«Մարտահրավերների դեպքում կառավարությունը միտված է որպես պատասխան ընտրել ռեպրեսիվ քայլեր». Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը

– Պարոն Նավասարդյան, Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցը, ըստ որի Հայաստանը դասվում է ազատ երկրների շարքին: Մեր երկիրը 74 միավոր է ստացել ի տարբերություն նախորդ տարվա, երբ 71 միավոր էր ստացել: Ինչպե՞ս եք գնահատում զեկույցի գնահատականները, երբ տարվա ընթացքում բազմիցս եք նշել, որ ժողովրդավարությունից նահանջ է նկատվում:

– Այն ոլորտները, որոնցում նահանջ կա Հայաստանում, չեն տարածվում համացանցի վրա: Կարելի է ասել, որ առայժմ համացանցը բավականին ազատ հարթակ է մնում, որից կարելի է օգտվել, արգելափակումների նախադեպեր չկան: Փաստորեն որևէ օգտատեր որևէ հետապնդման չի ենթարկվել այս ընթացքում, կամ գոնե մենք չգիտենք այդպիսի դեպքեր:

Հաշվի առնելով, որ այսօր սահմանափակումների միտում կա միջազգային մակարդակով, այդ ֆոնին Հայաստանի վիճակը բավականին բարվոք է, և դա արդեն ավանդական է դարձել, որ համացանցի ազատության առումով Հայաստանը դասվում է ազատ երկրների շարքին:

– Զեկույցի՝ Հայաստանին առնչվող հատվածում նշվում է, որ տեղական, միջազգային քաղաքացիական հասարակության խմբերը դատապարտեցին իշխանություններին ծանր վիրավորանքի մասին հոդվածը Քրեական օրենսգրքում ներառելու համար, և դրանից հետո եղան որոշակի փոփոխություններ: Սա ազդեցություն ունեցե՞լ է գնահատականների վրա:

– Քանի որ ծանր վիրավորանքի քրեականացումը չի կարելի անմիջապես վերաբերել համացանցին, թեև, որքան ես գիտեմ, քրեական գործերի հարուցման նախադեպերը, որոնք մենք ունենք, ավելի շատ սոցիալական ցանցերին են վերաբերում, քան ավանդական լրատվամիջոցներին:

Բայց, ինչպես նշեցի, ես դա անմիջապես համացանցի ազատության հետ չէի կապի: Դա ավելի ընդհանուր գործընթաց է, որը, այո՛, շատ մտահոգիչ է, և այդ ուղղությամբ իրենց կարծիքն արդեն տվել են համարյա բոլոր միջազգային կազմակերպությունները, և այդ կարծիքը բացասական է: Որքան ես եմ հասկանում, միտում կա այդ հարցը վերանայելու:

– Նաև միջազգային ճնշման արդյունքո՞ւմ այդ հոդվածը հանվեց Քրեական օրենսգրքից:

– Այո՛, մի կողմից միջազգային կազմակերպությունների քննադատությունը, մյուս կողմից՝ Քրեական նոր օրենսգրքի ընդունման գործընթացը լավ առիթ էր, որպեսզի այն հոդվածները, որոնք չեն համապատասխանում այսօրվա ստանդարտներին, այնտեղից դուրս գան:

– Զեկույցը վերաբերում է միայն համացանցին: Իսկ ընդհանրապես, ձեր գնահատմամբ՝ Հայաստանը տարբեր ոլորտներում ունի՞ նահանջ ժողովրդավարությունից:

– Ես չէի նշի որևէ կոնկրետ ոլորտ, որտեղ մենք ունենք ակնհայտ առաջընթաց, որովհետև ավելի շատ խնդիրներ են: Միգուցե ոչ բոլոր դեպքերում միանշանակ բացասական զարգացումներ կան, բայց մտահոգվելու առիթ կա: Դա վերաբերում է և՛ տեղական ինքնակառավարման ոլորտին, և՛ դատական իշխանությունների անկախությանը, և՛ լրատվամիջոցների ազատությանը:

Ցավոք, միտումներն այնպիսին են,  որ տարբեր մարտահրավերների հետ կապված, որոնք վերաբերում են տեղեկատվական անվտանգությանը, կառավարությունը միտված է որպես պատասխան ընտրել ռեպրեսիվ քայլեր: Այն դեպքում, երբ լուծումները, կարծում եմ՝ ավելի համապարփակ մեդիա ոլորտի կարգավորման քաղաքականության մասին պետք է խոսվի, որը նպաստելու է Հայաստանում որակյալ լրատվամիջոցների զարգացմանը և այդ սեգմենտի ամրապնդմանը՝ հակառակ այն բնական բացասական միտումների, որոնք կան ընդհանրապես միջազգային տեղեկատվական ոլորտում, որոնք պարունակում են և՛ ատելության խոսք, և՛ ապատեղեկատվություն:

Այսօր այդպիսի իրավիճակ է ստեղծվել և՛ Հայաստանում, և՛ ամենուր, որ այդ մարտահրավերների դեմ սահմանափակումների ու արգելանքների միջոցով պայքարն արդյունավետ չի կարող լինել:

– Իսկ համացանցի ազատության առումով Freedom House-ի գնահատականներն արդարացի՞ եք համարում:

– Քանի որ համացանցը առանձնահատուկ ոլորտ է, և նրա վիճակի գնահատման մոտեցումները նույնքան առանձնահատուկ են, որքանով ոլորտն ինքնին, և այստեղ Հայաստանին ասել ազատ համացանցի երկիր, երևի արդար գնահատական է:

Մանե Հարությունյան

MediaLab.am