Իշխանությունները գերջանքեր են գործադրում հնարավորինս մեղմելու ներքին ու արտաքին ռիսկերն ու մարտահրավերները. Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, որքանո՞վ եք հավանական համարում ադրբեջանական հարձակումը Տավուշի մարզի չորս գյուղը չվերադարձնելու պարագայում։ Զինված հակամարտության վերսկսման կոնսենսուս կա՞, որ Ադրբեջանը գնա այդ քայլին։ 

– Առանց այդ հատվածում ադրբեջանական կողմի հետ համատեղ իրականացված սահմանազատման ու սահմանագծման պաշտոնական գործընթացի իրականացման՝ Բաքվի նախաձեռնած ցանկացած ռազմագործողություն կդիտարկվի որպես զինված ագրեսիա Հայաստանի նկատմամբ։ 

Հայաստանի վարչապետն ու իր քաղաքական թիմը հրապարակավ ընդունում են Ոսկեպարի շրջակա ինչ-ինչ տարածքների ադրբեջանապատկան լինելը, բայց նաև հայապատկան տարածքների կարգավիճակը պետք է ֆիքսվի երկկողմ պայմանավորվածությունների շրջանակում։ Առայժմ տեսնում ենք, որ հայկական կողմը պատրաստ է, իսկ ադրբեջանականը՝ ձայն չի հանում։

– Հայաստանի իշխանությունն ուզում է ստեղծել այնպիսի միջավայր, որ Հայաստանն այլևս զինված հակամարտության մասնակից չդառնա, չենթարկվի հարձակման, ի՞նչ գնով է նման բան հնարավոր անել։

– Որպեսզի Հայաստանն այլևս երբևէ հարձակումների չենթարկվի, այն պետք է ուղղակի անէանա, գոյություն չունենա։ Այլ հարց է, թե արդյոք հնարավո՞ր է նվազեցնել պատերազմածին գործոնների քանակը, իսկ հնարավոր հարձակմանն այնպես դիմագրավել, որ թեկուզ կորուստների գնով պահպանել մեր պետական տարածքն ու ապահովել ժողովրդի կյանքն ու զարգացումը։ Սա մեր դեպքում մտավոր-մասնագիտական ու ֆինանսատնտեսական ողջ ներուժի ամբողջական ներգրավում պահանջող խնդիր է, որը նաև որակյալ ու արդյունավետ կառավարում է պահանջում։ Ներկայումս, կարծում եմ, մենք սա չունենք։

– Պարո՛ն Մելիքյան, ի վերջո, ինչպե՞ս է հանգուցալուծվելու Տավուշի շուրջ ստեղծված այս իրավիճակը, Հայաստանի իշխանության քայլերից ի՞նչ եզրահանգումներ եք անում այս մասով։

– Հավանաբար Հայաստանի իշխանությունը կձգտի իր կողմից ադրբեջանապատկան ճանաչվող տարածքները հանձնել Ադրբեջանին և այդկերպ կորզել տվյալ հատվածում հայ-ադրբեջանական սահմանի գիծը նաև Բաքվի կողմից պաշտոնապես ճանաչելու համաձայնությունը։ Սա էլ, իր հերթին, սկիզբ կդնի սահմանի գծի այլ հատվածների փոխհամաձայնեցման գործընթացին։ Այս մոտեցումը Հայաստանի գործող իշխանությունների կողմից, հավանաբար, որպես քաղաքական փրկoղակ է դիտարկվում, մինչդեռ, կարծես թե, իրավիճակն ավելի բարդ է ու չի սահմանափակվում Հայաստան-Ադրբեջան մակարդակում առկա հակասությունների հարթման խնդրով։

– Համակարծի՞ք եք հնչող տեսակետին, որ գործող իշխանությունը որդեգրել է ադրբեջանական պահանջները կատարելու քաղաքականություն։

– Գործող իշխանությունները միանգամայն հստակ ձևակերպել են սեփական մոտեցումը՝ ասում են, որ Խորհրդային Հայաստանի սահմաններից դուրս հայոց պետականություն գոյություն չունի։ Այս մոտեցումը չի կարող չողջունվել Բաքվի և Անկարայի կողմից, բայց նաև չեմ կարծում, որ այն որդեգրվել է հատկապես նրանց հաճոյանալու նպատակով։ 

Մեր իշխանությունների ընտրած այս քաղաքական պահվածքն արտացոլում է հայաստանյան կառավարման համակարգի, իշխանական և, առհասարակ, քաղաքական վերնախավի ներկայիս պոտենցիալը՝ սա արտաքին միջավայրի հետ հարաբերություններում մեր ունեցած թույլ դիրքերի առարկայական դրսևորումն է։

– Ադրբեջանի տարաբնույթ պահանջներին ի պատասխան՝ հայկական կողմը չի՞ կարող ևս որոշակի պահանջներ ներկայացնել ադրբեջանական կողմին։

– Հայաստանի իշխանությունների համար ավելի հեշտ ու մատչելի է սեփական քաղաքացիների հանդեպ ճնշումներ բանեցնել, նրանց հետ խոսել սպառնալիքների լեզվով և այդ միջոցով ապահովել իրենց տեսանկյունից անհրաժեշտ գործողությունների իրականացումը՝ առանց հավելյալ ռիսկերի ու բարդությունների։

– Կարելի՞ է խոսել սահմանազատման ու սահմանագծման գործնական փուլի անցնելու մասին, ինչպես հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, այն պարագայում, երբ կողմերը համաձայնության չեն եկել որևէ քարտեզի շուրջ։

– Սահմանազատման ու սահմանագծման գործնական փուլին անցնելը, հավանաբար, վարչապետ Փաշինյանի կողմից սահմանված առաջնահերթ նպատակն է, և ներկա իրադարձությունները դրա իրականացման նախապատրաստական փուլ կարելի է որակել։

– Իրականում ինչի՞ ականատեսն ենք հիմա, պարո՛ն Մելիքյան։

– Հայաստանի իշխանությունները գերջանքեր են գործադրում հնարավորինս մեղմելու ներքին ու արտաքին ճակատներում առկա և առաջացող ռիսկերն ու մարտահրավերները։ Այդուհանդերձ լարվածության նվազման միտումներ դեռ չեն նկատվում ո՛չ ներսում, ո՛չ դրսում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am