Շնորհավորում եմ ինքնիշխան եւ ժողովրդավարական Հայաստանի ազատ քաղաքացու ամենանվիրական տոներից մեկը․ Վահե Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Հարգելի քաղաքացիներ,

Հայաստանի Անկախության տոնը Սահմանադրությամբ ամրագրված Հայաստանի ինքնիշխանության սահմանադրական նպատակի եւ արժեքի ամենամյա հիշեցումն ու դրա նկատմամբ հավատարմության վերահաստատումն է պետական մակարդակով։

Մեր Հանրապետության ինքնիշխանությունն ու անկախությունը, որպես նույն երեւույթի, համապատասխանաբար, բաղձալի նպատակ եւ իրողություն, ինքնաստեղծ եւ ինքնապատակ չեն։

Անկախությունը հիմնվում է Հայաստանի ժողովրդավարական սուվերենության վրա, որն էլ իր հերթին սնուցվում է քաղաքացու իրավունքների եւ ազատությունների աստիճանից եւ նրա՝ իր Հանրապետության պետական շահի նկատմամբ տիրական վերաբերմունքի ընկալումից. որքան ազատ եւ միաժամանակ նախանձախնդիր է այլոց իրավունքների եւ հանրային շահի նկատմամբ Հայաստանում մարդը, այնքան ինքնիշխան եւ անկախ է Հայաստանը:

Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, լինելով «քաղաքացու ազատություն-ժողովրդավարություն-ինքիշխանություն» եռատարր շղթայում որպես վերջնարդյունք, միաժամանակ, նույն շղթայի տեւական եւ անխափան գործունեության գլխավոր երաշխիքներից է։

Այս շղթայի որեւէ օղակի ձախողումը կործանարար է մյուսների համար։

Ապա եւ շնորհավորում եմ ինքնիշխան եւ ժողովրդավարական Հայաստանի ազատ քաղաքացու ամենանվիրական տոներից մեկը՝ Հայաստանի Անկախության տոնը»։