«Փաշինյանն Արցախի հարցով փորձում է փարատել այն բոլոր կասկածները, որոնց մի մասն օբյեկտիվ է, մյուս մասը՝ անազնիվ ու սուբյեկտիվ». քաղաքագետ

«Փաշինյանն Արցախի հարցով փորձում է փարատել այն բոլոր կասկածները, որոնց մի մասն օբյեկտիվ է, մյուս մասը՝ անազնիվ ու սուբյեկտիվ». քաղաքագետ
«Փաշինյանն Արցախի հարցով փորձում է փարատել այն բոլոր կասկածները, որոնց մի մասն օբյեկտիվ է, մյուս մասը՝ անազնիվ ու սուբյեկտիվ». քաղաքագետ

Արցախի հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացը վերականգնելու ուղղությամբ ջանքեր են գործադրվում, դրանից այն կողմ առայժմ ոչինչ տեսանելի չէ: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով այս փուլում փորձում է փարատել հարցի վերաբերյալ հասարակության կասկածները:

Նշենք, որ վերջին շրջանում ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ Հայաստանի իշխանությունները տարածքներ զիջելու պատրաստակամություն ունեն: Հարցին օրերս արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք չենք կարող քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը»,- ասել էր Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր Հայաստանի կառավարությունն Արցախի հարցում վարում է մի քաղաքականություն, որը նախկինում ոչ մի կառավարություն չի վարել:

«Նիկոլ Փաշինանն ուղղակի փորձում է փարատել այն բոլոր կասկածները, որոնց մի մասն օբյեկտիվ է, մյուս մասը՝ անազնիվ ու սուբյեկտիվ»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ իրականում հարցի վերաբերյալ օբյեկտիվ և սուբյեկտիվ մտահոգություններ կան: «Օբյեկտիվն այն է, որ նոր պրոցես է սկսվում, և մարդիկ՝ սկսած փորձագետներից մինչև հանրություն, ուզում են հասկանալ, թե ինչ է քննարկվում: Թերևս հասարակության աչքը վախեցած է նախկին շրջափուլերից, երբ հայտնաբերվեց, որ իշխանություններն անթույլատրելի բաներ են քննարկում»,- նշում է Սաֆարյանը:

Սուբյեկտիվ գործոնը, նրա խոսքով, այն է, որ միտումնավոր պղտորվում է մթնոլորտը, անվստահության մթնոլորտ է ստեղծվում, կասկածներ են հնչում, բաներ են վերագրվում վարչապետին, որոնք նրան ստիպում են ուղղակի բարձրաձայնել այն մասին, թե ինչ են խոսում կուլիսների հետևում: «Եվ այս կտրվածքով արդեն մի քանի բան հայկական կողմը հստակ հնչեցրել է: Մեկն այն է, որ իրենք առաջնահերթ են համարում Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցը, երկրորդ՝ իրենք չեն պատրաստվում բանակցել Արցախի փոխարեն:

Եվ նաև եղավ վերջին հայտարարությունը վարչապետի կողմից, որ իրենք չեն քննարկում «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը»,- ասում է նա: Սաֆարյանը հիշեցնում է, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը հայտնի է եղել և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում, և՛ նաև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին հինգ տարիներին՝ որպես ընթացող բանակցությունների հենք:

Անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությանը, թե «Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է ձեռնարկել, բայց մյուս կողմն էլ պետք է պատրաստակամ լինի», Սաֆարյանն ասում է, որ այդ հայտարարությամբ Գերմանիան քաջալերում է գործընթացի խաղաղ լուծմանն ուղղված հայկական կողմի դիրքորոշումը: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Հենց այս դիրքորոշումն էլ Անգելա Մերկելը խիզախություն է որակել:

Սաֆարյանն ասում է, որ Գերմանիան հետաքրքրված է գործընթացներով:

«Ընդհանուր առմամբ, եթե հիշում եք, դեռևս ամռանը, երբ Գերմանիայի կանցլերը այցելեց Հայաստան, այն ժամանակ էլ Գերմանիան մեծ հետաքրքրություն ցուցաբերեց տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման և այլնի կապակցությամբ, պատրաստակամություն հայտնեց օգտակար լինել և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում: Բնականաբար, այժմ, երբ տևական ընդմիջումից հետո երկու կողմերն առնվազն վերականգնում են հաղորդակցման ուղիները, կոմունիկացիան և փորձում են քննարկել նոր գործընթաց սկսելու դետալներ, բնականաբար, հասկանալի է, որ եվրոպական այդ երկիրը չի կարող անտարբեր լինել»,- նկատում է Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝մանավանդ որ Գերմանիայի կանցլերի այցը տարածաշրջան ցույց տվեց, որ այդ երկիրը նաև տարածաշրջանային քաղաքականության ամբիցիաներ, նաև հետաքրքրություններ ունի և չի կարող անտեսել կայունության, խաղաղության, հակամարտության կարգավորման և այլ հարցեր:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am