Իրավական առումով՝ Ադրբեջանն իրավունք չունի պահանջելու «անկլավներ». դրանց վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չկա. Քարտեզագիր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քարտեզագիր Շահեն Շահինյանը

– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, թե «ադրբեջանական» 8 գյուղ դեռ գտնվում է Հայաստանի «օկուպացիայի» տակ, ու ընդգծել դրանք «ազատագրելու» կարևորությունը։ Պարո՛ն Շահինյան, ո՞ր գյուղերի մասին է խոսքը: 

– Խոսքը մեկ գյուղի մասին է, որը գտնվում է Տիգրանաշեն նախկին «անկլավում», երեք գյուղ, որոնք գտնվում են ընդհանուր Տավուշի մարզի երկու մեծ «անկլավներում»: Այդ «անկլավներից» մեկում երկու նախկին գյուղ է եղել, մյուսում՝ մեկ, գյուղ կոչվածն էլ եղել է բնակատեղի, օրինակ՝ Վերին Ոսկեպարը մշտական բնակատեղի չի հանդիսացել, անասնապահների համար եղել է քոչատեղի: Ընդհանրապես, այս բոլոր «անկլավային» տարածքներում մեծ բնակչություն չի եղել:

Մյուս չորս գյուղը, որոնց մասին խոսվում է, Տավուշի մարզի սահմանին հարակից բնակատեղիներ են եղել, որոնք 90-ականների մարտերի ընթացքում դարձել են կա՛մ չեզոք գոտի, կա՛մ անցել են հայկական վերահսկողության տակ:

Եղել է նաև հակառակը, որ հայկական հողերն անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, օրինակ՝ կա ջրամբար Տավուշի մարզում, որ պետք է լիներ ամբողջությամբ հայկական վերահսկողության տակ, բայց հիմա կիսված է՝ կեսը ադրբեջանական է, կեսը՝ հայկական: Կարծեմ Բերքաբերի հողերից բավականին խոշոր տարածքներ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, Տավուշի մարզում կա ռազմավարական բարձունք, որը գտնվում է ադրբեջանական հսկողության տակ, բայց դա հայկական տարածք է: 

Այդ չորս գյուղերը, որոնց մասին խոսվում է, հիմնականում գտնվում են սահմանային գոտում, ու այնտեղ մարդ չի բնակվում, քանի որ այնտեղ միջդիրքային տարածություն է, այսինքն՝ այնտեղ հնարավոր չէ, որ մարդ ապրի: Երբ խոսում են ութ գյուղի մասին, պետք է իմանալ, որ ութից չորսը «անկլավներ» են, որոնք իրավական որևէ հիմք չունեն, իսկ մյուս չորսը՝ սահմանային գոտում են:

– Այսինքն՝ Ադրբեջանը, ըստ էության, ո՛չ այն չորսը պահանջելու իրավունք ունի, ո՛չ էլ մյուս չո՞րսը:

– Իրավական առումով՝ Ադրբեջանն իրավունք չունի պահանջելու «անկլավներ», որովհետև դրանց վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չկա, ոչ մի ստորագրված, հրապարակված, իրավական ուժ ունեցող թուղթ չկա: Իսկ եթե խոսքը սահմանամերձ բնակավայրերի մասին է, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, ապա պետք է հասկանանք, որ եթե հարցին այդ դիտանկյունից են նայում, ապա Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվում են 2-3 անգամ ավելի տարածքներ, որոնք զավթվել են ինչպես 90-ականներին, այնպես էլ 2020-23 թվականների ընթացքում:

Մենք նմանատիպ տարածքներ ունենք Վերին Շորժայի, Ջերմուկի, Մեծ Իշխանասարի, Ներքին Հանդի հատվածներում, նաև Նախիջևանի հատվածում, որոնք ևս զբաղեցված են Ադրբեջանի կողմից: 

