Արցախի նախագահական ընտրություններում նախնական տվյալներով երկրորդ փուլ անցած թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը համապետական ընտրությունները փայլուն անցկացված է համարում։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանն ասել է ապրիլի 1–ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։
«Ունեցել ենք շատ ակտիվ քաղաքական ժամանակահատված, որի ընթացքում հնչել են տարբեր գնահատականներ, մանավանդ վերջին օրը՝ անհիմն մեղադրանքներ: Ընտրություններն անց են կացվել փայլուն կերպով, և այն կասկածի տակ դնելը, պարզապես արդար չէ: Փորձել են ողջ քարոզչության ժամանակահատվածում, ինչպես նաև դրանից առաջ, թիրախավորել թե՛ «Ազատ հայրենիք» կուսակցությանը, թե՛ այդ քաղաքական ուժի կողմից առաջադրված ԱՀ Նախագահի թեկնածուին՝ այսինքն ինձ, և հետո՝ նաև մեր դաշինքին: Արդյունքներն այսօր պարզ են, որի վրա որևէ միջամտություն չի եղել»,- ասել է նա:
Հարությունյանը հայտնել է, որ մինչև նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը որևէ հանդիպում չի կազմակերպելու, քանի որ ժողովուրդն արդեն ունի իր քվեարկելու որոշումը:
Արցախում մարտի 31–ին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական համապետական ընտրություններին մասնակցել է 76 հազար 471 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը։
Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում էր 14 թեկնածու։ Նրանք էին` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։
Նախագահական ընտրությունները տեղափոխվեցին երկրորդ փուլ։ Առավելագույն կողմ ձայներ են ստացել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։
Արցախի Հանրապետության ԱԺ–ում ներկայացված կլինեն 5 քաղաքական թիմեր։ Դրանք են` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։