Ռոբերտ Քոչարյանի գրքի պատկերով պաստառները ԿԸՀ-ն դարձյալ ճանաչեց նախընտրական քարոզչության հետ ասոցացվող․ Hetq.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստով դարձյալ նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչեց 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը: Կողմ քվեարկեցին հանձնաժողովի բոլոր անդամները, գրում է Hetq.am-ը։

Հիշեցնենք, որ հանձնաժողովը 2021թ. մայիսի 31-ին ևս այդ հարցով որոշում էր կայացրել: Հանձնաժողովը նկատի ունենալով, որ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով գրանցված է ԱԺ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների պատգամավորության թեկնածու,  գտել է, որ նրա հեղինակած գրքի պատկերով պաստառներն իրենց բովանդակությամբ ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ: 

Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԸՀ-ի նշված որոշումը: Հունիսի 6-ին վարչական դատարանը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ, պատգամավորության թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումը՝ Կենտրոնական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Դատարանը՝ նախագահությամբ Լիանա Հակոբյանի, արձանագրել է, որ օրենսգրքի որևէ նորմում բացահայտված չէ «քարոզչության հետ ասոցացվող» հասկացության բովանդակությունը: Այս հասկացության բովանդակությունը բացահայտված չէ նաև ներպետական օրենսդրության որևէ այլ նորմատիվ իրավական ակտում, ինչպես նաև որևէ միջազգային իրավական փաստաթղթում: Ավելին, Ընտրական օրենսգիրքը չի բովանդակում նաև «քարոզչություն», «քարոզչական նյութ, պաստառ» եզրույթների սահմանումները: Նշված եզրույթների բովանդակությունների՝ օրենսդրությամբ սահմանված չլինելու պայմաններում դատարանը փաստում է, որ այս առնչությամբ Ընտրական օրենսգիրքն այդ մասով բավարար չափով հստակ և որոշակի չէ:

ԿԸՀ նախագահը թեև նշեց, որ օրենսգրքով ասոցացման սահմանումը տրված չէ, սակայն ասաց, որ այն բնական է, քանի որ գնահատողական է, ինչի իրավունքն ունեն անել տարածքային ընտրական հանձնաժողովներն ու ԿԸՀ-ն:

Տ. Մուկուչյանն ասաց, որ պաստառներն ընդհանրապես չեն արգելվում, այլ սահմանափակումը վերաբերում է միայն քարոզչության ժամանակահատվածում, քանի որ ասոցացվում է նախընտրական քարոզչության հետ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում