Վրաստանում նույնպես նախկինները փորձում են վերադառնալ իշխանության. վրացագետը՝ Վրաստանի վարչապետի հրաժարականի պատճառների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է վրացագետ Ջոնի Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, Վրաստանի վարչապետն այսօր հրաժարական է տվել: Ի՞նչ իրավիճակ է այդ երկրում, արդյո՞ք դա քաղաքական ճգնաժամի հետևանք էր:

– Վրաստանում ներքաղաքական ճգնաժամ է, այդ երկիրը պարբերաբար է նման իրավիճակում հայտնվում: Վերջին շրջանում այդ երկրում ակտիվ բողոքի ցույցեր էին անցկացվում, ինչին հաջորդեցին խորհրդարանական ընտրությունները, այնուհետև՝ հետընտրական բողոքի ակցիաներ:

Ընդդիմությունը պահանջում էր, որ նոր՝ 100-տոկոսանոց ընտրակարգով խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, ինչը չեղավ: Արդյունքում ընդդիմությունը հայտարարեց, որ խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, բոյկոտում էր 10-րդ գումարման նոր խորհրդարանի աշխատանքները: 

Իրականում նման ընթացքի պատճառն այն էր, որ Սաակաշվիլիի կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային դատախազությունը կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան, և դատարանը երեկ որոշեց կալանավորել Մելիային:

Այդ ամենը բերեց նրան, որ ընդդիմությունը միացավ Մելիայի պաշտպանությանը: Իսկ Նիկա Մելիան մեղադրվում էր խորհրդարանի շենքի գրավումը կազմակերպելու համար: 

Ըստ ամենայնի, այդ գործընթացները նաև որոշակի դժգոհություններ են առաջացրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերում, քանի որ նախկին վարչապետ Գիորգի Գախարիան ավելի մեղմ քայլերի կողմնակից էր, իսկ այդ կուսակցության մեծամասնությունը կոչ է արել ավելի կոշտ քայլեր կիրառել: Իմ կարծիքով՝ այդ տարաձայնությունների համատեքստում Գախարիան որոշել է հրաժարական տալ: 

Բայց պետք է նկատել, որ Գիորգի Գախարիայի նկատմամբ ընդդիմության ագրեսիվ վերաբերմունքը խոր արմատներ ունի. երբ նա 2018-ին ներքին գործերի նախարար էր, և 2018-2019 թվականներին ընդդիմության բողոքի ցույցերը ցրելու հրահանգ էր տրվում, ինչի հետևանքով մարդիկ նաև վիրավորում էին ստանում: 

Այդ ամենը կուտակվեց, կուտակվեց, և նրա հրաժարականը վերջին կաթիլն էր: Կարծում եմ՝ նա մտածեց, որ եթե իր անձի հեռանալը կարող է թուլացնել լարվածությունը, ապա պետք է հեռանալ:

– Իր հրաժարականի տեքստում վարչապետը բևեռացման մասին էր խոսում, այս իրավիճա՞կը նկատի ուներ:

– Այո՛, ներքաղաքական բևեռացման մասին է խոսքը, քանի որ իր անձի նկատմամբ այս տարիների ընթացքում բավականին կոշտ հայտարարություններ են արվում, բողոքի ակցիաներ են անցկացվում:

Նույնիսկ երբ նա վարչապետ նշանակվեց, անընդհատ քննադատում էին իշխանություններին՝ այն անձը, որը մեղավոր է ընդդիմության դեմ ռեպրեսիաների կիրառման հարցում, չպետք է նշանակվեր վարչապետի պաշտոնում:

Հետևաբար նա իր հայտարարության մեջ այդպես ասելով նկատի ուներ՝ գուցե իր մե՞ջ է խնդիրը, և իր գնալը կարո՞ղ է լիցքաթափել ներքաղաքական լարված իրավիճակը:

Ի՞նչ զարգացումներ է հնարավոր սպասել:

