«Չեմ կարծում, թե բրյուսելյան հանդիպումը բացի վատ հետևանքից՝ դրական արդյունք կունենա». Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը

– Պարո՛ն Սաֆարյան, պարզ դարձավ, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս իրողությունն ինչպե՞ս եք գնահատում ու ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հանդիպումից։

– Շատ մեծ ակնկալիքներ չունեմ, որովհետև Բրյուսելին թվում է, թե ինքը ներգրավվում է պրոցեսում, բայց դա ամենևին այդպես չէ։ Ըստ էության, Ալիևը կարողացավ նրանց բոլորին, կոպիտ ասած, իրենց տեղը նստացնել, և Ալիևը բացարձակապես նույն ընկալումը չունի, ինչ Բրյուսելը, թե Ալիևը ստիպված է գնում հանդիպման, ճիշտ հակառակը՝ սա դառնում է Ալիևի համար իր արարքները լեգիտիմացնելու ու իր հետ հաշվի նստելու առիթ։

Եթե չեմ սխալվում՝ սա Ալիևի առաջին այցն է արևմտյան երկիր՝ պատերազմից հետո, ու այս մեկ տարվա ընթացքում միջազգային իրավունքի կոպտագույն ոտնահարումներից, Հայաստանի նկատմամբ ագրեսիայի, անեքսիայի փորձերից հետո, և սա վատ է։

Սա վատ է, որովհետև նախ՝ Բրյուսելը որևէ միջազգային մանդատ չունի վերացնելու Ադրբեջանի ագրեսիոն դրսևորումները։ Իհարկե կփորձեն Ալիևին եվրոպական լեզվով հասկացնել, որ միջազգային իրավունքը խախտել չի կարելի և այլն, բայց հանուն արդարության պետք է նշել, որ այդ լեզուն վաղուց Ալիևը չի հասկացել ու չի հասկանում, ու չեմ կարծում, թե այս հանդիպումը, բացի վատ հետևանքից՝ դրական արդյունք կունենա։ Խոսքն այն մասին է, որ Ալիևն այս ամենը ընկալելու է իր հետ հաշվի նստելու և իր կատարած ոճրագործությունները մարսելու փորձ, ինչը հանգեցնելու է ադրբեջանական նոր ոտնձգությունների։

– Եթե չեմ սխալվում, նույն օրը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համար անհրաժեշտ է կոնսենսուս՝ կողմերի համաձայնությունը։ Ինչպե՞ս ստացվեց, որ Ռուսաստանի առաջարկի դեպքում կոնսենսուսը չեղավ, իսկ Շառլ Միշելի նախաձեռնությունը կողմերն ընդունեցին։

– Դա հաջողվեց, որովհետև Ալիևը գիտի, որ Բրյուսելում իրեն առաջարկվող ոչինչ չկա, և ինքը դա՝ որպես հնարավորություն, ծառայեցնելու է իր ռազմատենչ նպատակներին։

Իսկ Մոսկվան հանդես է եկել առաջարկությամբ, որին Երևանը կողմ է եղել, համենայնդեպս, վարչապետի հայտարարություններից այդ ենք հասկանում, իսկ Ադրբեջանը՝ ոչ, այսինքն՝ Ադրբեջանը կատեգորիկ դեմ է դեմարկացիային և դելիմիտացիային, ու քանի որ Մոսկվայում է առաջարկվում դա, ո՛չ Բրյուսելում, բնականաբար Ալիևն ազատ է զգում ընդունել Բրյուսելի, բայց ոչ Մոսկվայի առաջարկը։

– Պարո՛ն Սաֆարյան, պատկերացնո՞ւմ եք, կամ ձեզ համար պա՞րզ է, թե ինչ առաջարկ է անում Մոսկվան, որն ընդունելի է Հայաստանի, բայց ոչ Ադրբեջանի համար։

– Ո՛չ, բացարձակ պարզ չէ։ Կարող եմ դատել միայն արված հայտարարություններից, որ առաջարկվում է եռակողմ հանձնաժողով ստեղծել խորհրդային քարտեզների հիման վրա դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնելու համար։ Թե ո՞ր թվականի քարտեզներն է պատկերացնում Մոսկվան, որևէ կերպ ինձ հայտնի չէ, և անհասկանալի են այն հայտարարությունները, թե Մոսկվայի առաջարկը զրոյական կետից դեմարկացիա ու դելիմիտացիա սկսելուն է վերաբերում, ի՞նչ է նշանակում զրոյական կետ։

– Այս պահին ընթացող արտաքին քաղաքական իրադարձություններն ինչպե՞ս եք գնահատում, որքանո՞վ են դրանք բխում Հայաստանի շահերից։

– Վտանգավոր եմ համարում, որովհետև մեր տարածաշրջանը շարունակում է գտնվել մեծ աշխարհաքաղաքական ճնշումների տակ, ստրատեգիական բալանսի փոփոխությունը, որը ժայթքեց 44-օրյա պատերազմով, սողալով շարունակվում է, իսկ այդ պրոցեսն ամեն մի երկիր փորձում է ծառայեցնել իր նպատակներին։

Թուրքիան փորձում է իր ներգրավվածությանը հասնել տարածաշրջանում 3+3 ֆորմատի շրջանակներում, Ռուսաստանը փորձում է է՛լ ավելի մեծացնել տարածաշրջանի կախվածությունը իրենից՝ ոչ միայն ապաշրջափակման կամ խաղաղության պահպանման առումներով, այլ նաև սահմանների, իսկ սահմաններ նշանակում են նաև ինքնիշխանության վրա ազդեցություն ունենալ։

Այս երկու երկրների պարագայում Վրաստանի հարցը տեխնիկական է դառնում, իսկ Իրանի խնդիրն առկախված է։ Ե՛վ Թուրքիան, և՛ Իսրայելը փորձում են այնպես անել, որ Արևմուտքը աչք փակի կատարվողի, մասնավորապես, Սյունիքում կատարվողի վրա։

Այսպիսով՝ կատարվող իրադարձությունները չափազանց վտանգավոր եմ համարում Հայաստանի համար։ Բարդ է պատկերացնել, թե ինչպես կարելի է այս ամենին միայնակ դիմակայել, եթե անգամ ռազմավարական դաշնակցության մեխանիզմները չեն գործում Ռուսաստանի հետ։

– Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ հանգուցալուծում է ստանալու, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը, եթե հաշվի առնենք նոյեմբերի 16-ի սահմանային ագրեսիան ու դրան հետևած միջազգային մանդատ ունեցող երկրների կողմից հնչած արձագանքները։ Հայաստանը կկարողանա՞ ինքնուրույն կամ դաշնակից երկրների օգնությամբ խուսափել հնարավոր հետևանքներից։

– Կարծում եմ, որ այս մի փուլում ևս Հայաստանը կարողացավ դիմադրել, բայց դա չի նշանակում, թե դրանով ամեն բան ավարտված է։ Տեսնում ենք, որ Ադրբեջանը ամեն նման ձախողումից հետո նոր ուղղություն է պլանավորում, նոր հնարավորություններ փորձում։ 

Հայաստանի պարտականությունն է ձեռնարկել հնարավոր քայլերը իր տարածքային ամբողջականության պահպանման համար, իսկ միջազգային հանրության կամ դաշնակից երկրների օգնության հնարավորության նշույլներ չեմ տեսնում, առնվազն ռազմական առումով այդ պաշտպանությանը միանալու համար, որովհետև վերջին միջադեպերի վերաբերյալ միջազգային արձագանքը չափազանց մտահոգիչ կհամարեմ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am