Այս դեպքում պետք է արդեն փոխադարձ փոխանակում գնա, ու, հաշվի առնելով, որ Ադրբեջանի զավթած տարածքներն ավելի շատ են, քան Հայաստանի վերահսկողության տակ գտնվողները, ապա պետք է մշակվի հստակ մեխանիզմ, թե ինչպես են դրանք փոխանակվում կամ վերադարձվում: 

Շատ կարևոր է հասկանալ, որ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները կենսական նշանակություն ունեն հայկական սահմանամերձ բնակավայրերի ու կապուղիների համար: Նոյեմբերյան-Վրաստանի սահման միջպետական Մ 16 ճանապարհի մի հատված անցնում է հենց ուղիղ սահմանով կամ սահմանին շատ մոտիկ, ու 90-ականներին մեր զինված ուժերը տեսել են, որ եթե այդ տարածքը մնա Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա այդ ճանապարհը հնարավոր չի լինի օգտագործել, քանի որ Ադրբեջանն անընդհատ կրակելու է այդ ուղղությամբ, ու ստիպված են եղել այդ տարածքում վերահսկողություն սահմանել: 

– Հիմա եթե այդ պայմաններով, այսինքն՝ «անկլավների» վերադարձ, կնքվում է այսպես կոչված խաղաղության պայմանագիր, Հայաստանն ի՞նչ անվտանգային ռիսկերի առաջ է կանգնելու:

– Մենք ունենալու ենք տրանսպորտային խոշոր խնդիրներ, Տիգրանաշենի հատվածում հայկական Մ 2 միջպետական մայրուղին անցնում է այդ տարածքով, մյուսը՝ Տավուշի մարզում՝ Մ 16 ճանապարհի մի հատվածը: Բացի այդ, իրենք արդեն բավականին մոտենում են մեր բնակավայրերին և կարող են ռազմական ուժեր տեղակայել: 

Շատ կարևոր է նաև հասկանալ, որ եթե «անկլավները» փոխանցվեն նրանց, իրենք ինչ-որ ձևով պետք է մուտք ունենան այդ տարածք, այսինքն՝ կա՛մ պահանջելու են մինի միջանցքներ, որ կարողանան հասնել այդ տարածքներ, որն ինքնին հայկական տարածքի զավթում է, կա՛մ օդային ճանապարհը պետք է կիրառեն, ինչը շատ թանկ է ու դժվար, եթե իրենք դա անեն: 

Այն «անկլավները», որոնք պահանջում է Ադրբեջանը, Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն, իսկ, օրինակ՝ հայկական անկլավը՝ Արծվաշենը, որի մասին, չգիտես ինչու, չի էլ խոսվում, չունի ռազմավարական նշանակություն: 

– Պարո՛ն Շահինյան, եթե այդ տարածքներն ունեն ռազմավարական նշանակություն, ապա, ըստ ձեզ, ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը դրանք հանձնելու պատրաստակամություն հայտնում:

– Այդ մասին թող խոսի այն մարդը, որը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անձամբ ինձ համար Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք հարցականի տակ չի դրել, ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ներառում այդ հայտարարված թիվը: 

Այն ներառում է իր մեջ առավելագույնը այն տարածքը, որով Ադրբեջանը դուրս է եկել Խորհրդային Միության կազմից, իսկ նա դուրս է եկել Դեմոկրատական Ադրբեջանի սահմաններով, ու մինչև իր դուրս գալը Խորհրդային Միությունից արդեն իսկ դուրս էր եկել ԼՂՀ-ն, որի նկատմամբ Ադրբեջանը որևէ իրավական հիմք չունի: 

Որքան մենք միակողմանի զիջումների գնանք, այնքան մեր ռիսկերը շատանալու են: Զիջումները պետք է փոխադարձ լինեն, բայց Ադրբեջանը հրաժարվեց Գրանադա գնալուց, իսկ հայկական կողմը նորից հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդպես չի լինում, Ադրբեջանն այս կերպ հստակ ագրեսիայի տեղ է բացում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am