«Հայաստանն իրական բանակից զրկելու հանձնարարություն կա, և Փաշինյանը հլու-հնազանդ կատարում է այն»․ Վարուժան Ավետիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ զինված ուժերի գնդապետ, «Ազգային- ժողովրդավարական բևեռի» խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը

– Պարո՛ն Ավետիսյան, պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 25-ից մեկնարկում են եռամսյա վարժական հավաքներ։ Կարծում եք լայնամասշտաբ պատերազմի վտանգի առջև՞ ենք կանգնած, և այդ նպատակո՞վ են այս վարժանքները կազմակերպվում։

– Այս պահին լայնածավալ պատերազմի վտանգ չկա, բայց լոկալ բախումների վտանգ, անշուշտ, կա, և, ըստ էության, դրանց ականատես ենք լինում։ Մյուս պատճառը քաղաքական է։ Տեսնում եք՝ Ռուսաստանը մեր պաշտպանության նախարարի աթոռակալի բերանով որոշակի ուղերձներ է հղում Ադրբեջանին, որ եթե մեր համատեղ պլանով նախատեսված քո պարտականությունները դու չկատարես, այսինքն՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ կազմ չմտնես, ապա ես հայերի ձեռքով կվնասեմ։

Զորավարժանքները կարելի է դիտարկել այս երկու համատեքստում, իհարկե, կարող են լինել էլի պատճառներ, բայց դրանք ավելի փոքր են, սակայն ամեն ինչից անկախ՝ նման զորավարժությունների կարիքը կա, սակայն, ցավոք սրտի, դրանք իմիտացիոն բնույթ են ունենալու, որևէ լուրջ բան իրենցից չի ներկայացնելու։ Տեսանելի է նաև, որ, ըստ էության, շփման գծի որոշակի հատվածներում մարդուժի բաց կա, և այդ զորավարժությունների միջոցով նաև այդ բացն են փորձում լրացնել։

– Գործող իշխանությունն իր առաջ խնդիր է դրել, ինչպես իրենք են ասում, արմատական փոփոխություններ կատարել բանակում, ու ըստ այդմ նախատեսում են, որ սահմանները կհսկեն ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ բանակը կզբաղվի ռազմական գործով։ Ի՞նչ կտա այս փոփոխությունը, ինչպե՞ս եք գնահատում։

– Նախ պետք է հասկանալ «պահպանություն» ու «պաշտպանություն» բառերի իմաստային տարբերությունները։ Իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարն իր խոսքում օգտագործում է «պահպանել» բառը, իսկ դա նշանակում է, որ արդեն կա փոխադարձ ճանաչված սահման, և սահմանապահներն ընդամենը հսկում են սահմանները, պաշտպանության խնդիր չեն լուծելու այդ սահմանապահ զորքերը։

Եթե մեր սահմաններին նույն իրավիճակն է, ինչպիսին հայ-վրացականն է, ապա, այո՛, այսօրվա սահմանապահ զորքը կարող է հսկել, բայց այստեղից հարց է առաջանում, որ, փաստորեն, նրանք նախատեսում են Սովետական Հայաստանի սահմաններն ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել և, փաստորեն, խաչ քաշել հայկական պետականության և հայ ազգի ապագայի վրա։

Սա դավաճանություն է, և Նիկոլ Փաշինյանն ասում է, որ անելու է այդ դավաճանությունը՝ այն ներկայացնելով որպես ազգային շահերից բխող գործունեություն։ Հետևաբար, նրանք հենց սա նկատի ունեն, որովհետև այդ սահմանապահ զորքերը չեն կարող սահմանը պաշտպանել, քանի որ չունեն համապատասխան միջոցներ։

– Պարո՛ն Ավետիսյան, այդ նպատակից ելնելո՞վ են նաև ռուս սահմանապահ ուժերի քանակն ավելացնում ՀՀ պետական սահմանին։

– Ոչ միայն, բայց նաև դրա համար։ Ռուսների ներկայությունն ամեն տեղ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նշան է, ու նաև ռուսներն այդտեղ են, որպեսզի մեզ պարտադրեն այդ դավաճանությունը։

Պետք է նկատի ունենալ նաև, որ որքան էլ մեր բանակը հետզհետե ընկնում է ռուսական ուղիղ կառավարման տակ, այնուամենայնիվ, բանակն ԱԱԾ չէ, եթե ԱԱԾ-ն ռուսական հատուկ ծառայությունների գավառական ստորաբաժանում է, որտեղ հայկական ոչինչ չկա և ամբողջովին հակահայ կառույց է, ապա բանակի մասին նույնը չենք կարող ասել։

Բանակը, այո՛, ենթակայական վիճակում է, բայց հակահայ չէ և ինչքան հնարավորություն ունի՝ պաշտպանում է մեր հայրենիքը։ Բանակը սահմանից հեռացնելն ու ԱԱԾ-ին, որը նույն է, թե ռուսական ՖՍԲ-ին սահմանը տալ, նշանակում է Հայաստանին զրկել պաշտպանվելու հնարավորությունից։

