«Վախվորած Հարկային օրենսգիրք է դուրս գալիս, որոշեցին, հետո վախեցան, հետ փախան, նման ձևով երկիր դժվար է կառավարել». տնտեսագետ

«Վախվորած Հարկային օրենսգիրք է դուրս գալիս, որոշեցին, հետո վախեցան, հետ փախան, նման ձևով երկիր դժվար է կառավարել». տնտեսագետ
«Վախվորած Հարկային օրենսգիրք է դուրս գալիս, որոշեցին, հետո վախեցան, հետ փախան, նման ձևով երկիր դժվար է կառավարել». տնտեսագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
 

– Պարո՛ն Բոստանջյան, Կառավարությունն ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը և ուղարկեց Ազգային ժողով։ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ մենք մոտ 1 մլրդ դրամի բաց ենք ունենալու այս փոփոխությունների առումով, բայց ըմբռնումով ենք մոտենում, Փաշինյանն էլ ասաց, որ սոցիալական արդարության խնդիրը լուծելու ենք գույքահարկի նոր դրույքաչափերի ներդրմամբ։ Որքանո՞վ է փոփոխություններ կրել Հարկային օրենսգրքի նախագիծը, ինչպե՞ս եք այն գնահատում։

– Բոլոր պարագաներում, անկախ այդ բացատրությունից, գոնե մենք՝ մասնագետներս, հասկանում ենք ինչն ինչոց է։ Այնպես որ, 1-2 մլրդ դրամ չունենալ, հետո մյուս կողմից՝ սոցիալական հարց լուծելը լավ ենք հասկանում։ Իբր 1-2 մլրդ դրամի ճեղքվածք պետք է ունենանք ի դեմս համահարթեցման, բայց, միաժամանակ, մենք ակցիզային հարկը ավելացնում ենք։ Իսկ ո՞վ ասաց, որ ակցիզային հարկի բարձրացման դեպքում մենք այդ կորուստը չենք փոխհատուցելու, դեռ մի բան էլ ավել չի լինելու։

Ինչևէ, դա չէ խնդիրը, բայց Ջանջուղազյանի ամբողջ խնդիրը որպես ֆինանսների նախարար, հիմնականում այն է, որ կարողանա ապահովել այն ֆինանսական միջոցները, որոնք անհրաժեշտ են երկրի պետական գործառույթներն իրականացնելու համար։ Իսկ մեր հանրապետությունում այդ միջոցները մեծ չեն, մտածում են քաղաքականությունը փոխել այնպես, որ մենք կարողանանք հնարավոր մուտքեր ապահովել բյուջե։

Բոլոր դեպքերում, կան նաև բազմաթիվ սոցիալական խնդիրներ։ Բայց առանց այդ էլ կա աղքատության մակարդակ, ցածր եկամուտներ կան, աշխատատեղերի պակաս կա, հիմա էլ օպտիմալացումից հետո անցանկալի զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Այս ամենով հանդերձ իշխանություններն աշխատում են Հարկային օրենսգրքի վրա։ Այո՛, խոցելի պահեր կան, բայց բոլոր դեպքերում համակերպվենք եկամտային հարկի համահարթեցման հետ։ Մենք նաև նկատեցինք, որ բավական թվով տնտեսավարող սուբյեկտներ արդեն իսկ իրենց դժգոհությունն են արտահայտում։ Դրա համար ասում եմ՝ ցանկացած որոշում պետք է համակողմանիորեն գնահատվի և իմաստավորվի։

– Հարկային օրենսգրքով սահմանվում է, որ տարեկան մինչև 24 մլն շրջանառություն ունեցող գործարարները կազատվեն հարկերից։ Դրակա՞ն եք գնահատում այս քայլը։

– Իհարկե դրական եմ գնահատում, բայց նաև չեմ կարծում, թե սրանով մի մեծ լավություն են անում հասարակությանը։ 24 մլն դրամը տարվա կտրվածքով ի՞նչ մի մեծ շրջանառություն է։ Ցանկացած մասնագետ նստի հաշվի, կտեսնի, որ 24 մլն դրամի շրջանառության պարագայում այդ մարդը հազիվ կարող է իրեն ու իր ընտանիքը պահել, այսինքն՝ մի մեծ հայտնագործություն չենք արել այս քայլով։ Եթե մարդը չի կարողանում իր կենցաղային, տրիվիալ, առաջնահերթ հարցերը լուծել, դա արդեն խնդիր է։ Այդ տեսանկյունից ձեր նշած փոփոխությունը պարտավոր ենք ողջունելու, որովհետև կարող էր ավելի վատ լինել։ Վատ չէ նաև այն, որ շրջանառության հարկի շեմը նորից սահմանվում է 115 մլն դրամ։

– Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դժգոհ է Հարկային օրենսգրքով շաքարի հարկի կիրառման վերաբերյալ, որով սկզբում նախատեսվում էր 100 գրամ հյութի մեջ 5 գրամ և ավելի շաքար ունեցող ապրանքատեսակները ակցիզային հարկով հարկել, հետո որոշվեց, որ հարկը պետք է տարածվի գազավորված ըմպելիքների վրա, բացառությամբ հանքային ջրի։ Սա որքանով է հարվածում փոքր ու միջին բիզնեսին, արդյոք սրանով պետությունը զուտ ֆիսկալ խնդի՞ր է լուծում, թե՞ նաև առողջապահական։

– Ես հակված չեմ որևէ մեկին բացասական գույներով նկարագրելու, բայց առաջին հերթին հասկանալի է, որ նպատակ են հետապնդում բյուջետային մուտքերը շատացնել։ Խոշոր առումով, գուցե նաև առողջության հետ կապված խնդիր է լուծվում, բայց առաջին հերթին ֆիսկալ խնդիր է դրված, որ պետական գործառույթների իրականացման համար ավելի մեծ գումարներ ունենան։ Իսկ մնացածը կարող ենք բաներ բստրել։ Առողջության մասին եք իբր մտածում, բայց մարդն ընդհանրապես դադարում է օգտվել տվյալ ապրանքատեսակից։ Այսինքն՝ եթե առողջության համար պետք է օգտվեր, հիմա ստացվում է, որ ընդհանրապես չպետք է օգտվի։

– Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ պետական կառավարման ապարատից շուրջ 10 հազար կրճատումները երկու տարվա ընթացքում են տեղի ունենալու։ Սա է՞լ է բյուջեն լցնելու նպատակ հետապնդում։

– 2018 թվականի մեր բյուջեն 3 մլրդ 300 մլն դոլարի չափ էր, ինչը շատ քիչ է։ Նման մուտքերի պայմաններում ակնհայտորեն մենք չենք կարող կենսաթոշակ բարձրացնել, չենք կարող բյուջետային աշխատողներին արժանավայել աշխատավարձ տալ։ Խոշոր հաշվով, այո՛, այդ 3 մլրդ դոլարից մի քիչ ավելի գումարը թեկուզ 3 մլն բնակչությամբ երկրի համար չափազանց փոքր գումար է։

Հիմա բոլոր դեպքերում դա պետք է շատացնել, բայց դա չպետք է կեղեքելով անենք։ Պետք է ստեղծենք նյութական բարիքների արտադրության և ծառայությունների մատուցման այնպիսի ոլորտներ, որոնք հավելյալ արժեք կստեղծեն։ Խոշոր առումով, եթե մենք դոփենք նույն տեղում և ուզենանք պարզապես պոկելով գումար ավելացնել, դա հաջողության չի բերի։ Հաջողությունը միայն այն է, որ, օրինակ՝ մենք կարողանանք տնտեսության ժամանակակից ուղղությունները զարգացնել։ Մասնավորապես, տեսեք՝ ՏՏ ոլորտը, տուրիզմը, եթե կարողանանք հաջողության հասնել այս ուղղություններով, դա կբերի զարգացման։

– Իսկ այս նոր Հարկային օրենսգիրքը տալի՞ս է տնտեսական հեղափոխության հնարավորություն տնտեսավարողին։

– Իհարկե չի տալիս։ Տեսեք՝ վախվորած Հարկային օրենսգիրք է դուրս գալիս։ Օրինակ՝ որոշեցին ավելացված արժեքի հարկով հարկել փաստաբաններին, հաշվապահներին ու մյուսներին, հետո վախեցան, հետ փախան։ Նման ձևով երկիր դժվար է կառավարել։

Մանե Հարությունյան

MediaLab.am