«Եվրոպային առաջիկա ձմռանը լուրջ փորձություն է սպասվում, որը կարծում եմ, կհաղթահարի». Արա Մարջանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՄԱԿ-ի էներգետիկայի հարցերով ազգային փորձագետ Արա Մարջանյանը

– Պարո՛ն Մարջանյան, Իտալիան նախատեսում է ձմռանը նվազեցնել տների և ձեռնարկությունների ջեռուցման ջերմաստիճանը։ Մակրոնը կոչ է արել կտրուկ կրճատել երկրում էներգիայի սպառումը։ Ռուսաստանի հիմնական գազատարը, որը բնական գազ է մատակարարում Գերմանիային, շարունակում է փակ մնալ։ Ի՞նչ է սպասում Եվրոպային առաջիկայում։

– Ստեղծված իրավիճակը, իհարկե, մեզ համար կբերի համաշխարհային շուկայի բևեռացման, նոր լոգիստիկ ճանապարհների զարգացման։ Եվրոպան ստեղծված իրավիճակում, ճիշտ է, կանցնի ծանր բեռով, բայց դա ողբերգական կամ կրիտիկական հետևանքներ չի ունենա։ Եվրոպան կսկսի նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից, իսկ Ռուսաստանն էլ իր հերթին ձեռնամուխ կլինի գազի նոր շուկաների հայտնաբերման, ինչպես նաև եվրոպական որոշ երկրների հետ պրեֆերենցիալ գազայի պայմանագրերի կնքման։

Այնպես որ, հիմնական դասը, որ մենք պետք է քաղենք, այն է, որ էներգետիկան կոնսերվատիվ ոլորտ է, և այստեղ չմտածված և հեռանկարը չպատկերացնող լուծումները կարող են հանգեցնել ծանրագույն իրավիճակների։ Դրա օրինակը մենք տեսնում ենք Գերմանիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Միացյալ Թագավորության և այլ երկրների օրինակով։

Հայաստանը այս տեսանկյունից գտնվում է շատ ավելի բարվոք վիճակում, գազամատակարարումն իրականացվում է երկարաժամկետ հիմունքներով, կանխատեսելի գնային տիրույթում։ Այստեղ կարևոր է պահպանել ռազմավարական համագործակցությունը առաջին հերթին Ռուսաստանի հետ, զարգացնել համագործակցությունը Իրանի հետ և գնալ տարածաշրջանում ավելի սերտ ինտեգրման ճանապարհով։

Ի՞նչ է սպասում եվրոպական երկրներին։ Ավստրիայում, օրինակ՝ մեծ թվով հրուշակարաններ, հացի արտադրամասեր են փակվել, քանի որ մատակարարվող գազի գները չափազանց բարձրացել են: Հիմա որտեղի՞ց է գազ ստանում Եվրոպան, Եվրոպայի քանի՞ տոկոսին է Ռուսաստանը գազամատակարարում ապահովում։

Եվրոպան իր գազը հիմնականում ստանում է Ռուսաստանից, Հարավային Եվրոպան՝ Ալժիրից և Հյուսիսայի Աֆրիկայի այլ երկրներից, մի փոքր՝ Թունիսից, որոշ չափով էլ՝ Սիրիայից։ Այս առումով գազամատակարարման մեջ լոգիստիկ որոշակի փոփոխություններ կլինեն, բայց, ինչպես ասացի, ապոկալիպտիկ հետևանքներ չեմ կանխատեսում։

Կարծում եմ՝ հիմա անցնելով գալիք ծանր ձմեռով՝ եվրոպական մեր գործընկերները շատ ավելի լավ կպատկերացնեն այն իրավիճակը, որում Հայաստանը գտնվում էր 90-ականների երկար ու ձիգ չորս տարիների ընթացքում, ընդ որում՝ Հայաստանի վիճակը իսկապես խոր ճգնաժամային էր, և կարծում եմ՝ ավելի հստակ կպատկերացնեն, թե՛ մեր մտավախությունները, թե՛ մեր խնդիրները, թե՛ մեր դիրքորոշումները։

– Եվրոպայում գազով պայմանավորված լրջագույն ճգնաժա՞մ է սպասվում։

Այո՛, սա Եվրոպայի համար լուրջ ճգնաժամ է և լուրջ փորձություն։ Կարծում եմ՝ Եվրոպան սա կհաղթահարի, և դա հաղթահարելուց հետո ավելի հստակորեն կպատկերացնի Հայաստանի իրավիճակը վաղ 90-ականներին։

Պարո՛ն Մարջանյան, եվրոն շարունակ անկում է ապրում։ Որքանո՞վ է սա պայմանավորված գազի շուկայում ստեղծված իրավիճակով։

Իհարկե կապ կա։ Գազը բավական լուրջ գործոն է, բայց, իհարկե, եվրոյի արժեզրկման միակ լուրջ գործոնը չէ, այլ գործոններ ևս ազդում են, բայց գազը, ինչպես նաև նավթը, լուրջ գործոն են։ Ընդհանրապես, եթե ընդհանրացնենք այդ գործոնը, կարող ենք ասել, որ ստեղծվելիք միավոր արտադրանքի մեջ ավելանում է ինքնարժեքը, հետևաբար եվրոպական ցանկացած արտադրանք կամ ծառայություն դառնում է ավելի քիչ գրավիչ, քան նախկինում։ Այնպես որ, այս ընդհանրական գործոնն էլ բերում է եվրոյի արժեզրկման։

– Եվրոյի գահավիժումը ի՞նչ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա:

Ինչ-որ ազդեցություն կունենա, բայց դա ոչ կրիտիկական է, ոչ շոշափելի, և չեմ կարծում՝ մենք պետք է մտահոգվենք։

– Մտահոգությունը հատկապես գործարարների, ներդրողների շրջանում է։

Եկեք ներդրողների մասին չմտածենք, առավել ևս, որ ներդրողները, ինչպես գիտեք, հակված են այդ բոլոր բարդությունները և ճեղքվածքները բարդել սպառողի և քաղաքացու վրա։ Նրանք իրենց գլխի ճարը կտեսնեն։ Այստեղ ավելի էական է, թե ինչպես կառավարությունը և պետությունն ինքնին կարող են մեղմել հնարավոր ճնշումները սպառողների և հասարակ քաղաքացու վրա։

– Այսինքն՝ պետությունը պետք է կոնկրետ քայլե՞ր մշակի մեղմելու իրավիճակը։

Գների վերահսկում, շուկայի վերահսկում, որոշակի սպառողական օժանդակում՝ այս բոլորը կարող են մի փոքր մեղմել հնարավոր ճնշումները։

Մանե Հարությունյան

MediaLab.am