չունի այդտեղ, Հայաստանը 1994-ին մեկ բան պետք է ասեր՝ ո՛չ, բայց երբ դու դա չես ասել այն ժամանակ, վերջացավ, հիմա քեզանից ոչ մեկը բան չի սպասում: Բոլոր խնդիրները մեր տարածքում Ռուսաստանը լուծել է միայն թուրքերի հետ, իրենց ինչ պետք եղավ, դա էլ կանեն: Ե՞րբ է Ռուսաստանը Հայաստանի հետ տարածաշրջանային խնդիրներ լուծել, նման բան եղե՞լ է, էդքան միամիտ կարելի՞ է լինել: 

– Երկաթուղու հարցի վերաբերյալ ի՞նչ զարգացումներ կլինեն:

– Այդ մասով էլ պետք էր ասել ո՛չ: Չտայիր, տվել ես, հիմա Ռուսաստանն էլ ասում է՝ չեմ տալիս, դու միակողմանի կարո՞ղ ես պայմանագիր խզել, դուրս հանել: Ռուսաստանն ասել է, որ ոչ միայն իրենք ուրիշին չեն տա, այլ եթե Հայաստանը դադարեցնի, պետք է վերադարձնի բոլոր այն ներդրումները, որոնք ռուսական ընկերությունն արել է 2008 թվականից մինչ այսօր: 

Հայաստանը որոշել է երկաթուղու մասով ռազմաբազայի հարցը դնել, ռուսական կողմն էլ ավելի հակառակ թեզով դուրս եկավ, ընդամենը սա է, այստեղ ոչ մի կոնկրետություն չկա: Կոնկրետություն կլիներ այն ժամանակ, երբ հստակ ասվեր՝ ինչ է կատարվում երկաթուղու հետ: Ռուսներն իրենցը ասել են, Հայաստանն ի՞նչ է անելու, թող այդ քայլերի մասին խոսի, ի՞նչ է անելու, երբ ուզում է վերցնել, Թուրքիայի՞ն, թե՞ Ադրբեջանին է տալու, թող խոսի կոնկրետ, որևէ կոնցեպտ չկա Հայաստանի գործողություններում: 

Քրիստինե Աղաբեկյան