Ադրբեջանցի հաքերները կեղծ տեղեկություններ են տարածում ՊՆ խոսնակի և հայ օգտատերերի անունից

Տեղեկատվության ստուգման կենտրոն -Վերջին շրջանում ֆեյսբուքի հայկական տիրույթում գործող հայ օգտատերի էջերը ենթարկվում են ադրբեջանական հաքերների կողմից հարձակումների։ Էջերով տարածվում են ապատեղեկատվություններ՝ հայկական բանակում կորոնավիրուսի տարածման մասին։

Այսօր մի շարք օգտահաշիվներ կրկին հարձակման են են ենթարկվել։ Նաիրա Գրիգորյան անունով օգտատիրոջ էջում փոխել են նրա գլխավոր լուսանկարը` տեղադրելով ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի լուսանկարը և տեղեկություն տարածել, թե ՀՀ զորամասերից մեկում ծառայողի, իր բարեկամին և նրա 13 զինակիցներին, որոնց հետ կոնտակտ է ունեցել,  տեղափոխել են հիվանդանոց: Ըստ տեղեկության՝  ծառայողի բարեկամը զորամասում տարածել է կորոնավիրուս՝ փոխանցելով այն մինչև անգամ խրամատներում գտնվող զինակիցներին:

Այս նույն գրառումը հրապարակվել և տարածվել է խմբերում Արմեն Մովսիսյանի պաշտոնական էջով, ինչպես նաև մեկ այլ օգտատիրոջ՝ Արթուր Դարբինյանի անձնական էջով։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ տարածվող  տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

Դեռ 2019 թվականին գրել էինք, որ  երգիչ Արմեն Մովսիսյանի պաշտոնական էջը ենթարկվել է ադրբեջանական հաքերների կողմից հարձակման և այլևս չի տնօրինվում նրա կողմից։

Էջում առկա Info and Ads-ում կարող ենք տեսնել, որ այն կառավարվում է Ադրբեջանից։

Բացի այս գրառումից` էջում հրապարակվել են մի շարք այլ կեղծ տեղեկություններ, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսում գտնվող զորամասերից մեկում 19-ամյա զինվորի մահվան մասին։