– Իմ կարծիքով` այս հրաժարականից ընդդիմությունը ավելի է ոգևորվելու և կարծես արդեն ոգևորվել է: Իրենք արդեն հստակ խոսում են, որ կարող են բանակցել իշխանությունների հետ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:

Իսկ դա ցույց է տալիս, որ նախանշված ծրագրից չեն հրաժարվելու, և իշխանություններն էլ, ով էլ լինի վարչապետը, փորձելու են կոշտ, հստակ քայլերով ներքաղաքական զարգացումները բերել կայուն իրավիճակի:

Սակայն չեմ կարծում, որ ունենալով նման ընդդիմախոսներ՝ իշխանությունները կարող են ակնկալել, որ կայուն իրավիճակ կլինի. արդեն իսկ Սաակաշվիլին ու իր թիմակիցները հայտարարել են, որ ձմռան ավարտին քաղաքական թեժ շրջան է սպասվում:

– Որքանո՞վ է Սաակաշվիլիի մատը խառը այս ամենին:

– Նա, չլինելով կուսակցության նախագահ, բայց դե ֆակտո լինելով այդ կուսակցության լիդեր, բավական ակտիվ մասնակցում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկուսակցական պրոցեսներին: Կուսակցության նախագահի պաշտոնում Նիկա Մելիայի թեկնածությունը առաջ քաշողը նա է եղել, և Նիկա Մելիան այդ կուսակցություն եկավ իր թիմի հետ, և այդպիսով ռեբրենդինգ է իրականացվում:

Նրանց մոտ էլ նախկինները փորձում են վերադառնալ իշխանության: Կարող ենք ասել, որ Սաակաշվիլին բավական ակտիվ մտել է իր դերի մեջ, բողոքի ակցիաներ ու տարբեր քայլեր է նախապատրաստում, իրականացնում հեռավար:

– Իսկ Վրաստանում նախկինները իշխանության վերադառնալու շանսեր ունե՞ն:

– Դժվար է պատկերացնել, որովհետև, ճիշտ է՝ Վրաստանում մարդկանց շրջանում կան դժգոհություններ, բայց այդ դժգոհությունը բավարար չէ, որ Սաակաշվիլիի կուսակցությունը կամ նրան սատարող ուժերը ստանան բնակչության քվեն:

Այս իրավիճակում կարիք կար, որ այս ընտրություններում լիներ այդ երրորդ ուժը, բայց այդպես չեղավ: Իհարկե կային նոր քաղաքական ուժեր, բայց դրանք քվե չստացան, և ընտրությունները կայացան հին տրամաբանության մեջ՝ պայքարը գնաց Իվանիշվիլիի ու Սաակաշվիլիի միջև, որն ավարտվեց Իվանիշվիլու հաղթանակով:

Չնայած Իվանիշվիլին վերջերս հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին, բայց նա իր ձեռքին, կարծում եմ, դեռ ունի լծակներ, և Գախարիան վարչապետի պաշտոնում շարունակեց մնալ հենց նրա հորդորով: Բայց, ինչպես տեսնում ենք՝ Գախարիան չդիմացավ ու ինքն էլ հեռացավ:

– Կա՞ն քննարկումներ, ովքե՞ր են վարչապետի թեկնածուները: 

– Երկու թեկնածուների մասին է խոսվում, և նրանք երկուսն էլ կին են՝ մեկը առաջին փոխվարչապետ Մայա Ցիցիշվիլին և մյուսը արդարադատության նախկին նախարար Թիա Ծուլուլուկիանին:

Վերջինն ութ տարի մինչև խորհրդարանական ընտրությունները զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը և շատ կոշտ քաղաքական գործիչ է: Բայց շատ դժվար է կանխատեսել:

Ով էլ լինի, պետք է կոնսենսուսային դեմք լինի և ունենա մենեջերի լավ կարողություններ, քանի որ բարդ իրավիճակից պետք է կարողանա դուրս բերել իշխող թիմին: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am