«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
– Պարո՛ն Միքայելյան, Ադրբեջանի քարտեզագիրների միավորումը հրապարակել է «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը, որտեղ ՀՀ տեղանունները թյուրքացված են, ճանապարհի վրա չկա որևէ նշան, որ կհուշի անցակետերի մասին։ Ի՞նչ հետևություններ կարելի է անել այս քարտեզից։
– Ակնհայտ է, որ Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» թեման առաջ է մղում, մենք կարող ենք հետևել Ալիևի հայտարարություններին ու տեսնել, որ եվրոպական դաշտում, այո՛, նա խոսում է TRIPP անվանումով միջանցքի մասին, բայց երբ գնում է իսլամական երկրներ կամ Թուրքիա ու Ադրբեջանի ներսում դա կոչում է «Զանգեզուրի միջանցք»:
Եթե պարզ ասենք, ապա դա իրականություն է. TRIPP-ը ներկայացված է ուրիշ կերպ ու տեսականորեն կարող է ուրիշ լինել, բայց արդյոք որևէ մե՞կը ու, մասնավորապես, ԱՄՆ-ն իր ուժը ծախսելու է, որպեսզի Ադրբեջանի ու Թուրքիայի ցանկությունը չիրականանա: Ադրբեջանն ասում է, որ դա «Զանգեզուրի միջանցք» է, Թրամփն ասում է, որ դա «Թրամփի միջանցք» է, Հայաստանի վարչապետն էլ ասում է, որ այն միջանցք չէ, ճանապարհ է, բայց ո՞վ է ռազմական ուժ դնելու, ջանք գործադրելու, որպեսզի դա չլինի Ադրբեջանի միջանցք, այլ լինի սովորական ճանապարհ: Այսօր մենք ուժ ծախսելու պատրաստակամությունը տեսնում ենք միայն թուրք-ադրբեջանական կողմից: Սա հաշվի առնելով՝ կարծում եմ, որ իրականանալու է հենց նրանց ծրագիրը:
– Ստացվում է, որ չնայած հայկական կողմի պնդումներին ու վաշինգտոնյան հռչակագրին, Ադրբեջանի համար TRIPP-ը, միևնույն է, իր բովանդակությամբ միջա՞նցք է։
– Այսօր ամեն բան տանում է դրան, ավելին՝ TRIPP-ի մեջ չկան այնպիսի դրույթներ, որոնք կբացառեն ու թույլ չեն տա դա: Այստեղ բազմաթիվ հարցեր կան. ամերիկյան ընկերության աշխատողներն ովքե՞ր են, կարո՞ղ են թուրքեր լինել, երկրորդ՝ եթե Հայաստանը, որն անկախ է, այսօր 99 տարով այդ տարածքը վարձով տալիս է ԱՄՆ-ին, արդյոք մենք այս տարածքը հավերժ չե՞նք կորցնում, երրորդ՝ եթե մենք պատրաստ ենք այդ տարածքը զիջելու ԱՄՆ-ին, արդյոք ԱՄՆ-ն պահելո՞ւ է այն, չի՞ տալու Ադրբեջանին, կամ Ադրբեջանն ու Թուրքիան չե՞ն վերցնելու: Սրանք հարցեր են, որոնք ավելի քան լուրջ են և մեր պետության պարանոցից են կախված:
– Պարո՛ն Միքայելյան, ի՞նչ ռիսկեր է պարունակում Ադրբեջանի այս մտադրությունը Հայաստանի համար։
– «Արևմտյան Ադրբեջան» ստեղծելու, «Զանգեզուրի միջանցք» անցկացնելու ու, առհասարակ, Հայաստանը ապասուբյեկտայնացնելու Ադրբեջանի մտադրությունը որևէ կերպ չի փոխվել: Եթե Ադրբեջանը պարտադրում է Հայաստանին Սահմանադրություն փոխել, Հայաստանում ադրբեջանցիներին բնակեցնել, Հայաստանն ապառազմականացնել, կա՞ մի մարդ որ չի հասկանում, որ սրա նպատակը Հայաստանին որպես պետություն գոյությունից զրկելն է: Եթե որևէ մեկը կարծում էր, թե Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը ամեն ինչ կարող է փոխել, ապա ես պնդում եմ, որ այն ռազմավարական տեսանկյունից առ ոչինչ է: Այն ոչինչ չի փոխելու, բացի այն փիարից, որն իշխանությունը արդեն երկու ամիս է՝ ժողովրդի վրա դա վաճառում է իբրև լուրջ ձեռքբերում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















