Ավարտվել է նեղ կազմով Պուտին-Բայդեն հանդիպումը․ այն շուրջ 2 ժամ է տևել

Ժնևում ավարտվել են Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի նեղ կազմով բանակցությունները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Բանակցություններին, բացի նախագահներից, ներկա են եղել նաև ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Էնթոնի Բլինքենը։

«Լա Գրանժ» վիլլայում հանդիպումը սկսվել է տեղի ժամանակով 13։30-ին։ Գագաթնաժողովի առաջին մասը տևել է շուրջ 2 ժամ։ Ընդմիջումից հետո կմեկնարկի ընդլայնված ձևաչափով հանդիպումը։ Ընդհանուր առմամբ, բանակցությունները կտևեն շուրջ 5 ժամ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համատեղ մամլո ասուլիս չի նախատեսվում․ Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը լրագրողներին կհանդիպեն նախագաներն առանձին-առանձին։ Հիշեցնենք՝ սա Պուտինի ու Բայդենի առաջին հանդիպումն է Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։

Աղբյուր՝ Factor.am