«Եթե այս ամենը խորանա, հեղափոխությունն կնահանջի». Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ Մաշտոցի պուրակի կառուցապատումը պետք է դադարեցվի

Երևանի իշխանությունները պետք է կասեցնեն ու ապամոնտաժեն Մաշտոցի պուրակի կառուցապատումը և թույլ չտան, որ դա դառնա հեղափոխության հետշրջման և հեղափոխության նահանջի խոսուն վկայությունը։ 

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

«Այս ամենում մտահոգիչն այն է, որ ստացվում է, որ մինչ հեղափոխությունը հանրությունը շատ ավելի կարևոր բան էր ֆիքսել ընդհանրապես Երևանի ապագայի մասով, քան մենք հիմա անում ենք, ցավոք սրտի։

Իսկ Մաշտոցի պուրակի հաղթանակը թեպետ փոքր էր, բայց քաղաքական առումով շատ կարևոր հաղթանակ էր՝ ողջ հանրության տոնուսը բարձրացնող, կամք տվող, ապագա հաղթանակներին հավատալ սովորեցնող մի կարևոր նախադեպ էր»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը։ 

Հիշեցնենք, որ վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել Մաշտոցի պուրակում գործող սրճարանի սեփականատիրոջ կողմից տարածքում իրականացվող կառուցապատումն ու դրա ֆոնին չորս ծառերի հատումը։

Trees are cut down due to a new construction in Mashtots Park of Yerevan, Armenia

Մաշտոցի պուրակի համար պայքարողները հարցադրում են անում, թե արդյոք սա՞ է նոր իշխանության քաղաքականությունը։ 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրավիրած ասուլիսում պարզաբանումներ է ներկայացրել իրավիճակի վերաբերյալ։ 

Նրա խոսքով՝ օրենքները Երևանի քաղաքային իշխանություններին կաշկանդում են ազատ գործել։ 

«Հենց օրենքն ինձ այդ իրավունքը տա, առաջինը ես կնստեմ բուլդոզեր, կքանդեմ այդ շինությունները, որովհետև ինձ համար կարևոր է այս քաղաքի բնապահպանությունը։ Բայց քանի օրենքը ինձ դա թույլ չի տալիս, ես մաքսիմալը պետք է փորձեմ քաղել քաղաքի համար»,- ասել է քաղաքապետը։

Մաշտոցի պուրակի հատված ծառերին անդրադառնալով՝ Հայկ Մարությանն ասել է, որ դրանք այլևս կենսունակ չէին և, ըստ մասնագիտական եզրակացության՝ հատման ենթակա էին։ 

Ինչ վերաբերում է սրճարանի սեփականատիրոջ կողմից կառուցապատմանը, ապա քաղաքապետը տեղեկացրել է, որ կառուցապատողը շեղվել է նախագծից, ուսումնասիրություններ են սկսվել, և շինաշխատանքներն արդեն դադարեցված են։

Քաղաքապետը նաև ասել է, որ սեփականության իրավունք տարածքի սեփականատիրոջը նախորդ իշխանության կողմից է տրվել։ Իր՝ քաղաքապետ դառնալուց հետո վերացրել են սեփականության իրավունքը, փոխարենը տվել են կառուցապատման իրավունք։

Trees are cut down due to a new construction in Mashtots Park of Yerevan, Armenia

«Այնպիսի տպավորություն է, թե քաղաքապետը թևերը թափ է տալիս, ասում է՝ դե, ես ի՞նչ անեմ։ Ոչ թե պետք է «ես ինչ անեմ» տրամաբանությամբ գործեր, այլ «ես անում եմ» տրամաբանությամբ քաղաքապետ էր պետք, ով թույլ չտար նման իրավիճակ»,- ասում է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

«Համենայնդեպս, ես չեմ ճանաչում այն Հայկ Մարությանին, ով այսօր հիմնավորում էր, որ թղթերով սեփականության իրավունք կա, և այն Հայկ Մարությանին, որին մենք ծափահարում էինք, երբ նա Ազատության հրապարակի հարակից տարածքն ազատում էր սրճարաններից, զավթումներից ու նախկինում տրված իրավունքներից։ 

Կամ քաղաքապետարանը պետք է դատական համակարգով գնար այդ սեփականության իրավունքների վիճարկմանը, կամ պետք է քաղաքական որոշում ընդուներ՝ ուղղակի չեղարկեր նման կասկածելի գործարքները»,- հավելում է Սաֆարյանը։

Ըստ նրա՝ եթե Երևանի նոր իշխանությունները պարզել էին, որ նախկին իշխանությունների կողմից թույլտվություններ էին տրված սրճարանի սեփականատերերին, ապա առավել քան պետք է քաղաքական որոշում կայացվեր անցումային արդարադատության մասով։

«Եվ դա բոլոր ոլորտներին է վերաբերում՝ կլիներ Սահմանադրական դատարան, կլինեին տնտեսական ու այլ հարցեր, «Մարտի 1»-ի գործ կամ զանգվածային ընտրախախտումներ, պետք է ակնհայտորեն քաղաքական որոշում կայացվեր՝ ինչ անել այդ որոշումները, որոնք հանրային շահի դեմ են եղել։ Այդ որոշումներից շատերին հանրությունը չի կարողացել դիմադրել, երբ պուրակներում ու «Հաղթանակ» զբոսայգու հենց սրտում հյուրանոցներ էին կառուցում, Օղակաձև զբոսայգում՝ սրճարաններ»,- ասում է Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ եթե այս վիճակը շարունակվի, հեղափոխության նահանջ կարող է գրանցվել։

«Ես չեմ ուզում ասել, որ հեղափոխությունը նահանջում է, բայց եթե այս ամենը խորանա, հեղափոխությունն իսկապես կնահանջի։ Առանց այն էլ ցանկացած հեղափոխությունից հետո հաջորդ ընտրություններն ինչ-որ առումով լինում են հիասթափության ընտրություններ։ Դա բոլոր պետությունների փորձն է ցույց տվել, Հայաստանի անկախության փորձն էլ է ցույց տվել։ Մի՞թե մենք դաս չենք քաղելու և չենք հասկանալու, որ հանրության սպասելիքները նման արդարացումներով չես բավարարում»,- ասում է Սաֆարյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am