Կառավարությունը մտադիր է հարկել օնլայն տաքսիներին

Էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրում կատարող տնտեսվարողներին կառավարությունը մտադիր է բերել հարկային դաշտ։ Խոսքն առցանց հավելվածների միջոցով տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների մասին է՝ GG, Yandex, Utaxi և այլն։ Համապատասխան օրենսդրական փաթեթը քննարկվելու է կառավարության հունիսի 22-ի նիստում։ 

«Փաստացի ստեղծվել է անհավասար մրցակցային պայմաններ տաքսի ուղևորափոխադրումների ոլորտում գործունեություն իրականացնողների համար, ինչը նպաստում է անօրինական փոխադրումների կազմակերպմանը: Արդյունքում տուժում են օրինական դաշտում աշխատող փոխադրողները, որոնք հարկային պարտավորություններ են կատարում և մրցակցում են առանց հարկային պարտավորությունների գործունեություն իրականացնողների հետ»,- նշված է օրենսդրական հիմնավորումներում։ 

Ըստ հիմնավորումների՝ էլեկտրոնային հարթակով պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների գործունեությունը չի կանոնակարգվում, առկա չէ տեղեկատվություն ոլորտում գործունեություն իրականացնողների փաստացի թվաքանակի, նրանց կողմից հարկեր և տուրքեր չվճարելու արդյունում պետական բյուջե չմուտքագրվող գումարների չափերի վերաբերյալ։ 

Կառավարությունը սկսել է խնդիրներ տեսնել նաև միջմարզային ուղևորափոխադրումների ոլորտում, մասնավորապես՝ 6-8 նստատեղով թեթև ավտոմոբիլով ֆիզիկական անձանց կողմից միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացնում որպես տաքսի։ Սա, ըստ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, հանգեցնում է կանոնավոր ուղևորափոխադրումների բնագավառում գործունեություն իրականացնողների արդարացի դժգոհությունը:

«Հաշվի առնելով ոլորտում անհատ վարորդների մեծ ներգրավվածությունը, որոնք որևէ հարկային պարտավորություն չունեն և անհավասար մրցակցային պայմաններում են գտնվում ոլորտում օրինական գործունեություն իրականացնողների նկատմամբ՝ անհրաժեշտ է հարկային պարտավորություններ սահմանել տնտեսական գործունեություն իրականացնողների համար, կիրառելով նոր մեխանիզմներ և ապահովել օրինական ուղևորափոխադրող կազմակերպությունների համար բարենպաստ մրցակցային միջավայրը»,- նշված է օրենսդրական հիմնավորման մեջ։