– Իշխանությունը դեռ հստակ չի ասում, թե որքան, բայց պատրաստվում են կրճատել նաև պարտադիր զինծառայության ժամկետը ու նաև կանանց ակտիվ ներգրավվածություն ապահովել բանակում։ Նման որոշումն ընդունելի՞ է ձեր կողմից։

– Հայաստանն իրական բանակից զրկելու հանձնարարություն կա Մոսկվայից, որը ռուս-թուրքական պայմանավորվածությունների շրջանակում է, և Փաշինյանը հլու-հնազանդ կատարում է այդ հանձնարարությունը։

Մենք պետք է հասկանանք, որ իրենք դրական լույսով են ներկայացնում այն, թե պայմանագրային զինծառայողներին փոխարինում են այնպիսի մարդկանցով, որոնք մշտապես բանակում կլինեն, դա անհեթեթություն է։

Մենք չունենք այդպիսի ռեսուրսներ, որ վարձու բանակ պահենք, և մեզ պաշտպանելու մեր միակ հնարավորությունը ազգ-բանակի վերածվելն է, որը պետք է ներառի հետևյալ երեք տարբերակը՝ պրոֆեսիոնալ կորիզային կազմ, ժամկետային ծառայություն՝ որպես մարտական պատրաստության գործընթաց՝ և՛ դասընթաց, և՛ համընդհանուր աշխարհազորային համակարգ, ու շվեյցարականի նման, գումարած՝ Իսրայելի ակտիվ ռեզերվի բաղադրիչն ու նաև կանանց ներգրավումն ու ժողովրդի համատարած զինումը։ Բոլորն անխտիր տանը պետք է զենք ունենան։

Սա է ազգ-բանակի մոդելը մեզ համար։ Մենք այսպիսի մարտահրավեր պետք է հաղթահարենք, իսկ այս մարդիկ ուղղակի ուզում են փոքրաքանակ վարձու բանակ պահել, նաև պոպուլիստական քայլ են կատարում հասարակության, ցավոք սրտի, մեծ շերտ կազմող անհասկացողների համար, որ ձեր զավակները ավելի կարճ ժամանակով կծառայեն՝ փորձելով այդկերպ հարցեր լուծել։ Բայց, կրկնում եմ՝ խորքում հայկական բանակը վերացնելու ռուս-թուրքական հանձնարարությունն է, այս մարդիկ դա են անում։

– ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում նախատեսվում է ստեղծել անօդաչու թռչող սարքերի վարչություն։ Այս առնչությամբ ի՞նչ կասեք, պարո՛ն Ավետիսյան։

– Այդ երևույթը շատ ցուցանիշային է, կարծես հնամաշ, էժանագին, քրքրված հագուստի վրա մետաքսի կարկատան դնես։ Հենց դրան է նման այն, ինչ սրանք են անում։ Ավիացիայի վարչության մի մասն առանձնացնում են և ԱԹՍ-ների վարչություն են ստեղծում։

Մեր բանակի հատկապես կառավարման համակարգը հին, իր դարն ապրած սովետա-ռուսական գավառական մոդելի համակարգ է և ավելի անտրամաբանական հավաքածու է դարձել հետխորհրդային ժամանակում։

Եվ ահա այդ փտած, մեռած համակարգի մեջ ինչ-որ մի կառույց են ստեղծում, փոխանակ միավորեն այդ անհեթեթ ստորաբաժանումները և գեներալներ չբազմացնեն՝ իրենց քարտուղարուհիներով, օգնականներով և այլ սպասարկող թափթփուկներով։ Ստեղծում են այդ վարչությունը որ ի՞նչ անի, ինչո՞վ զբաղվի։

Եթե ռազմական, պաշտպանական արդյունաբերություն չկա, եթե ընդհանրապես պետությունը որևէ բանի մասին լուրջ պատկերացում չունի, ի՞նչ պետք է անի այդ վարչությունը։

– Պարո՛ն Ավետիսյան, փաստորեն, կարծում եք, որ բանակում նախատեսվող այս ու այլ փոփոխությունները միտված են, ինչպես ասացիք, հայկական բանակի կազմաքանդմա՞նը։

– Նորի մեջ փաթեթավորված՝ եղածի կազմալուծում, ուժազրկում, իմաստազրկում։ Կարող է արտաքինից մի քիչ ավելի փայլուն լինել, բայց բովանդակությունը հետզհետե բովանդազրկվում է։

Սա օրինաչափ է, որովհետև պետությունն է այդ վիճակում, այն արդեն համարյա վերացել է, բնական է, եթե չկա պետություն՝ բանակ էլ չի լինի։ Մենք տեսնում ենք ամբողջությամբ վերադարձ դեպի սովետիզմ՝ տեսնում ենք Փաշինյանի նկարները՝ կախված աշխատասենյակներում, Անվտանգության խորհուրդ կոչվող քաղբյուրոյի անդամների շարվեշարան դիմավորումը Փաշինյանին օդանավակայանում։

Այս խղճուկ, ողորմելի դավաճանները ուղիղ ձևով մեզ դեպի անդունդ են տանում։

Ժամ առաջ պետք է ստեղծենք ազգային կառավարություն՝ այս վիճակից դուրս գալու համար։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am